Thursday, July 1, 2010

ԻՆՉՈՒ Է ԳԱԼԻՍ ՔԼԻՆԹՈՆԸ

«Լրագիր» 1-7-2010- Քաղաքագետ Իգոր Մուրադյանը հուլիսի 1-ին Դե ֆալկտո ակումբում խոսել է այն մասին, թե ինչու է Հայաստան գալիս Հիլարի Քլինթոնն ու ինչն է նրա այցի, ինչպես նաեւ Կանադայում ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների արած հայտարարության նպատակը, որ վերաբերում էր Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Իգոր Մուրադյանը նշել է, որ ԱՄՆ փաստացի լուծում է երեք խնդիր: “Համար մեկ խնդիրը. Ինչ որ առումով ներգրավել Ռուսաստանին Միացյալ Նահանգների պլանների եւ ռազմավարության մեջ, նրան դարձնել ոչ թե պարզապես գործընկեր, այլ իրենց խնդրի մասնակից”, ասում է Իգոր Մուրադյանը, նշելով, թե Մեդվեդեւն էլ առավել եւս լինելով մերկանտիլ, անսկզբունքային գործիչ, առաջարկում է իր ծառայությունը Արեւմուտքին: “Երկրորդ խնդիրը դա այն է, որ Թուրքիային ցույց տան, որ ամեն ինչ չէ, որ կորած է. դեռ հնարավորություն կա, որտեղ Միացյալ Նահանգներն ու Թուրքիան դեռ կարող են գործակցել”, ասում է Իգոր Մուրադյանը, նշելով սակայն, որ այդ ոլորտները գտնելն է դժվար: “Մնում է Կովկասը, շատ, պետք է ասել, ոչ նշանակալի գոտի, որտեղ ամերիկացիները կարող էին ցույց տալ, թե մենք պատրաստ ենք հասկանալ ձեզ, այսինքն Թուրքիային, հասկանալ ձեր շահերը, ընդունել ձեր նոր դերը, ձեր խնդիրներն այս աշխարհում”, ասում է Իգոր Մուրադյանը: Իսկ երրորդ խնդիրը, ըստ քաղաքագետի, այն է, որ ԱՄՆ ցանկանում է փարատել թե Արեւելյան Եվրոպայի, թե Կովկասի այն մտահոգությունները, որ ամերիկացիները հանձնել են իրենց: “Նրանց դա շատ տհաճ է, եւ վարչակազմը փորձելու է ցույց տալ, որ դա այդպես չէ, որ մենք ձեզ չենք հանձնել, մենք շարունակում ենք մնալ այստեղ”, ասում է Իգոր Մուրադյանը, նշելով, որ ԱՄՆ այդ ռեվերանսները պետք է անի թե Ուկրաինային, թե Վրաստանին, թե Ադրբեջանին: Իգոր Մուրադյանը նշել է, որ Հիլարի Քլինթոնի հայաստանյան այցից որեւէ բան սպասել պետք չէ, որովհետեւ դա քաղաքական այց չէ, այլ պարզապես ԱՄՆ փորձելու է ցույց տալ, որ կովկասյան նախաձեռնություններն իրենն են: “Իսկ ինչպես է պետք, որ դրան հավատան, որ դա նախաձեռնություն է եւ գործընթաց: Դրա համար էլ գալիս են Երեւան, կարող էին եւ չգալ: Որպեսզի այստեղ տիկնոջն ասեն, որ մենք համաձայն ենք, գործընթացը գնում է եւ մենք մասնակցում ենք, շատ լավ է, մենք բարձր ենք գնահատում այդ հայտարարությունը: Ահա եւ վերջ”, ասում է Իգոր Մուրադյանը:

No comments: