Sunday, October 10, 2010

ՀՀ Անկախության 19-ամյակը…

Մոռացված խոստումներ, կորած երազանքներ…

Սեպտեմբերի 21-ին Լրացավ Հայաստանի Հանրապետության անկախության 19-ամյակը:
ՙԹղթե և երկաթե շերեփների՚ դիմելուց հետո, այսօր հայությունը ինքն է տնօրինում իր ճակատագիրը` Հայաստանի մի փոքր հողատարածքի վրա հաստատված Հանրապետությունում:
Համայն հայ ժողովրդի ներշնչման աղբյուրն ու երազանքը հանդիսացող` Անկախ Հայաստանը շուտով բոլորելու է իր երկրորդ տասնամյակը, սակայն, նա դեռևս տատանվում է ամուր քայլերով առաջ գնալուց:

Անկախացել է Հայաստանը օտարներից, դադարել է արտաքին միջամտությունը, հեռացել են օտարները երկրից, սակայն չի նահանջում սեփական տգիտությունը: Կամովին հրաժարվում ենք, երազած անկախությունից, կրկին օտարին հանձնում` ծախում, երկրի անկախության և անվտանգության հիմքը հանդիսացող` հաղորդակցության միջոցները, էներգետիկ հիմքերը, երկրի բնական ռեսուրսները, մայր արդյունաբերությունը:

Տնտեսությունը կապանքների մեջ է, չի զարգանում, որովհետև մրցունակությունը չափանիշ լինելու փոխարեն այն սակավաթիվ մարդկանց քմահաճույքի գերին է դարձել:
Փաստորեն, երկու տասնյակ մարդկանց պատճառած թալանի և անարդարության հետևանքով երկիրը կորցրել է իր բնակչության մեկ երրորդը: Ահա համայն հայության, Սփյուռքի և Հայաստանի երազած երկրի` Անկախ Հայաստանի, իրական պատկերը, որ համառորեն փորձում են քողարկել, չտեսնել, կուրանալ և չխոստովանել, որպեսզի չսրբագրել, լավագույն պարագայում` մրցակցին մեղավոր հայտարարել, ծածկելով սեփական պատասխանատվության և հանցանքի բաժինը, և ապա սրբանալ և այս բոլորը` անկախության նվաճման գինը ներկայացնել:

Եթե 5-րդ դարում մեզ գիրª Այբուբեն էր պետք, գալիք 1600-ամյակում ազգային ինքնությունը պահպանելու համար, թվում է, որ այժմª 21-րդ դարում, նորատեսակ ՙԱյբուբենի՚ կարիքն և անհրաժեշտությունն է զգացվում:
ՙԱյբուբեն՚, որով սովորել նախ անկեղծանալ, խոնարհվել արժեքների առջև, համեստությամբ ընդունել սեփական ավերիչ սխալը և դրսևորել խիզախություն` այդ սխալը սրբագրելու համար:
Հրաշագործ մի ՙԱյբուբեն՚, որով հնարավոր լինի ձերբազատել երկրը խուլիգանություններից ու կամայականություններից և բանիմացությամբ մշակել երկիր կառավարելու նախագիծ:
Ահա անարդարությունից և կոռուպցիայից ազատագրվելու միակ այլընտրանքը, այլապես նոր թափ առած արտագաղթի և հայաթափման ալիքը կործանելու է ամեն ինչ, իր հետ տանելով, թալանչիներին… բայց նաև Հայության այնքան փայփայած երազանքները:
Ամենևին, հուսահատության մղելու նպատակ չեմ հետապնդում. կատարածս` ընդամենը, անկեղծության և սթափության հապաղած հրավեր է:

Անկախության տարեդարձը` ՙՍեպտեմբերի 21՚-ի տասնիննամյակը, շնորհավորելուց բոլորս, և առաջին հերթին սարսափելի կացության բուն պատասխանատուները, թող ամոթանք զգանք, անուններ շարելու անհրաժեշտություն չկա: Պատասխանատվությունը առավել կամ նվազ չափով հասցեագրված է մեզ բոլորիս:
Մ. Քեշիշյան
«ԱՐԱՔՍ» թիվ 201
http://araxmag.blogspot.com
/

No comments: