«Lրագիր», 26.08.2010: ՌԴ նախագահ Մեդվեդեւի Հայաստան կատարած այցը նոր “լիցք” հաղորդեց Հայաստանում նոր ատոմակայանի եւ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մասին խոսակցություններին: Ատոմակայանի կառուցման վերաբերյալ նույնիսկ համաձայնագիր ստորագրվեց, թեեւ դա կարելի է համարել առավելապես ձեւական, ընդամենը Մեդվեդեւի այցը “լցնելուն” ուղղված քայլ, քանի որ նոր ատոմակայանի հարցում հայ-ռուսական նախաձեռնություններ արդեն կային, եւ դրանք մեծ հաշվով նոր համաձայնագրով չեն ավելացել:
Ավելին, պարզվում է, որ Ռուսաստանը պատրաստ է ֆինանսավորել ընդամենը ատոմակայանի արժեքի 20 տոկոսը: Մինչդեռ նոր ատոմակայանը գնահատվում է 4-5 միլիարդ: Այսինքն, Հայաստանին այդքան փող է պետք նոր ատոմակայան կառուցելու համար: Ռուսաստանը փաստորեն պատրաստ է տալ 1 միլիարդի չափ: Իսկ որտեղից մնացած 80 տոկոսը: Ով է տալու: Ընդ որում, Ռոսատոմի ղեկավար Կիրիենկոն հայտարարել էր, որ մյուս ներդրողներին գտնելու բանակցությունը պետք է վարի Հայաստանը:
Ում հետ է բանակցություն վարելու Հայաստանը: Հայտնի է, որ նոր ատոմակայանի կառուցման հարցում Հայաստանին աջակցություն է հայտնում նաեւ Միացյալ Նահանգները: Համենայն դեպս, այդ մասին հայտարարել են Նահանգների դիվանագետները, այդ թվում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը` Հայաստանում Ամերիկյան համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ: Բայց տվյալ պարագայում, գոնե առայժմ, խոսքը ֆինանսական աջակցության մասին չէ, այլ թերեւս ավելի շատ խորհրդատվական: Համենայն դեպս ԱՄՆ երբեք չի խոսել ատոմակայանի համար փող տալու թեմայով:
ԱՄՆ իհարկե փող տալու թեմայով քիչ է խոսում ընդհանրապես, այլ ավելի շատ տալիս է: Օրինակ, Հայաստանի անկախությունից ի վեր ԱՄՆ 2 միլիարդ դոլար օգնություն է տվել Հայաստանին, իհարկե թե փողի, թե նաեւ նյութատեխնիկական տեսքով: ԱՄՆ նաեւ ամեն տարի մի քանի տասնյակ միլիոն օգնություն է տալիս Հայաստանին, եւ նաեւ նախկին տարիներին 5, իսկ արդեն 10 միլիոն դոլար է տալիս Ղարաբաղին: Դրանից բացի, ԱՄՆ Հայաստանին ընդգրկեց Հազարամյակի մարտահրավեր ծրագրում, որի շրջանակում Հայաստանը ստանալու է 5 տարվա ընթացքում 235 միլիոն դոլար` ընդ որում անհատույց, թեեւ իհարկե այստեղ կարծես թե խնդիրներ առաջացան 2008 թվականի ընտրությունից հետո, եւ ԱՄՆ սկսեց կասկածել Հազարամյակի ծրագրով Հայաստանի հարցում կատարած ընտրության իրավացիության վրա:
Բայց ահա նոր ատոմակայանի հարցում ԱՄՆ ոչ խոսում է փողի մասին, ոչ էլ փող տալիս:
Դե տալը գուցե շուտ է, գուցե երբ ժամանակը գա, ԱՄՆ փողը կտա առանց այդ մասին ավելորդ խոսքերի: Բայց արդյոք կտա 3-4 միլիարդ դոլար: Հանուն ինչի տա: Հո ԱՄՆ ռազմակայանները չեն Հայաստանում: Մինչդեռ ինչ է ստացվում: Ստացվում է, որ Հայաստանում ռուսների ռազմակայաններն են, դրանք Հայաստանում են գրեթե ձրի, տարածքի փող չեն տալիս, կոմունալ ծախսերի փող չեն տալիս, բայց ատոմակայանի փողն էլ ռուսները 20 տոկոսով են տալիս: Երեւի ատոմակայանի չորս պատը կառուցեն, ու հետո միջուկային վառելիքի փոխարեն այնտեղ ռազմակայան կտեղակայեն:
Նույն փողի խնդիրն է Իրան-Հայաստան երկաթուղու պարագայում: Եթե ատոմակայանի դեպքում գոնե ասում են, որ 20 տոկոսը պատրաստ են տալ, երկաթուղու պարագայում դա էլ չեն ասում: Երկաթուղին իհարկե մի քիչ ավելի էժան է` 1,7-2 միլիարդ դոլար: Նախնական արժեքը այդքան է հաշվարկվել, բայց դեռ պետք է ճշտվի: Կարող է նվազել, բայց կարող է նաեւ ավելանալ: Որտեղից է ճարվելու այդ փողը, պակաս դժվար հարց չէ, քան ատոմակայանի փողի հարցը:
Ամերիկացիները երեւի թե հաստատ չեն տա, քանի որ Իրան կա մեջտեղը: Համ էլ նրանք երեւի թե համոզված են, որ այդ երկաթուղին չէ Հայաստանի զարգացմանը պակասողը կամ զարգացման գրավականը: Իսկ ԱՄՆ փող տալիս է Հայաստանի զարգացման ծրագրերի, ոչ թե այդ փողի դիմաց ենթակառուցվածքները սեփականության վերցնելու նպատակով: Իսկ ահա ռուսները միգուցե կտան մի քիչ փող, էլի երեւի մի 20 տոկոս, որ մի երկու ռելս գցվի ու մի պայմանագիր ստորագրվի, որով Հայաստանը Ռուսաստանի սեփականությունը կդարձնի Իրան-Հայաստան երկաթուղին: Դե, Ռուսաստանի համար էլ կարեւորը այդ մի գիծն էլ տնօրինելն է, հետո կամաց-կամաց կկառուցեն երկաթուղին, տարին երեւի մի երկու մետր կամ կիլոմետր, քանի որ Ռուսաստանը երկաթուղու պակաս չունի, իսկ Իրանի հետ երկաթուղային կապն էլ ավելի հեշտ կարող է ապահովել Ադրբեջանի տարածքում արդեն գոյություն ունեցող երկաթուղով:
Ինչպես էլ որ նայում ենք, տեսնում ենք, որ թե նոր ատոմակայանի, թե Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության մասին “երկրորդ սերնդի” խոսակցությունները պակաս բլեֆ չեն, քան առաջին սերնդինը: Իշխանությունն իր քարոզչական ձեռագրին հատուկ վայելչագեղությամբ դրանց շուրջն է կառուցում Հայաստանի ապագա երջանկությունը, ինչն իհարկե միանգամայն հասկանալի է: Ինչքան հեռու լինի “երջանկության” առանցքը, այնքան հեռու կլինեն “երջանկության” բացակայության հետ կապված հանրային պահանջները, որովհետեւ ինչ անեն մարդիկ, գաղափարը հղացել են, բայց անտեր փողը չկա, որ կառուցեն այդ առանցքը: Այլ կերպ ասած, մի տեսակ ստացվում է, որ Հայաստանը “երջանիկ” չէ ոչ թե որովհետեւ իշխանությունը կամք չունի իրական բարեփոխումներ կատարելու համար, այլ որովհետեւ փող չունի մեծ գաղափարներն իրականացնելու համար` աղքատ է: Դե, իսկ աղքատությունն էլ արատ չէ, ինչպես կասեր ռուս դասականը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Thursday, August 26, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment