Thursday, August 26, 2010

ՈՐՏԵՂ ՓՆՏՐԵԼ “ՀԻՄՆԱԿԱՆԸ”

«Lրագիր», 26.08.2010: Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում, անդրադառնալով վերջին երկու ամիսների ընթացքում բանակում տեղի ունեցած ողբերգական միջադեպերին, որոնց զոհ դարձավ մեկ տասնյակից ավելի հայաստանցի զինծառայող, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է. “Հիմնականում մենք կարծում ենք, որ մեղքն ընկած է տվյալ զորամասերի կրտսեր եւ ավագ հրամանատարական կազմի վրա, որտեղ դաստիարակչական աշխատանքները ոչ պատշաճ մակարդակի վրա են դրված: Եվ ամենակարեւորը` ցածր մակարդակի վրա էր վերահսկողությունը”: Այդ բացատրությունն, ինչ խոսք, կարելի էր, եւ գուցե կարելի է հիմա էլ ռացիոնալ համարել, բայց խնդիրն այն է, որ մենք գործ ունեցանք ողբերգական իրադարձությունների շղթայի հետ: Այսինքն, նախ կատարվեց մեկը` Չայլուի դեպքը, երբ ադրբեջանական դիվերսիոն խումբը չգիտես ինչպես հասել էր մինչեւ մեր զորքի հենակետ, եւ ոչ ոք պատրաստ չէր եղել դրան դիմագրավելու, հետո կատարվեց մյուսը` երբ ինքնասպան եղավ պայմանագրային զինծառայող, սպա Արտակ Նազարյանը, հետո կատարվեց մյուսը` երբ փաստացի հոգեպես անհավասարակշիռ, զորակոչման ենթակա չլինող անձը մարտական հենակետում գնդակահարում է մի քայի սպայի եւ զինվորի, ու հետո ինքնասպան լինում, օրերս էլ կատարվեց մյուսը` երբ պայմանագրային մի զինծառայող սերժանտը սպանել է մեկ այլ պայմանագրային սերժանտի: Ինչի մասին է վկայում այդ հաջորդականությունը, ողբերգական այդ շղթան: Վկայում է այն մասին, որ առաջին դեպքից հետո չի արվել համապատասխան հետեւություն, եւ չեն ձեռնարկվել համաբանակային անհրաժեշտ միջոցներ ու կտրուկ քայլեր, այդօրինակ դեպքեր թույլ չտալու համար: Այլապես չէին լինի հաջորդ դեպքերը, այն էլ այդպիսի կարճ ժամանակահատվածում: Հետեւություններ չեն արվել նաեւ երկրորդ, երրորդ դեպքերից հետո, այլապես թերեւս չէր լինի չորրորդ դեպքը: Որեւէ երաշխիք չկա նաեւ, որ հետեւություն արվել է չորրորդ դեպքից, եւ վերջապես համաբանակային մասշտաբով ձեռնարկվել են իրապես գործուն քայլեր, որպեսզի բանակը զերծ մնա այդօրինակ ողբերգական շղթաներից: Էլ չասած այն մասին, որ ըստ տարբեր տեղեկատվական, ոչ պաշտոնական լրահոսների, բանակում արձանագրվում են մահվան այլ դեպքեր էլ, որոնք սակայն հնարավոր է լինում որոշակիորեն կոծկել: Իհարկե դրանք գուցե ընդամենը խոսակցություններ են, համենայն դեպս, քանի դեռ չկան փաստեր: Բայց, պաշտոնական լրահոսից ստացվածն էլ բավական է լուրջ անհանգստանալու եւ սթափ հետեւություններ անելու: Ու ողբերգական այդ շղթայի առկայությունը հիմք է տալիս մտածել, որ Սեյրան Օհանյանի բացատրությունը, թե “հիմնականում մեղքն ընկած է տվյալ զորամասերի կրտսեր եւ ավագ հրամանատարական կազմի վրա”, մեղմ ասած այդքան էլ լիարժեք չէ: Որեւէ մեկն իհարկե չի կարող ժխտել այդ պատասխանատվությունը, բայց երբ գործ ենք ունենում իրար հաջորդող մի քանի դեպքի հետ, այն էլ կարճ ժամանակահատվածում, դա նշանակում է, որ պատասխանատվության պարագայում գործածվող “հիմնականում” հասկացությունը կրտսեր եւ ավագ հրամկազմից տեղափոխվում է բանակի բարձրագույն հրամկազմ: Երբ տեղի է ունենում մի դեպք, ապա տվյալ պարագայում հասկանալի է, որ պատասխանատվությունը տեղի հրամկազմի վրա է, բայց երբ տեղի են ունենում երկուսը, երեքը, ու դեռ չորրորդը, ապա այստեղ արդեն աներկբա է, որ լուրջ խնդիրներ կան բարձրագույն հրամկազմում: Ընդ որում, խնդիրներ գուցե առաջին հերթին այն առումով, որ այդ հրամկազմը ունակ չի եղել նկատել տեղային այն խնդիրները, որոնք կարող էին իրավիճակը հասցնել ողբերգական այդօրինակ շղթայի: Ի վերջո, լավ կառավարիչն ու կազմակերպիչը միայն նա չէ, ով կարողանում է ճիշտ հետեւություն անել կատարվածից, այլ առաջին հերթին գուցե նա է լավ կառավարիչ ու կազմակերպիչ, ով կարողանում է տիրապետել իրավիճակին, հասկանալ պոտենցիալ վտանգներն ու կանխել դրանք: “Երկամսյա” ողբերգական շղթան վկայեց, որ Հայաստանի զինուժի հրամկազմում այդ ունակության առումով կան լուրջ խնդիրներ: Հետեւաբար, խնդիրը պետք է ենթարկվի ոչ թե տեղային, այլ ընդհանրական լրջագույն դիտարկման, եւ պետք է դրվի բարձրագույն սպայակազմի, բարձրագույն հրամանատարության պատասխանատվության հարցը, եւ պետք է դրվի հենց “հիմնականում” շեշտադրմամբ: Եվ ավելին, թերեւս արդեն հասունացել է անհրաժեշտությունը, որ այդ հարցը բարձրացնի ոչ թե պաշտպանության նախարարը, այլ Գերագույն Գլխավոր հրամանատարը: Ի վերջո, հաջողությունն այն չէ, որ երկրի համար բերվում են անվտանգության արտաքին երաշխավորներ, այլ այն, երբ կարգի են բերվում անվտանգության ներքին երաշխիքները: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: