Thursday, June 10, 2010

CNN. «Հայաստանն ամենահին կաշվե կոշիկի հայրենիքն է»

Panorama.am. 10-6-2010- Օքսֆորդ քաղաքի Քորքի անվան համալսարան-քոլեջի նախապատմական հնէաբանության դասախոս Ռոն Փինհասի հայտնագործությունը` Վայոց Ձորի քարանձավներից մեկում պեղումներ կատարելու ժամանակ, հետաքրքրել է նաև CNN-ին: Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ պեղումների ժամանակ Ռոն Փինհասիի աշխատանքային խումբը 5500 տարվա հնության կաշվե կոշիկ (տրեխ) է հայտնաբերել, որը, հնարավոր է, ամենահինն է աշխարհում: Հնէաբանի խոսքերով` կոշիկի տերն, ամենայն հավանականությամբ, կին է եղել, քանի որ կոշիկը շատ փոքր է. ժամանակակից չափանիշներով` 35 համարի: «Ռոն Փինհասիի խոսքերով` Վայոց ձորի քարանձավ մուտք գործելու առաջին իսկ օրվանից իրենց աշխատանքային թիմը հասկացավ, որ հնէաբանության տեսանկյունից այս քարանձավը չափազանց խոստումնալից է: Պեղումների ժամանակ հնէաբանները հայտնաբերել են նաև մի շարք օրգանական նյութեր` տեքստիլ գործվածքներ, ճոպաններ և փայտե սյուներ: Ռոն Փինհասին դժվարանում է ասել, թե 5500 տարի առաջ կաշվե կոշիկների օգտագործումն արդյոք համատարա՞ծ էր, թե`ոչ»,- գրում է CNN-ը: 5500-ամյա ոտնամանն իր արժանի տեղն է գրավելու Հայաստանի հնէաբանության թանգարանում, սակայն նախքան կոշիկը թանգարանին հանձնելը Ռ. Փինհասին ցանկանում է այն տանել Գերմանիա կամ Շվեյցարիա` պահպանման համար: «Իսկ մինչ այդ հնէաբան Փինհասին շարունակելու է Վայոց Ձորում պեղումները` տեսնելու համար, թե արդյոք այս կոշիկը միակ պահպանված նմո՞ւշն է այնտեղ»,-տեղեկացնում է CNN-ը: 5500-ամյա կոշիկի հայտնագործությունը մեծ արձագանք է ստացել միջազգային մամուլում. «Եգիպտոսի կազմավորումից դեռ հազար տարի առաջ Հայաստանն ավելի զարգացած մշակույթ է ունեցել, քան Հին Եգիպտոսը»:

No comments: