Wednesday, October 13, 2010

Ադրբեջանահայերը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. «Մենք, 1915 թվականի զոհերի նման, լուռ չենք պառկելու գերազմաններում»

Հոկտեմբերի 11-ին կայացավ Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի հերթական նիստը, որտեղ քննարկվեց և հավանություն տրվեց կազմկոմիտեի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված նամակը: Հոկտեմբերի 12-ին նամակը հանձնվեց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ:
Մենք գիտենք, որ դուք նորից տարածաշրջանում եք: Եվ միջազգային հանրության հանձնարարականով իրականացվող հերթական առաքելությամբ: Եվ գիտենք, որ այդ առաքելությունը ֆորմալ տեսակետից մեզ էլ է վերաբերվում: Եվ նախ և առաջ մեզ: Եվ գիտենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ, դուք մեզ չեք հանդիպելու: Ավելին, մեզ վերաբերող ոչ մի հարցով չեք զբաղվելու: Մեր մասին ոչ մի տեղ և ոչինչ չեք գրանցելու: Որովհետև մենք նրանք ենք, ով արդեն չպետք է լիներ: Ով արդեն 20 տարուց ավել այս տարածաշրջանում շարունակվող թոհուբոհի, դժբախտությունների և ողբերգությունների անվերջ թվացող մի շրջանի նշանակված զոհն է: Մենք արդեն չպետք է լինեինք, բայց կանք: Ավելին, մտադիր չենք արդեն մեզ համար նախապատրաստված ճակատագրի լուռ ու հնազանդ խաղալիքը լինենք, այլ պատրաստ ենք ուժերի առավելագույն կենտրոնացումով և համախմբումով պայքարել մեր ոտնահարված արժանապատվությունը վերականգնելու, մեզ` նման ճակատագիր գծագրողներին և մեր հանդեպ այն իրականացնողներին մերկացնելու և արժանի հատուցման առջև կանգնացնելու, մեր բոլոր ոտնահարված իրավունքները վերականգնելու: Ինչպես արդեն կռահեցիք, մենք Ադրբեջանից ազգությամբ հայ բռնագաղթվածներն ենք: Մեզ հետ միասին այդ նույն ճակատագրին Ադրբեջանում արժանացել են նաև բազմաթիվ ասորիներ և ռուսներ, լեզգիներ ու թալիշներ, հրեաներ, հույներ, ուդիներ և անգամ` ադրբեջանցիներ: Սակայն ամենամեծ հատվածը բռնագաղթածների, այնուհանդերձ, հարյուր հազարավոր հայեր էին: Երբ 88-ին առաջին ջարդարար հրոսակախմբերը սկսեցին իրենց ներխուժումները հայերի տները` Սումգայիթում, Բաքվում, Գյանջայում, Ադրբեջանի հայաբնակ բոլոր վայրերում, երբ մարդկանց բռնաբարում, սպանում, տանջում էին ամբոխները` ուղղակի քաղաքների և ավանների փողոցներում և հրապարակներում, անգամ երբ այդ ամենը վերածվեց հարյուր հազարավոր խելագարների շաբաշների, (խելագարների` որոնց սկսեցին ղեկավարել ապագա անկախ Ադրբեջանի պարագլուխները), անգամ այդ ժամանակ մենք դեռ հրաժարվում էինք այդ ամենում որևէ օրինաչափություն, կառավարող ձեռք տեսնել: Այդ ամենը մեզ թվում էր մի սարսափելի, վայրագ արձագանք Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման մարմինների ինքնորոշման մասին ընդունած բանաձևերի: Բայց չէ որ մեզանից այդ քայլի կապակցությամբ ոչ ոք ոչ մի պաշտպանության խոսք, էլ ուր մնաց գործողություն, չէր կատարել, շատերը, հակառակը, հրապարակայնորեն` թերթերով, հեռուստատեսությամբ, դատապարտել էին այն. այնպիսի սարսափ էր պատել մարդկանց, որ որևէ այլ արձագանք ուղղակի բացառվում էր: Բայց չնայած այս ամենին, մարդկանց շարունակում էին սպանել, նրանց ունեցվածքն առևանգել և այրել` զուտ այն պատճառով, որ նրանք հայեր են:
Հետագայում տարբեր գիտակներ բացատրում էին, որ եղածը ԽՍՀՄ ղեկավարության ռեակցիոն-պահպանողական թևի դրդածն ու կազմակերպածն էր` Հայաստանում ու Ղարաբաղում բուռն զարգացող ժողովրդավարական գործառույթները խափանելու համար: Տարիներ անց, ամփոփելով եղածը, գիտակների մի այլ խումբ պնդում էր, որ իրականում տարածք է ազատվում ապագա նավթային-էներգետիկ կոմունիկացիոն միջանցքի համար, և էթնիկ զտումները այդ միջանցքի տարածքում կայունություն ապահովող գործողությունների բաղկացուցիչ մասն էր: Այս վերջին` անհեթեթ ու ֆանտաստիկ թվացող վարկածն առաջ քաշողները նշում էին եղածի բացարձակ նույնությունը 1915 թվականի ցեղասպանության հետ: Վերլուծաբանները հետագայում որպես Արևմտյան Հայաստանի տարածքներում իրականացված ցեղասպանության հիմնական պատճառ մատնանշում էին ռեգիոնում բացարձակ կայունության ապահովումը` այդ տեղով նախատեսված Մերձավոր Արևելք (Իրաք, Եվրոպա), ըստ էության` նավթային-էներգետիկ երկաթուղու կառուցման ու շահագործման համար:
Այս ամենը մենք երկար ժամանակ զուտ դատարկ մտավարժանքներ էինք համարում, համոզված լինելով, որ ԽՍՀՄ-ը, իսկ վերջինիս փլուզումից հետո` նրա իրավահաջորդ Ռուսաստանը, անկախություն և ժողովրդավարություն հռչակած Ադրբեջանը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, վաղ թե ուշ կհայտնաբերեն մեղավորներին և կպատժեն նրանց, մեկ առ մեկ կգտնեն մեզ բոլորիս, որտեղ էլ որ մենք լինենք, կվերականգնեն մեր բոլոր իրավունքները` նախ և առաջ մեր հայրենիքում ազատ ապրելու, ուր տարածաշրջանի մյուս բնիկ ժողովուրդների հետ միասին նոր ժամանողների հետ համակեցության հնարավորություններ շոշափելով և հաստատելով հազարամյակներ շարունակ ապրել են մեր նախնիները:
Ցավոք, իրականությունը գերազանցեց բոլոր ամենամռայլ կանխատեսումները: Մեզ ոչ ոք ոչ մի տեղ չէր սպասում: Փլուզվող Խորհրդային Միությունը, նրա փլատակների վրա ձևավորված իրավահաջորդ Ռուսաստանը, թաթախված էին սեփական պրոբլեմներում, և նորերը նրանց պետք չէին: Անկախ Ադրբեջան հռչակեցին ու նրա ղեկը շատ դեպքերում զավթեցին հենց այն անձինք, ովքեր կազմակերպում էին հայերի ջարդերը: Իսկ այն ադրբեջանցիները, ովքեր ինչ-որ ձևով փորձում էին ընդդիմանալ ջարդարարներին, օգնել մեզ, իրենք իսկ հայտնվեցին արդեն քաղաքական հալածյալների և վտարանդիների դերում: Այդ Ադրբեջանը շարունակեց վերջին տասնյակ հազարավոր հայերի ջարդերն ու բռնագաղթը: Պատերազմի հետևանքով Ղարաբաղի շուրջ առաջացած ամայի գոտում բնակություն հաստատած բռնագաղթվածներին նա անդադար սպառնում էր պատերազմով, գնդակոծում և դիվերսիաներ իրականացնում այնտեղ: Նա ոչ միայն նավթի վաճառքից առաջացած հսկայական գումարներից այդ մարդկանց հասնող մասը չտրամադրեց նրանց` այդ տարածքներում բնակություն հաստատելու նպատակով, այլև օգտագործեց այդ միջոցները սպառնալիքները և դիվերսիաները ավելացնելու, արտաքին աշխարհին այդ շանտաժի մասնակիցը դարձնելու նպատակով: ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, աշխարհի առավել ազդեցիկ մի շարք պետություններ, որդեգրելով այդ նույն խաղի կանոնները, անտեսում էին մեզ ամենուրեք. Մենք չէինք հիշատակվում և ոչ մի բանակցությունների ընթացքում, ոչ մի ընդունված փաստաթղթում: Գրեթե բոլոր երկրներում, որտեղ մենք հանգրվան էինք գտնում, մենք անցանկալի էինք: Մեծագույն դժվարությամբ ապրուստ էինք հայթայթում, ամեն վայրկյան ենթակա էինք արտաքսման: Իսկ արտաքսելու էին մեզ… Բաքու, քանի որ այդպես էր “որոշել” “համաշխարհային հանրությունը”, ի դեմս… Մինսկի խմբի: 2007ին զարմանքով կարդում էինք Միջազգային Ճգնաժամային Խմբի առաջարկը Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվելիք պայմանագրի մասին, առաջարկելով, որ այնտեղ ներառվի արգելքը Ղարաբաղի փաստացի իշխանություններին` նրա շուրջ տարածքներում հայերին բնակեցնելու, նրանց կողմից ինքնակառավարման մարմիններ ստեղծելու, նրանց կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու և մի շարք այլ հարցերում: Սակայն այդ զեկույցում փաստացի կեղծիք կար: Այն ընդամենը արտահոսք էր, իսկ առաջարկը արդեն իրականացվում էր: Անհասկանալի էր, թե միջազգային հանրության որ ատյանները (ըստ ամենայնի` Մինսկի խումբը և ուրիշներ) ինչպիսի ճնշում էին գործադրել Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունների վրա, սակայն Ադրբեջանից բռնագաղթվածների համար բոլոր արտոնությունները սրընթաց վերացվում էին, բոլոր արտոնությունները կրճատվում` 2003-2004 թվականներից սկսված մինչև այսօր Ղարաբաղի շուրջ գտնվող բոլոր տարածքներում:
Այսպիսով, Ադրբեջանից բռնագաղթված հայերի (իսկ միգուցե և այլ «անցանկնալի» ազգությունների ներկայացուցիչների) համար թողնված էր միայն մեկ հեռանկար. ոչնչանալ, տարրալուծվել, կորչել որպես միասնություն, խնդիր, պրոբլեմ, ժամանակակից աշխարհի ճարտարապետների ձեռքերը ապագան գծագրելիս ավելորդ պրոբլեմներից ազատելու համար:
Բայց մենք պատմության դառը էջերի դասերը քաղելով, որոշեցինք այլևս չսպասել` ըմբոստանալ: Մենք, 1915 թվականի զոհերի նման, լուռ չենք պառկելու գերազմաններում, ցիրուցան չենք թափառելու աշխարհով մեկ` սպասելով, թե երբ աշխարհի հզորներին ձեռնտու կդառնա խոսել ցեղասպանություններից և հատուցումներից: Մենք հենց այսօր ձեռնամուխ ենք եղել հրավիրելու ադրբեջանահայության (ըստ ամենայնի նաև Ադրբեջանի այլ հալածյալ ազգերի և քաղաքական հետապնդումների ենթակաների) համագումար, որտեղ կձևավորենք մի պետաիրավական, քաղաքական կառույց, որը կկարողանա ստանալ պատասխանը, թե ով և ինչու է իրականացրել այն բոլոր հանցագործությունները մեր հանդեպ, որոնց մենք բախվեցինք վերջին քսանամյակում, ով և ինչու շարունակում է մեր հանդեպ այդ հետապնդումների շղթան, և ինչպես կառուցել ու կարգավորել մեր կյանքն այսօր:
Հույս ունենք, որ ձեզնից, միջազգային կառույցներից, օտարերկրյա պետություններից, Ադրբեջանից, Ղարաբաղից, Հայաստանից նրանք, ովքեր ակամա են ներգրավված եղել այս արատավոր գործընթացներում, համարձակություն կգտնեն իրենց մեջ ետ կանգնել և հաղթահարել այն անօրությունները, որոնք ստեղծվել են նաև իրենց ակամա մասնակցությամբ:
Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտե

No comments: