Tuesday, August 24, 2010

ԻՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ԿՈՆԳՐԵՍԸ

«Լրագիր», 23.08.10թ.: Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ներկայացրել է Կոնգրեսի դիրքորոշումը հայ-ռուսական հարաբերության վերջին զարգացումների, մասնավորապես ռուսական ռազմակայանների մասին համաձայնագրի լրացումների մասին: Ձեր կարծիքով, ինչով է պայմանավորված ժամկետից շուտ պայմանագրում կատարված փոփոխությունները, եւ արդյոք որեւէ կապ տեսնում եք պայմանգրում կատարված փոփոխությունների եւ Ադրբեջանին С-300 ռազմական համակարգեր վաճառելու միջեւ, հարցնում է Ազատությունը: Լեւոն Զուրաբյանի խոսքով, տեղի ունեցածը հաստատում է Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական իրողության առկայությունը: “С-300 հակաօդային համակարգերի ձեռքբերումը կսահմանափակի Ադրբեջանի լայնածավալ հարձակումը զսպելու` հայկական զինված ուժերի կարողությունը: Սպառազինությունների, մասնավորապես հրթիռային մարտկոցների, ինտենսիվ գնումը եւ ռազմական պատրաստությունները, այդ ջանքերի դիվանագիտական ապահովումը Ադրբեջանի կողմից մեծացնում է Ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու փորձի հավանականությունը”, ասում է Լեւոն Զուրաբյանը: Ըստ կոնգրեսի, որի դիրքորոշումը ներկայացնում է Լեւոն Զուրաբյանը, պատերազմական գործողությունների վերսկսմամբ հղի վիճակում կարեւոր նշանակություն ունեն 1990-ականներին ստեղծված հայ-ռուսական համատեղ անվտանգության համակարգերի ամրապնդումը. “հաշվի առնելով մանավանդ այն հանգամանքը, որ Արեւմուտքը Ղարաբաղյան խնդրի կարգավորումը չի համարում իր առաջնայնությունների ցանկում, եւ պատրաստ չէ ակտիվ դերակատարություն ստանձնել տարածաշրջանում անվտանգության երաշխիքներ տրամադրելու եւ հնարավոր ռազմական հակամարտությունը կանխելու հարցում”: Լեւոն Զուրաբյանը նշում է, որ այդ ուղղությամբ գործադրված ջանքերը անբավարար են, “եւ ըստ էության կարող են ապահովել ընդամենը ռազմական հակամարտության լոկալիզացիան”: “Որքան էլ լոկալ բնույթ կրի այդ պատերազմը, այն ավերիչ է լինելու Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ Հայաստանի համար, նշանավորվելու է բազմաթիվ մարդկային կյանքերի կորստով եւ տնտեսական քայքայմամբ, խորացնելու է ժողովուրդների միջեւ թշնամանքը, տարածաշրջանային անկայունությունը: Տարակուսանք է առաջացնում նաեւ ռազմակայանի պայմանագրի գործողության ժամկետների վերանայումը սպառման ժամկետից տաս տարի առաջ առանց որեւէ հրապարակային հիմնավորման: Ժամանակից շուտ նման հարցին անդրադառնալը վկայում է սոսկ այն մասին, որ Ռուսաստանը ի դեմս Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի եւ նրա կոռումպացված ռեժիմի չի տեսնում հուսալի, երկարաժամկետ եւ վստահելի գործընկերոջ, եւ փորձում է վստահության պակասը լրացնել չափազանցված իրավական երաշխիքների ապահովմամբ”, ասում է Հայ ազգային կոնգրեսի համակարգողը: Նա խոսում է նաեւ այն մասին, որ տարածաշրջանում լարվածության աճը հետեւանք է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմաքաղաքական բալանսի փոփոխության` հօգուտ Ադրբեջանի, ինչը զգալիորեն թուլացրել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության համակարգը: “Դրա ողջ պատասխանատվությունը կրում է քոչարյանասերժական ռեժիմը, որը տապալելով սահմանադրական կարգը եւ երկրում հաստատելով ավազակապետական համակարգ, տարիներ շարունակ ոչինչ չի արել Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը հզորացնելու եւ շենացնելու ուղղությամբ, հակառակը` հանգեցրել աղետալի արտագաղթի, վարել է ղարաբաղյան խնդիրը չկարգավորելու քաղաքականություն, կեղծված ընտրություններով, մարտիմեկյան սպանդով եւ քաղբանտարկյալներին բանտերում պահելով խաթարել է Հայաստանի միջազգային վարկը, բացառապես սեփական իշխանությունը ամրապնդելու նպատակով ընգրկվել կասկածելի քաղաքական գործընթացների մեջ, որի ամենավառ օրինակն է Հայաստանի դիրքերին խոշոր հարված հասցրած, այսպես կոչված, «նախաձեռնողական ֆուտբոլային դիվանագիտությունը»”, ասում է Լեւոն Զուրաբյանը: Ըստ նրա, առկա լուրջ իրավիճակը պահանջում է չափազանց պատասխանատու գործելակերպ ու վճիռներ թե գործող իշխանություններից, թե միացյալ ընդդիմությունից` ի դեմս Հայ Ազգային Կոնգրեսի, քանի որ այդ վճիռները բախտորոշ ազդեցություն կունենան հայ ժողովրդի անվտանգության վրա: “Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին ճշգրտորեն գիտակցելու ստեղծված իրավիճակի լրջությունը եւ տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրողությունների կայացումը, ինչպես նաեւ վճռական քայլեր կատարել ներքին քաղաքական առճակատման հաղթահարմանը խոչնդոտող խնդիրների լուծման /որոնցից ամենահրատապն է քաղբանտարկյալների ազատումը/, քաղաքական համակարգի առողջացման եւ ժողովրդավարացման ուղղությամբ”, ասում է Լեւոն Զուրաբյանը:

No comments: