Tuesday, October 12, 2010

ԳԱՐԵԳԻՆ Բ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԴԵՐ ԶՈՐԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻՆ

Ամենայն հայոց կաթողիկոսը երեկ ընդունել է Դեր Զորի նահանգապետ Հուսեյն Առնուսին: Ըստ Մայր աթոռի տեղեկատվական համակարգիՙ Նորին սրբությունը, ողջունելով նահանգապետի այցը Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, վերհիշել է 2001 թ. իր այցը Դեր Զոր: Անդրադառնալով հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությանը` Վեհափառ հայրապետը շնորհակալական զգացումով նշել է Սիրիայի ժողովրդի ու իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայ ժողովրդի հանդեպ:
Գարեգին Երկրորդը երախտագիտությամբ ընդգծել է նաեւ, որ 1915 թ. Մեծ եղեռնի տարիներին ցեղասպանությունից մազապուրծ շատ հայորդիներ իրենց ապաստանն են գտել արաբ ժողովրդի մոտ: «Թող Աստված երկնքից խաղաղություն իջեցնի ձեր աստվածասեր ժողովրդի վրա, խաղաղություն, որը խարսխված է արդարության վրա: Մենք միշտ կհիշենք մեր հանդիպումները, որոնք ոչ միայն ուրախության, այլեւ երախտագիտության զգացում են առաջացնում մեր մեջ հանդեպ Սիրիո ժողովրդի: Եկեղեցու օրհնությունը հովանի լինի ձեզ վրա եւ շնորհազարդի բարի գործերի համար: Այդ օրհնությունն անկասկած պիտի ավելի պտղաբերի եւ արդյունավորի ձեր ընթացքը», իր խոսքում նշել է Վեհափառ հայրապետը:
Նորին սրբությունն իր ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել նաեւ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին: Նահանգապետ Առնուսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար:

No comments: