Thursday, July 1, 2010

Կ.Զատուլին. «Քլինթոնի այցը վաղուց էր ծրագրված»

Panorama.am. 1-7-2010- «Արդեն այն, որ ԱՄՆ պետքարտուղարը նման այց է կատարում` խոսուն հանգամանք է»,- անդրադառնալով Հիլարի Քլինթոնի տարածաշրջան սպասվող այցին Panorama.am-ի հետ զրույցում նշեց ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Նա համոզմունք հայտնեց, որ այցը ծրագրված է եղել դեռ վաղուց, սակայն վերջին իրադարձությունները ու հատկապես եռանախագահների ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունած հայտարարությունը եթե ոչ արագացրեց այն, ապա առիթ հանդիսացավ այցելել տարածաշրջան ու ստանալ մեկնաբանություններ դրա վերաբերյալ առաջին ձեռքից: «Սա փայլուն հնարավորություն է ստանալ և Երևանի, և Բաքվի արձագանքը և քննարկել այդ հարցերը»,- ասաց նա: Կ.Զատուլինը նշեց, թե քանի որ տիկին Քլինթոնը որոշակի դերակատարություն է ունեցել հայ-թուրքական արձանագրությունների մշակման և ստորագրման հարցում, ակնհայտ է, որ այցի շրջանակում առանցքային կլինի նաև հայ-թուրքական հարցի քննարկումը ևս. «Ըստ իս, Թուրքիան այս հարցում որոշակիորեն նյարդայնացնում է ԱՄՆ-ին, թեպետ ես կարծում եմ, որ այս իմաստով ավելի շատ Ադրբեջանն է նահանգների ղեկավարությանը նյարդայնացնում, քանի որ, փաստորեն, ինքը հանդիսացավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի խափանման պատճառը»: Նա հավելեց, որ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ողջ գործընթացը բավականին դրական էր ընդունվել Ռուսաստանի կողմից, բայց ուղղակիորեն դրանում շահագրգիռ էր ամերիկյան վարչակազմը, որովհետև ԱՄՆ-ի համար այս հարցը կապված է Ցեղասպանության ճանաչման խնդրի հետ. «Անշուշտ, Ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ում` պաշտոնական մակարդակում, լուրջ խնդիրներ էր առաջ քաշում Թուրքիայի հետ հարաբերություններում, այնպես որ այս պարագայում հայ-թուրքական մերձեցումը ընկալվում էր իբրև հնարավորություն բացատրելու, թե ինչու Օբաման չի շտապում կյանքի կոչել նախընտրական խոստումը»,- նշեց ռուսաստանցի պատգամավորը և ավելացրեց, որ սա էլ , իր հերթին, «հարմարավետ» պայմաններ էր ստեղծել: Բայց այսօր, արձանագրեց պատգամավորը, այդ «հարմարավետությունը» վտանգված է, քանի որ ակնկալվում է հայկական սփյուռքի ` Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին ուղղված ջանքերի ակտիվացումը, որը համեմվում է հենց ԱՄՆ-ում հարցին համախոհ քաղաքական ուժերի առկայությամբ: Եվ այս իրավիճակը, բնական է, չի կարող չանհանգստացնել Վաշինգտոնին, այնպես որ Քլինթոնի այցի ընթացքում այս հարցերի ողջ սպեկտրն է դրված լինելու սեղանին: Հայկական հարցից անցում կատարելով տարածաշրջանային խնդիրներին` Կ.Զատուլինը նշեց, որ Իրանի հարցը բավականին լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս այն համատեքստում, թե ինչպիսի՞ն է հարցին Կովկասյան երկրների ղեկավարության վերաբերմունքը և որքանո՞վ են, օրինակ, Հայաստանն ու Ադրբեջանը կիսում ԱՄՆ-ի դիրքորոշումը. «Ճշտել է հարկավոր ոչ միայն այն, թե ո՞ւմ կողմից են Երևանն ու Բաքուն, այլև որքանո՞վ է հնարավոր օգտագործել այդ երկրների տարածքները ու, հատկապես, Ադրբեջանինը, քանի որ Իրանի խնդրի կոնտեքստում Ադրբեջանը շատ կաևոր գործոն է»,- նշեց պատգամավորը:

No comments: