Thursday, July 1, 2010

Չի կարելի հույս դնել Մեդվեդևի վրա, նա ժամանակավոր ֆիգուր է. Իգոր Մուրադյան

Tert.am. 1-7-2010- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը և Արցախի մասին ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հայտարարությունը երեք խնդիր են հետապնդում։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց Իգոր Մուրադյանը։ «Թիվ մեկ խնդիրն է ինչ-որ կերպ Ռուսաստանին ներգրավել ԱՄՆ ծրագրերի և ռազմավարությանը, դարձնել նրան ոչ միայն գործընկեր, այլև խնդրի համամասնակից։ Ամերիկացիները մտածում են, որ բարենպաստ իրավիճակ է Մեդվեդևի՝ բացարձակապես մերկանտիլ, անսկզբունքային մարդու իշխանության գալը, որը մշտապես ազդանշաններ է տալիս Արևմուտքին, թե ինքը յուրային է»,- ասաց քաղաքագետը։ Մուրադյանը նաև մեջբերեց Արևմուտքում հաճախ հնչող այն կարծիքը, ըստ որի՝ չի կարելի հույս դնել Մեդվեդևի վրա. նա ժամանակավոր ֆիգուր է։ Երկրորդ խնդիրը, ըստ քաղաքագետի, Թուրքիային ցույց տալն է, որ դեռ ամեն ինչ կորած չէ։ «Դեռ կա Թուրքիայի և ԱՄՆ–ի միջև համագործակցության հնարավորություն, բայց գտնել այդ ոլորտները դժվար է»,- նկատեց նա։ Երրորդ խնդիրն այնքան էլ նկատելի չէ. «Ամերիկացի փորձագետներին անհանգստացնում է այն, որ Կովկասում և, ընդհանրապես, Արևելյան Եվրոպայում, այդ թվում և Ուկրաինայում, մտավախություն կա, որ ամերիկացիներն իրենց դավաճանել են։ ԱՄՆ վարչակազմը կփորձի ցույց տալ, որ դա այդպես չէ»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն ռևերանսներ կանի Վրաստանին, Ադրբեջանին և Ուկրաինային։

No comments: