«News.am», 25.08.10: Հարցազրույց Աբխազիայի Գագրայի հայ համայնքի նախագահ Խաչիկ Մինասյանի հետ
-
Այսօր Աբխազիայի մոտավորապես 60 հազարանոց հայկական համայնքն ի՞նչ խնդիրներ ունի:
Հայ համայնքի ամենակարևոր խնդիրն այն է, որ մենք ճիշտ կարողանանք դրսեւորվել, որ աբխազների հետ կարողանանք ճիշտ ապրել, հարաբերվել:
Թեեւ պետք է ասեմ, որ հայկական համայնքը պետական մամինների, կուսակցությունների հետ բավական լավ գործնական հարաբերությունների մեջ է, և այս առումով որեւէ խնդիր չկա: Այսօր Աբխազիայիում գործում է 32 պետական հայկական դպրոց, եւ կան դպրոցներ, որտեղ մնացել են 30-40 աշակերտ: Այդ փոքրիկ երկրում, որտեղ ընդամենը 250 հազար բնակչություն է, պետությունն իր բյուջեից հայ ուսուցիչներին աշխատավարձ է տալիս:
Իսկ տեղի ուսուցիչները որակավորման, վերապատրաստման առումով ի՞նչ խնդիրներ ունեն:
Սա մեր ամենացավոտ հարցն է, որովհետև այսօր հայկական դպրոցներում աշխատում են խորհրդային ուսուցիչներ, որոնք արդեն թոշակառու են, բայց նրանց փոխարինող մենք չենք տեսնում, և եթե այս տենդենցը շարունակվի, տասը տարի հետո լուրջ վտանգներ կունենանք: Իսկ վերապատրաստման մեր ուսուցիչները գալիս են Հայաստան:
Այսինքն` մի քանի տարի հետո մանկավարժներ ընդհանրապե՞ս չեք ունենա, ինչո՞ւ չկան համապատասխան մասնագետներ:
Այո, չենք ունենա: Իսկ թե ինչու չեն գնում բուհի համապատասխան բաժնում սովորելու, դե գիտեք, բոլոր երկրներում էլ ուսուցիչների աշխատավարձը բարձր չէ, իսկ մեզ մոտ շատ ավելի ցածր է: Ի դեպ, բացեցինք համապատասխան բաժին, բայց մանկավարժությունը երիտասարդներին չի հետաքրքրում, ավելի շատ տնտեսագետներ, իրավաբաններ են ուզում դառնալ:
Իսկ որքա՞ն է ուսուցչի աշխատավարձը:
Մոտավորապես 2000 -3000 ռուբլի աշխատավարձ: Այդ պատճառով ստեղծվել է ժամանակավոր ծնողական ֆոնդ, որտեղ ծնողները հավաքում են ինչ-որ գումար` մանակավարժներին պահելու համար: Սա կա նաեւ ռուսական դպրոցների պարագայում, սակայն այնտեղ խնդիրը մի փոքր ավելի հեշտ է, քանի որ առաջին դասարան ընդունված աշակերտների 30-ից ավելին հայեր են: Իսկ հայ դպրոցի ամենամեծ թշնամին մենք` հայերս ենք, որ մեր երեխաներին տալիս ենք ռուսական դպրոցներ: Ժամանակը, պայմանները մեզ դեմքով դարձրել են Ռուսաստան, որտեղ հայ ժողովուրդը աշխատանք է գտնում, հիմնավորվում:
Առահասարակ մենք շատ ռուսամոլ ենք, ինչո՞ւ:
Այնքանով, որքանով առայժմ Աբխազիայի ապագան կապված է Ռուսաստանի հետ, Աբխազիան իրեն մենակ ապահով զգալ չի կարող: Ռուսաստանն այսօր ամենաապահով երկիրն է, որն առաջինը ճանաչեց Աբխազիայի անկախությունը: Աբխազների մեծամասնությունը նույնպես ձգտում է ռուսական դպրոց գնալ, սակայն նրանց ստիպում են աբխազական դպրոց գնալ: Իսկ մենք չենք կարող ստիպել, մեզ մոտ կամավոր հիմունքներն են գործում:
Հայաստանի ԿԳ նախարարությանը չե՞ք դիմել համապատասխան մասնագետներով ապահովելու համար, քանի որ այստեղ ամեն տարի մի քանի հարյուր բանասերներ են ավարտում, ովքեր այստեղ աշխատանքի խնդիր ունեն:
Կրթության նախարարությունը մեզ ոչ խանգարում է, ոչ էլ օգնում է, որովհետեւ մենք ինքներս այդ հարցերը պետք է որոշենք: Բացի այդ, Աբխազիայում հայ էմիգրատների համար սարսափելի դժվար է, գրանցման հարց կա: Այդ առումով պետք է դիմենք նախագահին, որ ասենք տասը դասատու ենք ուզում բերել. դեռ այս հարցում հաջողության չենք հասել:
Ինչո՞վ են հիմնականում զբաղվում հայերն Աբխազիայում:
Մինչեւ պատերազմը հայերը Աբխազիայում շատ լավ էին ապրում. Աբխազիայի գյուղատնտեսությունը հիմնականում պահվում էր հայերի միջոցով: Հիմա, քանի որ ֆերմաներ չկան, սեփական տնտեսություններում են աշխատում, հիմնականում մանր, միջին բիզնեսով են զբաղվում:
Փաստորեն Հայաստանից դժվար չէ՞, այստեղ փոքր ու միջին բիզնես գրեթե չկա, մոնոպոլիա է: Ձեր պատկերացումներն ինչպիսի՞ն են Հայաստանի մասին:
Հայաստանի մասին մեր պատկերացումները շատ հստակ են. այսօր Հայաստանում շատ դժվար է, այսօր Հայաստանն ինքը զգում է օգնության կարիք, գյուղական շրջանները սասափելի վիճակում են, մենք գիտենք, տեսնում ենք: Այդ իսկ պատճառով մենք Հայաստանից սպասում ենք բարոյական աջակցություն, որը մենք բացարձակ չենք ստանում: Այսօր Հայաստան-Աբխազիա կապը գրեթե չկա, նոր-նոր Սփյուռքի նախարարությունը ստեղծվելուց հետո ինչ-որ տեղաշարժ կա, կապեր ունենք նախարարության հետ: Մենք Գալուստ Տրապիզոնյանի հետ 11 երեխա բերեցինք Սփյուռքի նախարարության ծրագրով, որոնք երկու շաբաթ ապրելու են Արտաշատի տներում: ԿԳ նախարարության սփյուռքի բաժինն էլ անընդհատ կապի մեջ է մեզ հետ:
Հայաստանում 2008-ի իրադարձություններին հետեւեցի՞ք:Գիտեք, մենք տեղեկատվություն ստանում ենք հեռուստացույցից` Հ1, Շանթ: Իսկ մարտի մեկը Հ1-ը մեկնաբանեց այնպես, ինչպես ձեռնտու էր իշխանությանը: Ես հասկանում եմ, որ ցանկացած ընտրություն արդար չի լինում, չկա 100 տոկոսանոց ընտրություն, անգամ Ամերիկայում` այդ ժողովրդավար երկրում չկա, ուր մնաց Հայաստանում, բայց դուրս գալ ժողովրդի վրա զենք կիրառել փոքրիկ մի երկրում, թույլատրելի չէ. որ կողմն էլ դա աներ: Եթե առաջին նախագահը չէր անցել, պետք է գեղեցիկ կերպով իր կողմնակիցներին կանգնեցներ: Դուրս գալով հրապարակ, միևնույն է, հնարավոր չէ փոխել ոչինչ:
Իսկ մի՞թե ոչինչ չփոխվեց հենց հասարակական գիտակցության առումով:Փոխվեց ինչ-որ բան, բայց այդ բոլորը ոչնչություն են մարդկային կյանքի դիմաց: Մյուս կողմից էլ իշխանությունը պետք է շատ իմաստուն լիներ, որ դա տեղի չունենար: Վերջին հաշվով, ցանկացած սպանություն, արարք կարելի է կանգեցնել, եթե իշխանությունը լինի իմաստուն: Իշխանության ուժը միայն իմաստության մեջ է:
ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
Wednesday, August 25, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment