Tuesday, July 13, 2010

Դինքի սպանության գործով դատալսմանը կրկին իրարամերժ վկայություններ են հնչել

News.am. 13-7-2010- Հրանտ Դինքի սպանության գործով հուլիսի 12-ի հերթական դատալսմանը որպես վկա հանդես եկող կալանքի տակ գտնվող նախկին ոստիկանը մարդասպան Օգյուն Սամաստի վերաբերյալ իրարամերժ վկայություններ է տվել։ Կալանքի տակ գտնվող նախկին ոստիկան Ջավիթ Քըլըչը նշել է, որ Հրանտ Դինքի սպանության օրը Օգյուն Սամաստը մոտ 2,5 ժամ իրենց ինտերնետ ակումբում MSN-ի միջոցով 5-6 հոգու հետ է շփվել։ «Սակայն, ու՞մ հետ էր զրուցում չգիտեմ։ Ինտերնետ ակումբից նրա դուրս գալուց հետո կրակոց լսվեց։ Պատուհանից նայեցի եւ տեսա, որ Սամաստը վազում է՝ բղավելով, թե ինչ որ մեկին է սպանել»,-նշել է Ջավիթ Քըլըչը՝ ավելացնելով, որ սպանությունից հետո իրենց ինտերնետ ակումբ են մտել ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները, եւ Սամաստի օգտագործած համակարգչից դուրս են բերել բոլոր տվյալները, սակայն դրանք տեղ չեն գտել Դինքի սպանության գործով ընթացող դատավարությանը։ Դատականի նիստը վարող դատավորը հիշեցրել է, թե Ջավիթ Քըլըչը Դինքի սպանությունից հետո իր տված վկայության ժամանակ հայտնել էր, թե Սամաստը իրենց ինտերնետ ակումբ ընդհանրապես չի մտել, իսկ ինքը Սամաստին չի էլ ճանաչում, ինչին Քըլըչը խուսափել է պատասխանել՝ ասելով, թե չէր հիշում։ Դատական նիստի ընթացքում դատարանի դիմաց Դինքի սպանության բացահայտումը պարտակելու փորձի դեմ բողոքի միջոցառում էին կազմակերպել իրենց «Հրանտի ընկերներ» կոչող 100-ից ավել անձիք։ Խմբի անունից ելույթ ունեցած Բյուլենթ Այդընը նշել է, որ իրենք այսուհետ փոխում են իրենց «Արդարության համար, Հրանտի համար» կարգախոսը՝ «Հրանտի համար, Հրանտի համար» կարգախոսով։ Իսկ Հրանտի ընկեր Հայկո Բաղդատը հավաքվածների առաջ ընթերցել է Հրանտ Դինքի՝ վերջին անգամ իրեն գրածը. «2007-ը ինձ համար դժվար տարի է լինելու։ Իմ հանդեպ դատական գործընթացները շարունակվելու են, եւ դեռ նորերն են սկսելու։ Ո՞վ գիտի, թե ինչպիսի անարդարությունների եմ դեմ առ դեմ հայտնվելու։ Այո, ինձ տեսնում եմ աղավնու հոգու անհանգստության մեջ, բայց գիտեմ, որ այս երկրում մարդիկ աղավնիներին ձեռք չեն տալիս։ Աղավնիները նունիսկ քաղաքի բանուկ մասերում՝ մարդկանց ամբոխների մեջ շարունակում են իրենց կյանքը։ Այո, մի քիչ վախենալով, բայց այդքան էլ ազատ»։ Նշենք, որ Ստամբուլահայ լրագրող, «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին՝ «Ակոս»-ի խմբագրության դիմաց։ 3,5 տարի տեւող դատական գործընթացը դեռեւ չի տվել կարեւոր հարցերի պատասխանը։ Իրենց հերթին Դինքի ընտանիքի փաստաբանները հուլիսի 12-ին տեղի ունեցած հերթական դատավարությունից առաջ նշել էին, որ թուրքական իշխանությունները զինվորական թեւի հետ համաձայնեցված կերպով ցանկանում են թաքցնել սպանության հիմնական մեղավորներին եւ փակել գործը։

No comments: