Monday, October 11, 2010

Իսրայելում բնակվող այլազգիները Իսրայելին հավատարիմ լինելու երդում կտան

Tert.am. 11-10-2010- Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել հրեական պետությանը հավատարիմ լինելու երդման մասին օրենքին։
Վարչապետ Բենյամին Նեթանյահուի առաջարկած նորամուծությունը տարածվում է միայն ոչ հրեաների վրա։
Նախաձեռնության քննադատները մեղադրել են կառավարությանը երկրի 20 տոկոսը կազմող իսրայելցի արաբների ազգային զգացմունքները ոտնահարելու համար։
«Իսրայելը հրեա ժողովրդի ազգային պետությունն է և ժողովրդավարական պետություն է, որի բոլոր քաղաքացիները՝ հրեաները և ոչ հրեաները, ունեն հավասար իրավունքներ։ Այս երկու սկզբունքների համադրությունը կազմում է մեր ազգային կյանքի հիմքը և յուրաքանչյուրը, ով ցանկանում է միանալ մեզ, պետք է դա ընդունի»,- ասել է Նեթանյահուն։
Արաբ խորհրդարանական Ահմադ Թիբին «սադրանք» է անվանել Քաղաքացիության մասին օրենքի լրացումները, որոնք ընդունվել են նախարարների 22 «կողմ» ձայնով՝ ընդդեմ 8-ի, և ենթակա են Քնեսեթի հաստատմանը։
«Նրա նպատակն է օրենսդրորեն ամրագրել արաբ բնակչության կործանարար կարգավիճակը։ Նեթանյահուն և նրա կառավարությունը սահմանափակում են Իսրայելում ժողովրդավարությունը»,- ասել է Թիբին ԶԼՄ-ներին։
Պաշտոնապես իսրայելցի արաբները հրեա մեծամասնության հետ ունեն հավասար իրավունքներ, ներառյալ՝ ընտրական, բայց նրանք հաճախ դժգոհում են փաստացի խտրականության պատճառով։
Իրենց նույնացնելով պաղեստինցիների հետ՝ նրանցից շատերը պայքար են մղում ոչ միայն իսրայելական հասարակությունում սեփական կարգավիճակի բարձրացման համար, այլ նաև պաշտպանում են «գրավված տարածքներում» ապրող իրենց ցեղակիցների իրավունքները։
Նշենք, որ Իսրայելն արգելել է դատվածություն ունեցող հրեաների վերադարձը Իսրայել։

No comments: