Tuesday, December 28, 2010

Նուհ Յըլմազ. 2011-ի ամառվանից հետո հայ-թուրքական կարգավորման գործընթացը նկատելիորեն կարագանա

Panorama.am-28-12-2010-Թուրքական քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամի (SETA) վաշինգտոնյան գրասենյակի ղեկավար Նուհ Յըլմազը հայ-թուրքական հարաբերությունների թեմայով բացառիկ հարցազրույց է տվել «Ermenihaber.am» լրատվական կայքին, ինչն էլ ստորև ներկայացնում ենք:
Նշենք, որ «SETA»-ն թուրքական իշխանությունների բարձրախոսն է:
- Հարևան Հայաստանին ի՞նչ կարևորություն եք տալիս:
- Կարող ենք ասել, որ Հայաստանը կարևորություն ունի Թուրքիայի համար երկու տեսանկյունից.
1. Աշխարհաքաղաքական կարևորություն կովկասյան տարածաշրջանի կայունությանը նպաստելու տեսանկյունից:
2. Խորհրդանշական կարևորություն Թուրքիայի` իր պատմությանը տեր կանգնելու տեսանկյունից:
Առանց Հայաստանի մասնակցության կովկասյան հաստատվելիք կարգը թերի է լինելու: Ահա թե ինչու տարածաշրջանում կայուն կարգի ձևավորելու համար Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացում է պետք: Տարածաշրջանային կայունության հասնելու համար անհրաժեշտ է հստակ քայլեր կատարել: Խորհրդանշաբար ասած` 1915-ի իրադարձությունները, անկախ այն բանից, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ազատվելու ենթակա մի բեռ է դարձել Թուրքիայի համար: Այդ իսկ պատճառով էլ հարկավոր է այդ հարցի լուծման որոնումները շարունակել"
- Հայաստանի նկատմամբ ինչպիսի՞ քաղաքականության կողմնակից եք:
- Կարծում եմ` անհրաժեշտ է շարունակել Հայաստանի հետ ներգրավվածության քաղաքականությունը: Դա նախ և առաջ հարաբերությունների կարգավորումն է և խնդիրների լուծումը` ժամանակացույցին համապատասխան: Բայց, իհարկե, դա սոսկ Թուրքիայի անելիքը չէ: Խնդրում ընդգրկված են մասնավորապես Ադրբեջանը Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան: Այդ ներգրավվածության քաղաքականությունն ըստ էության ամենաօգտակար մեթոդն է:

- Նորմալ համարո°ւմ եք այն, որ, ղարաբաղյան պատերազմը պատճառաբանելով, Թուրքիան փակել է հարևան Հայաստանի հետ ունեցած սահմանը:
- Չեմ կարծում, որ իրավիճակի նորմալ լինել կամ չլինելն է շատ կարևոր: Այս պահի դրությամբ Թուրքիան չի կարող Հայաստանի հետ իր հարաբերություններից Ադրբեջանին դուրս թողնել: Այդ պատճառով էլ առանց Ղարաբաղի հարցում որևէ քայլ կատարելու հարաբերությունների կարգավորումը շատ հավանական չեմ համարում:

- Թուրքական մեջլիսը կվավերացնի արձանագրությունները:
- Ըստ իս` մեջլիսի կողմից արձանագրությունների վավերացումը հավանական չէ: Հունիս ամսին կայանալիք ընտրություններին ընդառաջ Թուրքիայի ոչ մի քաղաքական կուսակցություն արձանագրությունների հարցում ոչ մի քայլ չի անի, մանավանդ, որ այդ հարցը նաև ներքաղաքական նշանակություն է ձեռք բերել Թուրքիայում: Սակայն խիստ հավանական եմ համարում, որ 2011-ի ամռանը հաջորդելիք ժամանակաշրջանում նկատելի արագություն կստանա կարգավորման գործընթացը:

- Ըստ Ձեզ` Հայաստանի ու Թուրքիայի միջև ինչպիսի° զարգացումներ կլինեն առաջիկայում:
- Մի քանի տարի առաջ Հայաստանի հետ հարաբերությունների հարցը ոչ մի կերպ չէր քննարկվում, հիմա արդեն արձանագրությունների հարցն ենք քննարկում: Ըստ էության դա արդեն արժեքավոր զարգացում է: Առաջիկա տարիներին կարգավորումը շարունակվելու է: Կարծում եմ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները նորմալ հունի մեջ կմտնեն: Սակայն Հայաստանի մասով ասեմ, որ, ամեն բան ցանկանալուց խուսափելով, ողջամիտ գիծ պահելն, ամեն դեպքում օգտակար կլինի:

No comments: