Wednesday, November 10, 2010

Ինչո՞ւ են մարդիկ ընկնում աղանդների ծուղակը. Երևան–Մոսկվա–Թբիլիս–Կիև տեսակամուրջ

Tert.am. 10-11-2010- Մարդիկ հեշտությամբ են ընկնում աղանդավորական շարժումների ծուղակը հիմնականում այն ժամանակ, երբ գտնվում են սթրեսային վիճակում, երբ ունեն բազմաթիվ խնդիրներ՝ կապված աշխատանքի, սոցիալ–տնտեսական հարցերի հետ։ Այս մասին այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված Երևան–Մոսկվա–Թբիլիսի–Կիև տեսակամուրջի ժամանակ նշեց տեսակամուրջին Մոսկվայից մասնակցող հոգեբան Ալինա Վինոգրադովան։ «Մեր կյանքի տեմպը փոխվել է, իսկ այդ ծանրաբեռնվածությունն ազդում է մեզ վրա»,– նշեց նա։
«Աղանդները հետխորհրդային տարածքում. վտանգի աստիճանը և հոգևոր անվտանգությունը» թեմայով տեսակամուրջի ժամանակ չորս երկրների մասնագետներ ներկայացրեցին իրենց երկրում աղանդավորական շարժումների գործունեությունը։
«Աղանդները Հայաստանում մեծ վտանգ են ներկայացնում։ Այսօր մեզ մոտ հաշվվում են մոտ 368 հազար աղանդավորներ»,– հայտարարեց Հայաստանի քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը՝ միաժամանակ հավելելով, որ քայքայիչ աղանդների տարածողները կիրառում են մարդկանց գայթակղելու, հոգեբանորեն վերահսկողության տակ վերցնելու, մանիպուլյացիայի ենթարկելու մեթոդներ։
Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ քայքայիչ աղանդների դեմ պայքարելու համար պետք է միավորվեն բոլոր այն երկրները, որոնք ևս ունեն այդ խնդիրը։
Տեսակամուրջին Մոսկվայից մասնակցող Հանուն սուրբ մարտիրոս Իրինեյ Լիոնսկու կրոնագիտական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ, պրոֆեսոր Ալեքսանդր Դվորկինը նշեց, որ քայքայիչ աղանդները Ռուսաստանի համար այնպիսի վտանգ են ներկայացնում, ինչպիսի վտանգ ներկայացնում են այդ աղանդներն այլ երկրներում։ Դվորկինի խոսքով, իրենք աղանդավորական շարժումների հետևանքներն ուսումնասիրում ու դիտարկում են չորս ուղղություններով, թե ինչպիսի վտանգ են դրանք ներկայացնում մարդու, ընտանիքի, հասարակության և պետության համար։
Կենտրոնի նախագահի խոսքով, ՌԴ ներթափանցած աղանդները հիմնականում արևմտյան ծագում ունեն, աղանդավորական շարժումների անդամներ են 600–800 հազար մարդ, տարածված են հիմնականում 18 շարժումներ, բայց առանձին տարատեսակների առումով դրանց թիվը հասնում է հազարի։
Աղանդավորական շարժումների վտանգի ընկալումը քիչ այլ է Վրաստանում։
Տեսակամուրջին Թբիլիսիից մասնակցող Կուխաբար Կուրտանիձեն նշեց, որ իրենց երկրում աղանդները վտանգ չեն ներկայացնում այն առումով, որ դրանք չեն ազդում հասարակական կարգի պահպանման վրա և չեն վնասում մարդկանց առողջությանը։ Ի դեպ, նա նշեց, որ Վրաստանում ևս աղանդները հիմնականում արևմտյան ծագման են։
«Աղանդների մասին վիճակագրություն Ուկրաինայում չկա ուկրաինական օրենսդրության պատճառով։ Բանն այն է, որ ուկրաինական օրենսդրությունը հնարավորություն է տալիս աղանդներին գործել՝ առանց գրանցվելու»,– Ուկրաինայում տիրող իրավիճակը ներկայացնելով ասաց Ուկրաինայի «Պաշտամունքներ և հասարակություն» համաուկրաինական հասարակական կազմակերպության ղեկավար Վալերի Չաբանենկոն՝ միաժամանակ նշելով, որ իրենց երկրում աղանդավորները բնակչության ընդհանուր թվի մեկ տոկսից էլ քիչ են։
Ուկրաինացի հոգեբան, քրեագետ Յուրի Իրխինի դիտարկմամբ, աղանդները գոյություն կունենան այնքան ժամանակ, քանի դեռ դրանց հիմքում դրված են մարդկանց գայթակղելու հոգեբանական հզոր մեթոդները:

No comments: