Monday, October 11, 2010

Կանայք ընտրում են Հայաստանի ամենահմայիչ քաղաքական գործչին

News.am. 11-10-2010- Բոլորովին վերջերս NEWS.am-ը հարցում էր անցկացրել Հայաստանի քաղաքական էլիտայի ուժեղ սեռի ներկայացուցիչների շրջանում՝ պարզելու համար, թե ով է, իրենց կարծիքով, Հայաստանի ամենաազդեցիկ կին քաղաքական գործիչը:
Այժմ NEWS.am-ը որոշել է դիմել մեր գեղեցիկ կանանց` պատգամավորների, քաղաքական եւ հասարակական գործիչների` պարզելու, թե ո՞վ է Հայաստանի ամենահմայիչ եւ ազդեցիկ տղամարդը:
Լսելով հարցը, թե «Ձեր կարծիքով, ո՞վ է ժամանակակից Հայաստանի ամենաազդեցիկ, ամենահմայիչ եւ խարիզմատիկ քաղաքական գործիչը», առաջինն, ինչ ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն այն էր, որ իր աչքի լույսն իր ամուսինն է: «Ինձ համար դժվար է պատասխանել այդպիսի հարցի, բայց եթե ընդհանուր մտածեմ, ապա հայտնի քաղաքական գործիչներից կարող եմ նշել Րաֆֆի Հովհաննիսյանին. Ինձ համար նա ապագայի քաղաքական իդեալ է: Ներկայումս նա այդքան էլ չի ընկալվում հասարակության կողմից, բայց հասարակության առողջ հատվածը նրան բարձր գնահատական է տալիս»,- հայտարարեց Ալավերդյանը:
Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ ՀՅԴ խմբակցությունից Ռուզան Առաքելյանն ու Լիլիթ Գալստյանը Ալավերդյանի այդ կարծիքը չեն կիսում: Երկուսն էլ կարծում են, որ պատվանդանը պետք է բաժին հասնի Վահան Հովհաննիսյանին: «Վահան Հովհաննիսյան եւ վերջակետ: Բայց ոչ այն պատճառով, որ նա իմ ընկերն ու համակուսակիցն է արդեն քսան տարի, այլ այն պատճառով, որ նա ունի մարդկային բարձր արժեքներ, ջենտլմեն է, քաղաքական մտքի վառ կրող, ունի հումորի զգացում: Միանշանակ` Վահան Հովհաննիսյան»,- հայտարարեց Լիլիթ Գալստյանը:
Ռուզան Առաքելյանը, միանալով գործընկերուհու կարծիքին, նշեց, որ նրա համար արտաքին տեսքը, հումորը եւ այլ որակները մեծ նշանակություն ունեն, բայց առաջնային չեն նման հարցում: «Վահան Հովհաննիսյանն իմ խորհրդարանական շրջապատում ամենաբարձր ինտելեկտ ունեցող մարդն է», - ասաց նա` ձայնը տալով իր առաջնորդին:
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկրի քաղաքական դաշտի ամենաազդեցիկ դեմքն է»,- կարճ պատասխան տվեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հայաստանի հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Կարինե Աճեմյանը, բնականաբար, համակարծիք էր նախարարի հետ, նույնպես նշելով, որ Սերժ Սարգսյանը երկրի ամենաազդեցիկ դեմքն է:
«Հմայիչի առումով դժվարանում եմ պատասխանել, բայց ինչ վերաբերում է ազդեցիկին, այստեղ կասկած լինել չի կարող», - կարծիք հայտնեց կին պատգամավորը:

No comments: