Sunday, October 10, 2010

ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉԸ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱՄԱԶԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉԸ
Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում կայացած թուրքական բեմադրությունը թեև ինչ-որ չափով ձախողվեց հայկական հակազդեցությամբ, սակայյն պիտի ընդունենք նաև, որ մեր ձեռքբերումը այդ հարցում չնչին էին և թուրքական հակաքայլը, այսինքն խաչի տեղադրումը փակեց հարցը: Եվ եթե մենք չկարողանանք մեր մշակութային ժառանգության պահպանման հարցը բարձրացնել և հաստատել միջազգային ատյաններում, ապա գրեթե ոչինչ շահած չենք լինի այս բոլորի մեջ:
Արևմտյան Հայաստանում 1912թ. հաշվառված 2000 եկեղեցիներից այսօր ընդամենը մի քանի ավերակներ են մնացել և միայն ամենօրյա պայքարով է, որ կարող ենք որոշ չափով ապահովել այդ մասունքները:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱՄԱԶ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Անբացատրելի լռություն
Ընթացիկ հոկտեմբերի 1-ին, Թուրքիայի իշխանությունների արտոնությամբ ՙԱզգայնական շարժում՚ կուսակցության կողմից նամազ կազմակերպվեց Անիի Սուրբ Աստվածածին մայր տաճարում, որն, ինքնաբերաբար, պիտի խռովք առաջացներ յուրաքանչյուր հայրենասեր հայի մոտ, սակայն բացի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դատապարտումից ու հատ ու կենտ որոշ անհատների բողոքից, որևէ այլ ձայն չբարձրացավ այս առիթով, ինչը իրականության մեջ ի ցույց դրեց մեր թուլությունը թուրքական այս նոր խաղի դեմ:
Այս խնդրում ապշեցնող էր մանավանդ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության որդեգրած ընթացքը: Ինչպե՞ս կարող էր Անթիլիասը, կայծակնային արագությամբ, դատապարտել մի քանի խելարի կողմից Ղուրանի այրելը, բայց լուռ մնալ Անիի Մայր Տաճարում կայացած նամազի կապակցությամբ:
ՀՀ իշխանությունների, հայ քաղաքական այրերի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ու նրան ենթակա միջին արևելյան թեմերի կրավորական և անտարբեր մոտեցումը այս հարցով ցույց տվեց, որ մենք` ՀՀ իշխանությունով, Անթիլիասով, սփյուռքահայ կուսակցություններով և իսլամական երկրներում ներկա մեր կառույցներով, դեռ չենք կարողացել հստակ մի ձևաչափ ճշտել իսլամական աշխարհի հետ շփվելու համար:
Պարզ է, որ աղոթքը, անկախ նրանից թե որ կրոնի հետեւորդներն են կայացնում այն, հարգելի է բոլորի կողմից, սակայն այն ինչ կայացավ Անիի Մայր տաճարում, իրականության մեջ թուրքական քաղաքական շոու-ի մի արարն էր, որ միտում էր առաջին հերթին Թուրքիայում քարոզել հայատյացությունը, երկրորդ` գալիք ընտրություններում ձայներ ապահովել պանթուրքիստական գաղափարախոսության հետեւորդների համար:
Մայր տաճարում կայացած նամազը քաղաքական էր իր էությամբ, քանզի իսլամական հավատամքի հիման վրա նույնիսկ նամազը չի ընդունվում եթե այն կայանում է գրավյալ տարածքի վրա, կամ եթե տանտերը, այս դեպքում հայությունը, համաձայն չէ նրա կայացման հետ:
Մեր կարծիքով քաղաքական ետին նպատակներ հետապնդող նման արարքները միայն ծառայում են կրոնների տարանջատմանը, ուստիեւ բոլորի, պարտքն է դատապարտել ավերիչ քաղաքական ենթատեքստ ունեցող նման արարքները` Ղուրանի ու մարգարեների նկատմամբ անհարգալից վերաբերմունքից սկսած, մինչեւ կասկածելի նպատակների համար աղոթքի կանգնելը:
Ելակետ ունենալով այդ կարեւոր փաստերը մեր արդար իրավունքն է, որ իսլամական աշխարհից պահանջենք, որ դատապարտի կրոնը քաղաքական չարաշահումների ենթարկելու նման քայլերը:
«ԱՐԱՔՍ» թիվ 201
http://araxmag.blogspot.com
/

No comments: