Wednesday, July 14, 2010

ՀՀՇ վերնախավը բանակցություննե՞ր է վարել իշխանությունների հետ. նոր մանրամասներ ՀՀՇ ղեկավարության հրաժարականների մասին

News.am. 14-7-2010- ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարտ Զուրաբյանի եւ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի հրաժարականների վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել «Հրապարակ» օրաթերթին: Ըստ այդմ, ՀՀՇ-ի անունից Զուրաբյանն ու Քոքոբելյանը սեպարատ բանակցություններ են վարել վարչակազմի հետ՝ արտահերթ ընտրությունններում ՀՀՇ-ին տեղեր տալու եւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ: Ընդ որում հանդիպումներին, ըստ լուրերի, ինչ-որ կերպ աջակցել է նաեւ ամերիկյան դեսպանատունը, քանի որ դեռեւս մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում հայտարարել է, որ պատրաստ է գնալ զիջումների, եթե իրեն չխանգարի Հայ ազգային կոնգրեսը: Այս գործընթացը, թերթի աղբյուրների հաղորդմամբ, նոր չէ, մեկ տարի առաջ է սկսվել, սակայն կողմերը պայմանավորվել են, որ դա մնալու է ներսւոմ: Սակայն որոշ ժամանակ անց Քոքոբելյանը նման խոսակցություններ սկսել է վարել նաեւ Կոնգրեսի անդամ մյուս կուսակցությունների հետ, ինչը զայրացրել է Տեր-Պետրոսյանին: ՀԱԿ-ում համարում են, որ Քոքոբելյանին միացել են նաեւ վարչության անդամներ Մասիս Այվազյանը, Հովհաննես Ղազարյանը, Արարար Զուրաբյանի նախկին տեղակալ Դավիթ Առաքելյանը: Ինչ վերաբերում է Արարտ Զուրաբյանին, ապա վերջինս, ըստ «Հրապարակի» աղբյուրների, չի մասնակցել բանակցություններին եւ քարոզչությանը, սակայն չի ցանկացել, որ կուսակցությունը պառակտվի: Հիշեցնենք, որ «Հրապարակ»-ը ժամանակ առաջ տեղեկացրել էր, որ ՀՀՇ լիդերներից մեկը՝ հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկով մոտ երկու շաբաթ առաջ նամակ է գրել Արատ Զուրաբյանին՝ հորդորելով կուսակցությունը չպառակտել, այլապես իր՝ Սիրադեղյանի հետ խնդիրներ կունենա: Նշենք նաեւ, որ մի քանի օրից՝ հուլիսի 17-ին, տեղի է ունենալու ՀՀՇ համագումարը, որի ընթացքում կընտրվի վարչության նոր կազմ եւ նոր նախագահ: Արարտ Զուրաբյանը չի բացառում, որ իր թեկնածությունն առաջադրի ՀՀՇ վարչության նախագահի պաշտոնում:

No comments: