Wednesday, August 25, 2010

Եվրոպական դատարանում հայցն ընդդեմ Ադրբեջանի կարող է լուրջ հետևանքներ ունենալ

«Panorama.am», 25.08.10: Վերջին տարիներին ամերիկահայերը մի շարք հայցեր են ներկայացրել Միացյալ Նահանգների դատարաններ ընդդեմ ապահովագրական ընկերությունների, բանկերի և Թուրքիայի Հանրապետության` փոխհատուցում պահանջելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքով առաջացած կորուստների դիմաց: Ս.թ. սեպտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) առաջին անգամ լսումներ են անցկացվելու մի հայ ընտանիքի` Ադրբեջանի Հանրապետության դեմ ներկայացրած հայցի վերաբերյալ, արցախյան հակամարտության ժամանակ կրած վնասների համար: Ուշագրավ է, որ նույն օրը ՄԻԵԴ-ում համանման հայց է քննարկվելու, որը մի խումբ ադրբեջանցիներ ներկայացրել են ընդդեմ Հայաստանի Հանրապետության («Չիրագովը և ուրիշներ ընդդեմ Հայաստանի»): Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանը 2006 թվականի օգոստոսի 11-ին հայց է ներկայացրել իր տան ավերման և սեփական տնից արտաքսման վերաբերյալ: Սարգսյանն իր հայցում նշել է, որ ներկայումս մի այլ անձ, հավանաբար ադրբեջանցի է ապրում իր տանը: Չնայած մեկ տարի առաջ Սարգսյանը մահացել է, սակայն նրա այրին և երկու զավակները շարունակում են հետամուտ լինել սույն դատական գործին: Սովորաբար, ՄԻԵԴ-ում կուտակումների պատճառով, մի քանի տարի է տևում մինչև գործի լսումները: Սարգսյանների ընտանիքի շահերը Դատարանում ներկայացնելու են «Իրավական ուղեցույց» հասարակական կազմակերպության անդամներ, փաստաբաններ Նարինե Գասպարյանը և Քնարիկ Օհանյանը` Երևանից, և մարդու իրավունքների պաշտպանության գծով հայտնի իրավաբան, պրոֆ. Ֆիլիպ Լիչը` Լոնդոնի Մարդու իրավունքների շահերի պաշտպանության եվրոպական կենտրոնից: Շահումյանի շրջանը գտնվում է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հյուսիսային սահմանին կից: Մինչև արցախյան հակամարտությունը Շահումյանի շրջանի ավելի քան 80 տոկոսը բնակեցված էր հայերով: 1992 թվականին ադրբեջանական ուժերի կողմից Գյուլիստանի ռմբակոծության ժամանակ Սարգսյանների երկհարկանի տունն ավերվել է: Ռմբակոծության արդյունքում, գյուղի բոլոր հայ բնակիչները` վախենալով իրենց կյանքի համար` փախել են գյուղից, ըստ ՄԻԵԴ-ի «Փաստերի արձանագրման» ամփոփագրի: Սարգսյանի հայցը հիմնված է հետևյալ պահանջների վրա. 1. Նրա տան ավերումն ու սեփականության իրավունքից զրկումը սահմանվում է որպես «սեփականության տիրապետման և օգտագործման իրավունքի ոտնահարում»: 2. Նրա անձական և ընտանեկան կյանքի, ինչպես նաև տան նկատմամբ իրավունքի խախտում`բռնի տեղահանության պատճառով և իր տուն մուտք գործելու հնարավորության շարունակ մերժում Ադրբեջանի կողմից: 3. Հաշվի առնելով Ադրբեջանում մի շարք հայկական գերեզմանատների ոչնչացումն ու վանդալիզմը, Սարգսյանը նշել է, որ անտեղյակ է իր մերձավոր ազգականների գերեզմանոցների վիճակի մասին, քանի որ զրկված է նրանց շիրիմներին այցելելու հնարավորությունից, ինչպես դա պարբերաբար անում էր նախկինում: Միայն այն փաստի գիտակցումը, որ հարազատների շիրիմները ոչնչացման վտանգի տակ են, խոր վիշտ ու տառապանք է պատճառել Սարգսյանին: Գերեզմանատուն այցելելու անկարողությունը զրկել է նրան հանգուցյալ հարազատների հետ հոգևոր կապից, քանի որ նրանց շիրիմներին այցելելն ու դրանք պահպանելը նրա կրոնական պարտականությունն էր, որը նա կատարել էր նախքան տեղահանությունը: 4. Ադրբեջանում իրենց տները հարկադրաբար լքած հայ ազգաբնակչությունը զրկված է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներից: Այն հայերը, որոնք փորձել են բողոքներ ներկայացնել համապատասխան ադրբեջանական իշխանություններին, չեն կարողացել վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները: Արցախյան հակամարտության լուծված չլինելու պատճառով գործնական դժվարություններ ու խոչընդոտներ կային Ադրբեջանում հարցի լուծման միջոցներից օգտվելու համար: 5. Սարգսյանը բողոքել է, որ Ադրբեջանում ենթարկվել է խտրականության՝ ազգային եւ կրոնական պատկանելության հիման վրա: Նա ներկայացրել է, որ միայն Ադրբեջանում ապրող ազգությամբ հայերն էին բռնությունների, ջարդերի ու հարձակումների թիրախ դարձել: Ադրբեջանի կառավարությունը հայերի դեմ գործած բռնությունների հետաքննություն չի անցկացրել և նրանց սեփականության անօրինական բռնազավթման ու հայկական գերեզմանոցների ոչնչացման համար փոխհատուցում չի ապահովել: Սա առաջին հայկական հայցն է, որը ՄԻԵԴ է ներկայացվել սեփականության և այլ իրավունքների ոտնահարման հարցով` իրականացված Ադրբեջանի Հանրապետության կողմից: Հաջողության դեպքում այն կարևոր նախադեպ կստեղծի հարյուր հազարավոր հայերի կողմից հայցեր ներկայացնելու համար, որոնք հարկադրաբար լքել են իրենց տները Բաքվում և Ադրբեջանի այլ վայրերում: Նմանապես, Չիրագովի հայցն ընդդեմ Հայաստանի կարող է դռներ բացել հարյուր հազարավոր ադրբեջանցիների պահանջների համար, որոնք արցախյան հակամարտության ժամանակ հեռացել են իրենց տներից: Սակայն, ի տարբերություն հայկական կողմի, ադրբեջանցիները, հիմնականում հեռացել են սեփական կամքով և մինչև մեկնելը վաճառել են իրենց տները: Լոկ պատահականություն չի կարելի համարել ՄԻԵԴ-ի Մեծ պալատի կողմից միևնույն օրը հայկական և ադրբեջանական հայցերի քննարկումը: Եթե երկու դեպքում էլ դատարանը հայտնաբերի սեփականության իրավունքի խախտում և կարգադրի դրամական փոխհատուցում վճարել հայցվորներին, ապա շատ հավանական է, որ դա հետագայում համանման բազմաթիվ գործերի ներկայացման խթան կհանդիսանա և լուրջ հետևանքներ կունենա Հայաստանի ու Ադրբեջանի տնտեսությունների վրա (միլիարդավոր դոլարների չափով): Որպես այլընտրանք, Դատարանը կարող է պարտադրել երկու երկրներին իրենց համապատասխան քաղաքացիներին թույլ տալ վերադառնալ իրենց բնակության նախկին վայրերը, որը նոր ցնցումներ ու անվտանգության ռիսկեր կառաջացնի տարածաշրջանում: Որպես Եվրոպայի Խորհրդի անդամներ, Հայաստանն ու Ադրբեջանը պարտավոր են կատարել Դատարանի որոշումը: Սեպտեմբերի 15-ին կարելի է ուղիղ հետևել երկու լսումներին` այցելելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայքէջ www.echr.coe.int/echr : Ադրբեջանական հայցը կհեռարձակվի ժամը 9:15, իսկ հայկականը` 14:30-ին (Ֆրանսիայի ժամանակով): Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Թարգմ.՝ Ռ.Ավագյանի

No comments: