Thursday, August 26, 2010

Բելգրադը Բաքվի աջակցությունն է ակնկալում Կոսովոյի հարցում

«Tert.am», 26.08.2010: Սերբական Danas պարբերականը գրում է՝ Սերբիան ակնկալում է, որ մի շարք երկրներ, նախևառաջ` իսլամական, որոնք սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ կպաշտպանեն Ադրբեջանի բանաձևն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի անջատման, ելնելով սկզբունքներից, կպաշտպանեն նաև օրակարգի հաջորդ կետը՝ Կոսովոյի մասին բանաձևի նախագիծը։ Սերբական իշխանությունները գիտակցում են, որ Ադրբեջանի բանաձևին կողմ քվեարկած ոչ բոլոր երկրները կքվեարկեն Սերբիայի առաջարկած փաստաթղթի օգտին, սակայն լիահույս են, որ այդ երկրներից մի քանիսն առնվազն ձեռնպահ կմնան։ Այս մասին Danas-ին տեղեկացրել են Բելգրադի դիվանագիտական աղբյուրները։ «Կոսովոյի ու Լեռնային Ղարաբաղի դեպքերի միջև շատ նմանություններ կան, սակայն կան նաև լուրջ տարբերություններ։ Ե՛վ Սերբիան, և՛ Կոսովոյի անկախությունը չճանաչած մյուս երկրներն այն համեմատելու են աշխարհում համանման այլ դեպքերի հետ։ Այդ խնդիրների միաժամանակյա քննարկումը, անկասկած, կմեծացնի ողջ խնդրի նշանակությունը, սակայն դա, իհարկե, որոշիչ դեր չի ունենա այն հարցում, թե որ բանաձևը պետք է պաշտպանել։ Հաշվի առնելով, որ անկախության կողմնակիցների հիմնական փաստարկն այն է, թե դա բացառիկ դեպք է, ամենաազդեցիկ երկրների մեծ մասն սկսելու է համեմատել այդ երկու խնդիրները»,- ասում է ISAC հիմնադրամի հետազոտությունների գծով տնօրեն և նախկին Խորհրդային Միության տարածքում քաղաքական գործընթացների գիտակ Ժարկո Պետրովիչը։ Նրա խոսքով՝ Կոսովոյի ու Լեռնային Ղարաբաղի դեպքերն ադրբեջանցիների մեծ մասի տեսանկյունից նույնական կամ գրեթե նույնական են։ «Հետաքրքիր է, որ հայերը հարգում են «պատմական արդարությունը», ինչը նրանց գլխավոր փաստարկներից մեկն է հօգուտ այն հիմնավորման, որ Ղարաբաղն իրենց է պատկանում։ Այստեղ շատ նմանություններ կան սերբերի ու ալբանացիների դրույթների հետ։ Կոսովոյի ու Լեռնային Ղարաբաղի դեպքերի միջև ակնհայտ նմանություն է պատմության տրամագծորեն հակառակ մեկնաբանությունը, ինչպես սերբերի ու ալբանացիների, այնպես էլ հայերի ու ադրբեջանցիների կողմից։ Եվս մի նմանություն է այդ երկու տարածքների համար պատերազմներում ոճրագործությունների ու զոհերի թիվը։ Առավել կարևոր տարբերություն է այն, որ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ բանակցություններն ընթանում են արդեն ավելի քան 15 տարի՝ ի տարբերություն Կոսովոյի կարգավիճակի շուրջ բանակցությունների, որոնք փաստացի ավարտվեցին երկուսուկես տարի անց»,- ասում է Պետրովիչը։ Եվս մի տարբերություն, ըստ նրա, այն է, որ Եվրոպան ու Միացյալ Նահանգները շատ ավելի հետաքրքված են կայունությամբ Արևմտյան Բալկաններում, քան Կովկասում։ «Հետևաբար, այդ երկրները պատրաստ են «ավելի արդյունավետ» լուծել Կոսովոյի խնդիրը, քան Լեռնային Ղարաբաղինը։ Մյուս կողմից` Ռուսաստանն առավել կարևոր դեր է խաղում Կովկասում, քան Բալկաններում։ Ռուսաստանը Հայաստանի իր բազայում, որը, անկասկած, Լեռնային Ղարաբաղի գլխավոր պաշտպանն է, ունի մոտ 3500 զինվոր և հզոր օդային ու այլ ուժեր»,- ընդգծում է Պետրովիչը` հավելելով, թե չի կարելի հույսը դնել այն բանի վրա, որ Ադրբեջանի բանաձևը պաշտպանած երկրները մեխանիկորեն Սերբիայի բանաձևն էլ կպաշտպանեն։ «Այս հարթությունում պետությունները կառաջնորդվեն ինչպես սկզբունքներով, այնպես էլ քաղաքական շահերով»,- կարծում է Պետրովիչը։ Քաղաքագիտության պրոֆեսոր և Կոսովոյի հարցով բանակցող խմբի նախկին անդամ Սլոբոդան Սամարջիչը կարծում է՝ Կոսովոյի ու Լեռնային Ղարաբաղի դեպքերը նման են նրանով, որ տվյալ պետության տարածքից անջատվելու փորձ են ներկայացնում։ Ըստ նրա՝ երկու դեպքերի տարբերությունն այն է, որ Պրիշտինայի անջատումը տեղի է ունեցել միջազգային հանրության աջակցությամբ, այնինչ Լեռնային Ղարաբաղում դա չի եղել. այն ոչ ոք չի ճանաչել՝ որպես անկախ պետություն։ «Կոսովոյի դեպքում խախտվել են միջազգային իրավունքի նորմերը, իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում՝ ոչ։ Խնդիրն այն է, որ երբ խոսքը Կոսովոյի ու Մետոխիայի մասին է, մենք չգիտենք, թե Գլխավոր ասամբլեայում Սերբիայի որ բանաձևի օգտին կքվեարկեն. չէ՞ որ մինչև սեպտեմբերի 9-ը այն կարող է փոխվել, և Ադրբեջանի դիրքորոշումը պարզ է։ Մյուս խնդիրն այն է, որ Սերբիայում ժողովրդավարական հանրությունը, այդ թվում՝ ընդդիմությունը, պնդում է, որ մեր՝ առանց այդ էլ ոչ հստակ բանաձևը համաձայնեցվի Եվրամիության հետ»,- ասում է Սամարջիչը։

No comments: