Monday, July 5, 2010

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՕԲԱՄԱՅԻՆ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային`ԱՄՆ Անկախության 234-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. “Մեծարգո պարոն Նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ Անկախության 234-րդ տարեդարձի կապակցությամբ: Մենք երախտապարտ ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին` Հայաստանին համակողմանի աջակցության համար, որ շարունակական է եղել մեր երկրի անկախացման առաջին տարիներից ի վեր: Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իր երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև մեր երկու երկրների համագործակցությանը տարածաշրջանային ու միջազգային տարբեր խնդիրների լուծման ուղղությամբ: Մենք մեծապես շահագրգռված ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բազմակողմանի հարաբերությունների հետագա զարգացմամբ: Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության տոնը աներկբա շաղկապված է ժողովուրդների ինքնորոշման հիմնարար իրավունքի հետ: Ձեր երկիրը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, կարեւոր դերակատարում ունի Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Մենք բարձր ենք գնահատում Ձեր վարչակազմի հետեւողական եւ կառուցողական ջանքերը`ի նպաստ հակամարտության արդարացի կարգավորման: Մեր բարեկամության համար հատուկ կարեւորություն ունի Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ իրական կամուրջ հանդիսացող ամերիկահայ համայնքը: Կրկին շնորհավորելով Անկախության օրվա առթիվ` Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից մաղթում եմ Ձեզ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին բարօրություն եւ պայծառ ապագա”:

No comments: