Monday, October 11, 2010

ՏԱՊԱԼՎԱԾ ԲԻԶՆԵՍ ՊՐՈՅԵԿՏ

Անուշ Սեդրակյան. Քաղաքական վերլուծաբան


-Անուշ, ըստ Ձեզ` այսօր հասարակությունը քաղաքական խավից ի՞նչ պահանջներ ունի: Ոմանք այն կարծիքին են, որ չկա հասարակական համընդհանուր պահանջ, իսկ ոմանք էլ նշում են, որ դա արդարության պահանջն է:
-Համընդհանուր հասարակական պահանջը պետք է բխի համընդհանուր անհատական պահանջից, իսկ մարդն այս աշխարհում մեկ պահանջ ունի` երջանիկ լինելու պահանջ, որի մեջ մտնում են բազաթիվ բաղադրիչներ. առաջին` արդարության պահանջն է: Երկրորդ ամենակարեւոր պահանջը հետաքրքրության պահանջն է, որ մենք ընդհանրապես բացառում ենք, քանի որ մեր պատմությունը մեզ երբեք չի թողել դրանով արդարացիորեն զբաղվենք: Մենք անընդհատ գոյատեւել ենք` սրանից- նրանից ինչ-որ բան «պռճոկելով» ու մոռացել ենք ամենակարեւոր պահանջի մասին: Բացի օրվա հացի պահանջից` մենք ուրիշ հետաքրքրություն չունենք: Սա կործանարար է հասարակության համար:

Ընդ որում`հայ ժողովուրդն ընդհանրապես իր կյանքում հազվադեպ է ունեցել փուլեր, որ հետարքրքված է եղել: Որ փուլում հետաքրքված է եղել, այդ հետարքրքությունը այնքան բուռն է եղել, որ մենք ունեցել ենք այսպես կոչված ոսկեդարյան ռենեսանսյան պահեր. Ղարաբաղյան շարժումն էլ համարում ենք ռենեսանսի դրսեւորում, որովհետեւ հայ ժողովուրդը վերջապես հետաքրքրվեց քաղաքականությամբ, ազգաստեղծությամբ, սակայն, ցավոք, այդ պահը կարճ տեւեց: Հաջողակ կայացած երկների (ընդ որում, ես հաջողակ երկիր չեմ համարում այն երկիրը, որ սոցիալապես եւ նյութապես ապահով է, այլ էսեթետիկորեն, մշակութորեն կայացած երկների մասին է խոսքը) մարդիկ անպայման միավորվում են համաձայն ոչ թե իրենց շահերի, այլ իրենց հետաքրքրությունների:

-Հետաքրքության պահանջ քաղաքականության, արվեստի մեջ, ընդհանրապես ամենո՞ւր չկա, եւ եթե չկա, ապա ինչո՞ւ չկա:
-Ամենուր չկա: Նախ, ես գենետիկ հոգնածության տարբերակի կողմակից եմ: Իրոք, գենը հոգնել է, որովհետեւ դարեր շարունակ ուղղորդվել է միայն գոյապահպանության ուղով: Իսկ հետաքրքրությունը պայմանավորված է մարդու տարիքի փուլերով. երեխան հետաքրքրված է, երիտասարդը հետաքրքրված է, ծեր մարդն այլեւս դժվարությամբ է հետաքրքրվում: Նույն տեսությունը կիրառելի է նաեւ ժողովուրդների հանդեպ: Մենք կորցրել ենք առողջ ներգրավվածության, մի քիչ թեթեւամտության ուղին (յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր ազգ պետք է մի քիչ թեթեւամիտ լինի): Մենք մանկամիտ ենք, ծանրամիտ ենք, բայց հաստատ ազգային թեթեւություն չունենք, երբ կարելի է մտնել ինչ-որ ավանտյուրաների մեջ: Տեսեք` Ֆրասիայի նման էքսկլյուզիվ երկրի պատմության կեսն ավանտյուրա է, իսկ մեզ մոտ դրանք չհաջողված առեւտրական պրոյեկտներ են: Հայաստանի քաղաքական խնդիրը միշտ եղել է այն, թե ում ինչպես խաբեն, եւ արդյունքում միշտ իրենք են խաբված դուրս եկել:

Ցայսօր էլ մեր քաղաքականությունը տապալված բիզնես պրոյեկտ է: Բոլորը փորձում են դիվիդենտ քաղել մի տեղից, որտեղից դիվինդենտ հնարավոր չէ քաղել, չկա, չի կարող լինել դիվիդենտ: Հիմա Հայաստանում միակ դիվիդենտը սեփական երջանկության ուղիները որոնելն է, այնինչ հասարակությունը չի որոնում երջանկություն:

-Սեփական երջանկության դիվիդենտները որոնելու ճանապարհին հիմնականում դիմում են արտագաղթի, գնում են երջանկություն որոնելու: Այս տարի արդեն 40 տոկոսն է ցանկանում գնալ:
-Մարդը գնում է արտասահման, հիմնական մոտիվացիան հետեւյալն է` այստեղ չեմ կարողանում փող աշխատել: Ոչ թե գնում են, որովհետեւ այնտեղի կյանքն ավելի խոսոտումնալից է, ավելի մեծ հնարավորություններ կան, կամ ինչ է լինելու երեխաների ապագան, գնալու են այնտեղ եւ էլի հացի խնդիրը դնեն: Անհատապես ոչինչ չի փոխվում:


-Եվ եթե անհատապես այլեւս ոչ մի բան չի փոխվում, գետետիկորեն էլ ծերացած ենք, նոր սերո?ւնդը պետք է գա:

-Նոր սերունդը գալիս է, եւ ցավոք այդ նոր սերնդին մենք հետեւողականորեն փչացնում ենք, որովհետեւ հետաքրքրությունը չկա, որեւէ հանրային, երիտասարդական կառույց չկա, դրա համար էլ մենք երեխեքից սարքում ենք պուճուր բազեիկներ, պուճուր օրինացներ: Հետո փչացած ընտանիքի միկրոմոդելը փաթաթում ենք երեխաների գլխին ու այդպես շարունակաբար մենք այդ սերունդը փչացնում ենք, չենք թողնում ապրի:

-Անուշ, այնուամենայնիվ, մենք տեսնում, ենք որ այդ նոր սերունդը պահանջատեր է, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը», կամ ասենք բնապահպանական եւ այլ նախաձեռնություններ:
-Ես էլ եմ միացել այդ նախաձեռնություններին, ինձ համար դրանք շատ կարեւոր են, բայց, այնուամենայնիվ, կրկնում եմ, ամենահեշտ պահանջը կարելի է ներկայացնել քաղաքական խավերին: Այսինքն` պահանջել, որ ինչ-որ գործառույթ կազմակերպվի այսպես թե այնպես, դա ամենահեշտ պահանջի ձեւն է: Ներքին պահանջը` մարդն ինքն իրեն է դիմում կամ դիմում է իր հարազատին, ընտանիքի անդամին եւ ասում է` փոխիր ոչ թե քո արտաքին հատվածը, այլ քո ներսի մասը: Այ, դա ամենադժվար պահանջն է, որը մեզանում անգամ բառային ձեւակերպում չի ստացել: Իրոք, այս նախաձեռնությունները քաղաքացիական մտքի սաղմերն են, բայց նաեւ բացի քաղաքացիական մտքից, կա նաեւ մարդկային արժեհամակարգ, այդ արժեհամակարգի հաստատումը մենք բաց ենք թողել եւ ցայսօր շարունակում ենք բաց թողնել: Մենք չենք դնում այդ հարցը թե մեր, թե դիմացինի առջեւ: Այդ հարցը փակ է, իսկ քաղաքական խավին սպառնում ենք, ինչ-որ բան ենք անում, նա ընկրկում է եւ փառք Աստծո, բայց սա մեքենայի ընդամենը մի մասն է, շատ փոքր մասը, դրա հետեւում ավելի գլոբալ բան կա թաքնված:

-Օրինակ, ի՞նչ:
-Օրինակ այն, որ մենք պրոբլեմատիկ ենք, որ մենք թունավորված ենք պատմական պրոպագանդայով, որ մենք թունավորված ենք ոչ թե ինդիվիդուալիազով, այլ համայնական, ադաթային մտածողությամբ, որ մենք բացարձակ չունենք հեռահար մտածողություն, պրագմատիզմ ընդհանրապես չունենք, որ մենք լինելով քրիստոնեություն ընդունած առաջին երկիրը, դրա մասին ընդհանրապես պատկերացում չունենք: Եվ դա էլ է մեծ պրոբլեմ, որովհետեւ հենց որ գա քրիստոնեության ընկալումը իբրեւ արժեհամակարգ, այս ազգի մեջ շատ բան կփոխվի, բայց մեր եկեղեցին ամեն ինչ անում է, որ հայ ժողովուրդն իրեն իբրեւ քրիստոնյա չընկալի, որովհետեւ երբ հայ ժողովուրդն իրեն ընկալի իբրեւ քրիստոնյա, առաջին պահանջը դնելու է եկեղեցու առջեւ: Եկեղեցին, կրոնը մարդու ներքին խիղճն է: Իսկ տեսեք, Արեւմուտքի վերելքը սկսվեց այն ժամանակ, երբ կրոնին, այսինքն` մարդը իր ներքին ես-ի առաջ սկսեց դնել պահանջներ բողոքականության ձեւով:

-Կինո Մոսկվայի ամառային դահլիճի քանդման դեմ բողոքի դիմաց եկեղեցին կարծես ընկրկեց:
-Եկեղեցին չընկրկեց, պարզապես եկեղեցին ընդգրկված է շատ ավելի լուրջ բիզնես պրոյեկտների մեջ: Ամբողջ ռուսական եկեղեցին հիմա հաղթարշավի մեջ է, դա բացահայտ է, որովհետեւ իրենք ներմուծել են խոսոտվանահոր ինստիտուտը, եւ այն ծաղկում է: Խոստովանահոր ինստիտուտն այն է, երբ մարդն իր բոլոր թերություններով եւ առավելություններով դիմացինի առաջ բացվում է իբրեւ անհատ: Մեզ մոտ այդ ինստիտուտը մեռած է, մեր եկեղեցին ծեսեր են, գնում են, բառերի կեսը չեն հասկացվում, արդեն վաղուց կյանքը ծես չէ, կյանքը անձնական բացահայտումներ է, այնինչ մենք այդ պահն անզգուշորեն բաց ենք թողել, մենք ինքներս մեզ չենք ճանաչում:

-Սակայն մենք տեսնում ենք, որ հստակ աշխատում են եկեղեցին եւ դպրոցը, անգամ երդում սահմանվեց մանկավարժների համար:
-Եվ թող կործանվեն սուտ երդում տվողները: Կարելի է հազարավոր երդումներ տալ: 17-րդ դար մի հույն պատմագրի հիշողություններում գրված է, որ զարմանալի ժողովուրդ են հայերը. թուրքերը երդվեցին ղուրանով եւ Մուհամեդի մորուքով, շատ դժվար են երդվում ռուսները, սակայն հայերը որտեղ երդվում են, այնտեղ մոռանում են այդ երդումները, եւ դրա համար այդ զանցարարությունների մեջ չգիտենք` ինչ անել: Սկսած բանակային երդումներից, բոլորը ձեւական են:

Հանրապետականի խավը հագել է զիվորական համազգեստ եւ թափով զորամասեր են գնացել: Հանրապետականի կարկառուն ներկայացուցիչներից մեկն ասում էր, որ մենք թույլ չենք տա, որ անարգեն հայ բանակը:

Հայ երիտասարդը բանակում ապրում է էքզիստենցիալ կրիզ, անհատի կրիզ` ընդհուպ մինչեւ ինքնասպանություն, սա շատ լուրջ բան է, որովհետեւ բանակն այն մեխանիզմն է, որ օրենքով մարդը սոցիումի մեջ է, շրջապատված է մարդկանցով /էքզիստենցիալ կրիզ լինում է այն ժամանակ, երբ մարդը մենակ է լինում/, եւ եթե բանակում էքզիստենցիալ կրիզ է ապրում քո երիտասարդությունն արդեն մասսայականորեն, դու պետք է հասկանաս` ինչ մեկուսացում ես ստեղծում մարդու համար: Ես ընդհանրապես մեր իշխող կուսակցությանը կարող եմ առաջարկել, իշխող քաղաքական վերնախավի մոտ քաղաքական РR, բազմաթիվ կուշտ երիտասարդներ կան, կազմել կամավորական խմբեր, եւ չեմ կարծում չինովնիկական բյուրոկրատական համակարգը դրանից կտուժի, թող գնան սահման, ամեն մի խումբ 4 ամիս, դա կլինի սքանչելի РR ակցիա, եւ դա կլինի հնարավորություն ներսից տեսնելու` ինչ է կատարվում եւ ուր է հասնում բանակը:

-Բանակում այս տեսակ դեպքերի ավելացումը երկրում ճգնաժամի խորացման հետեւա՞նք են:
-Դա նրանից է, որ զինվորը բանակին նայում է իբրեւ երկու տարվա պարտականություն, հրամանատարը բանակին նայում է իբրեւ հաց աշխատելու հնարավորություն, ոչ մեկն է դրա հետեւում չի տեսնում հայրենիքը, ոչ էլ մյուսը, եւ զինվորը իհարկե նվազ մեղավոր է, որովհետեւ եթե հանկարծ դրա հետեւում մեկը տեսնի հայրենիքը, այլեւս այդ ինքասպանությունը չի լինի, եւ եթե լինի հանուն ինչի, ապա միշտ կգտնվի ինչպեսը: Հարց եմ տալիս` ո՞ւր է հայրենիքը: Մեր հայրենիքը, ցավոք, Տիգրան Մեծից հետո չի գնում առաջ: Նոր հայրենիքի վիրտուալ մոդել պետք է ստեղծել: Հիմա ասում են Անգլիան ամենազարգացած երկրներից է, եւ դա այդպես է, բայց ես ասում եմ` այն ժամանակ, երբ Անգլիան ոռնում էր տգիտության խավարի մեջ, Թոմաս Մորը ուտոպիա էր գրում: Գոնե մի ուտոպիա գրենք:

-Բայց գրվում են մշակութային, տնտեսական ծրագրեր: Եվ արդեն հղում չեն անում Տիգրան Մեծին, ասում են` ներկան պետք է արժեւորել` ապագան կազմելու համար:
-Երբ ներկան արժեւորում ես, պետք է իլյուզիաների մեջ չընկնես: Օրինակ, Հայաստանում կոռուպցիա է, բայց քեռուս տղան ազնիվ է, բայց դա ցուցանիշ չէ, դու պետք է նայես, թե գենային եւ մտածողության մակարդակում այդ երեւույթն ինչքան է արմատացած:


-Իսկ արմատախիլ անելու տարբերակներ դեռ կա՞ն:
-Արմատախիլ անելու տարբերակները տեխնոլոգիաների հետ են կապված, ուղղակի այդ ուղղությամբ ոչ մի բան չի արվում, բայց այդ բոլորն արատախիլ անելու համար հզոր մեքենա է պետք:

Ես դեղատոմս տվող չեմ, բայց կարծում եմ` այստեղ կամ շոկային թերապիա է պետք, որ բոլորը հանակարծ ուշքի գան, կամ էլ պետք է մի օր պետությունը հանկարծակի արթանանա եւ վախենա իր իսկ ստեղծած պրոդուկտից եւ սկսի վերափոխել, բայց դա էլի մի քիչ ուտոպիական գաղափար է: Բայց եթե հանկարծ մենք մի օր ունենանք մեկը, որը կորոշի այս հանրությունը վերափոխել, ո՞ւր է այն թուղթը, համաձայն որի սարքում ես հանրության նոր տիպը: Հիմա խնդիրը ծրագիր գրելն է: Հիտլերն ինչպես արեց, նրան պետք էր նոր տիպի մարդ, եւ ինքն այդ ծարգիրը գրեց, ստեղծեց, հիմա թե հրեշ էր նա, ինչ էր, բայց այդ մարդու գրած ծրագրի շնորհիվ հիմա Գերմանիան կայուն է, նույն ձեւով Ստալինը փլատակներից հավաքեց եւ պետություն սարքեց, նույնը Իտալիայում, Ամերիկայում կատարվեց: Պետք է գրավոր փաստաթուղթ գրվի:

Ժողովրդի պայքարը տոտալ անտարբերության մեջ պետք է լինի. պետք ազգովի չմասնակցի ընտրությանը: Բացարձակ չմասնակցությունը առաջին գրված մեխանիզմն է, որը ես առաջարկում եմ: Հասարակությունը պետք է հասկանա, որ ամենաակտիվ պրոտեստն անտարբերությունն է, բոլոր տիպի բողոքների դեմ կա հակազդեցության մեխանիզմ: Ցանկացած անարդարություն, նեգատիվ խնդիր միշտ հենվում է ինչ-որ մեկի մասնակցության վրա: Ճնշողը, սպանողը չի կարող մենակ լինել, իրեն միշտ զոհ է պետք, այդ զոհի դերից հնարավոր չէ խուսափել, բայց զոհի դերը կարելի է անտեսել, զոհի դերով մենք ամբողջ կյանքում հիացել ենք, առայժմ մենք ուժ չունենք ակտիվ եւ կազմակեպված ծրագրերի, բայց գոնե այդքան ուժ ունենք կազմակերպված անտարբերության կազմակերպված անտեսման:

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
«Լրագիր» 11-10-2010

No comments: