Monday, June 14, 2010

Վարդան Օսկանյանը չի դառնա «Ժառանգության» ղեկավար

Теrt.am, 14.06.10: Վարդան Օսկանյանը չի դառնա «Ժառանգություն» կուսակցության ղեկավար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ու համանուն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին։ Теrt.am-ի խնդրանքով «Ժառանգության» ղեկավարները խոսեցին կուսակցության առաջիկա համագումարի մասին՝ հայտնելով, որ այն կկայանա հուլիսի 10-ին։ Մարտիրոսյանի խոսքով, համագումարի ամբողջ օրակարգը դեռ վերջնականապես որոշված չէ, բայց արդեն հայտնի է, որ այն անդրադառնալու է կուսակցության նոր վարչության կազմավորմանը, ներկայացվելու է նախորդ համագումարի հաշվետվությունն ու քննարկվելու են ապագային միտված քայլեր։ Նրանք հերքեցին «Ժառանգության» առաջիկա համագումարի առնչությամբ մամուլում տեղ գտած լուրերը։ Ստեփան Սաֆարյանի խոսքով՝ մամուլում, օրինակ, գրել են, որ համագումարն ուշանում է պատվիրակների բացակայության պատճառով, մինչդեռ «կգաք համագումարին ու կտեսնեք՝ մարդ կա, թե չէ»։ Պատգամավորների խոսքով՝ կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես կմասնակցի համագումարին, քանի որ արտահերթ համագումարը նրա պահանջով է անցկացվելու։ Նրանք նաև բացառեցին ՀՀ երեք նախագահների մասնակցությունը «Ժառանգության» համագումարին։ ««Ժառանգությունն» այն կարծիքին է, որ մեր քաղաքական լուծումները հասարակության համար կարևոր խնդիրների վերաբերյալ, երեք նախագահների այդ եռանկյունուց դուրս են»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը։ Ինչ վերաբերում է «Ժառանգություն»-ՀՅԴ համագործակցության հնավորությանը, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենց համագործակցությունը շարունակվելու է ոչ միայն ՀՅԴ-ի, այլև ՀԱԿ-ի հետ այն հարցերում, որոնցում կողմերի տեսակետները համընկնում են։

No comments: