Wednesday, October 13, 2010

Հայացք Սփյուռքից. Ինչո՞ւ ենք կարողանում տկար վիճակում Սարդարապատ կերտել, բայց 2 տարի անց առանց փամփուշտի հանձնում Կարսը

News.am. 13-10-2010- ԱՄՆ-ի ՍԴՀԿ «Նոր Սերունդ» մշակութային միության ատենապետ Հարութ Տեր-Դավիթյանն իր հոդվածում անդրադարձել է հայկական եւ հատկապես հայաստանյան իրականության մեջ անկումային իրավիճակին, բանակում վերջին շրջանում կատարվող դեպքերին եւ դրանց հետեւանքներին: Ստորեւ ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:
«Հայաստանի Բանակի ներսում հուլիս-օգոստոս ամիսներին պատահած 9 սպանությունները, սեպտեմբեր 11-ին YouTube-ում տեղադրված Հայաստանի բանակի սպայի վարկաբեկիչ արարքը եւ Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձը խորհրդածությունների դուռ բացեցին:
Ազգը` հակառակ սակավաթիվ լինելուն, երբ հազարավոր տարիներ շարունակում է մնալ պատմության թատերաբեմում, նշանակում է օժտված է հզոր հատկություններով: Բայց ինչպե՞ս բացատրել նույն ազգի սակավաթիվ մնալը, երբ իրենից դարեր անց հայտնված սակավաթիվ այլ ազգեր հաջողում են ստվարանալ եւ մեծ ուժ դառնալ:
Որո՞նք են այն հզոր հատկությունները որ մեզ պահում են եւ ինչո՞ւ նրանք մեզ չեն առաջնորդում դեպի քանակական եւ որակական բարձրունքներ: Ինչո՞ւ ենք կարողանում տկար եւ հուսահատական վիճակի մեջ Սարդարապատ կերտել, բայց երկու տարի հետո ավելի կազդուրված, զինված եւ հուսալի վիճակի հասնելուց հետո, առանց փամփուշտ արձակելու Կարսի ամրակուռ բերդաքաղաքը թշնամուն ենք հանձնում: Ինչո՞ւ ենք կարողանում որսորդական հրացաններով ու պաշտպանական ջոկատներով Արցախյան հերոսամարտ կերտել, բայց փոխանակ ազատագրած հողը ամրացնելու, այն լքում ենք ու հեռանում:
Արդյո՞ք հուսահատական վիճակների մեջ իդեալիստների զոհաբերությամբ կերտված հաղթանակները ավարի կեր են դառնում խաղաղ ժամանակների պատեհապաշտներին, ազգային գիտակցությունից եւ հայրենասիրությունից զուրկ վաշխառուների, հայրենիքը անձնական ագարակի նման շահագործող չարչիների, հարստացնելով նրանց` ի հեճուկս ժողովրդի վճռականության մաշումի եւ նրանց հույսերի եւ երազների մարումի:
Այլապես ի՞նչպես բացատրել Սարդարապատի խոյանքից դեպի Կարսի հանձնում գահավիժումը եւ կամ Շուշիի ու Քելբաջարի սլացքից դեպի այսօրվա անփառունակ իրավիճակի անկումը, որ դեռ գահավիժում է: «Երբ չի մնում ելք ու ճառ, խենթերն են գտնում հնար». իսկ պատեհապաշտ ու վաշխառու չարչիներն էլ «խենթերերի» գտած հնարը մսխելով, առիթը չեն ստեղծում քար քարի վրա դնելով բարգավաճելու, ստվարանալու եւ մեծ ուժ դառնալու համար: Այսպիսով գոյություն ենք քարշ տալիս մինչեւ հաջորդ պտույտը:
Հավանաբար այսպես պետք է բացատրել նաեւ Լորդ Բայրոնի հմայվելը հայությամբ, մեր մեջ մտնելը, հայերեն սովորելն ու որոշ ժամանակ անց, իր սերնդակից հայերին արժանի չհամարելով հայոց նախնիքին, հեռանալն ու հույների ազատագրական պայքարին նվիրվելը: Բայրոնն մի օտար իդեալիստ էր. նա մեր մեջ մտավ, չկարողացանք պահել, հուսախաբ հեռացավ: Արդյո՞ք մեր տկար ու սակավաթիվ մնալու գլխավոր պատճառներից մեկն էլ չարչի պատեհապաշտների պատճառով հուսախաբ եղած հայերի, անտարբեր ու կրավորական դարձած հայերիի հայությունից հեռացումն է:
Գիտակցո՞ւմ ենք, արդյոք, որ այս ընթացքով Արցախյան հերոսամարտն էլ կարող է հանգել ներ Կարսյան խայտառակության:
Մտածենք ու գտնենք հնարը` փոխելու այս ընթացքը»:

No comments: