News.am. 20-12-2010 - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, եվրոպական պահպանողականների ու ռեֆորմիստների խմբի ներկայացուցիչ, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբային, ով ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ մի քանի օր առաջ մեկնել էր Արցախ։ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Եվրոպացի խորհրդարանականը հաղորդել է, որ իր այցը ճանաչողական բնույթ ունի, քանզի զեկուցման նախապատրաստման ընթացքում կարեւորում է ղարաբաղյան հիմնախնդրի նշանակությունը Հայաստանում եւ տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական զարգացումների շրջագծում։ Նա ասել է, թե քանի որ նպատակադրված է պատրաստել օբյեկտիվ զեկույց, չէր կարող չայցելել նաեւ Լեռնային Ղարաբաղ՝ անմիջականորեն տեղում ուսումնասիրելու եւ իմանալու ինչպես իշխանությունների, այնպես էլ հասարակության տեսակետները հիմնախնդրի եւ նրան առնչվող տարաբնույթ էական հարցերի լուծման առկա ընթացքի ու տեսանելի հեռանկարների վերաբերյալ։
Աշոտ Ղուլյանն իր հերթին կարեւորել է նրա այցն Արցախ։ Վերջին շրջանում, ասել է նա, արդեն երկրորդ անգամն է, ինչ Եվրախորհրդարանի ներկայացուցիչներըը ժամանում են մեր երկիր, ինչը ենթադրել է տալիս, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս եվրոպական այդ հեղինակավոր կառույցի, սկսել է առավել լուրջ հետաքրքրություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման նկատմամբ։ ԱԺ նախագահը նշել է, որ Արցախի ժողովուրդն իր անկախ, ինքնիշխան պետությունը կառուցում է՝ հիմք ընդունելով համընդունելի միջազգային նորմերը եւ ուղեցույց ունենալով պետականաշինության եվրոպական ստանդարտները։ Որպես այդպիսին՝ Լեռնային Ղարաբաղը կարողացել է սեղմ ժամանակամիջոցում, առանց կողմնակի, այդ թվում՝ միջազգային կառույցների աջակցության, այդ առումով հասնել նկատելի հաջողությունների։ Միեւնույն ժամանակ, նա ափսոսանք հայտնել, որ միջազգային հանրությունը համարժեք հետաքրքրություն չի ցուցաբերում ԼՂՀ հանրային-պետական կառավարման ասպարեզում արդեն իսկ ձեւավորված ու կայացած ժողովրդավարական արժեքների առկայության նկատմամբ։
Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման խնդրին, ԱԺ նախագահը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցող բանակցային գործընթացի պարբերական տեղապտույտները գլխավորապես բացատրվում են նրանով, որ լիարժեք չէ նրա ձեւաչափը, քանզի դրան անմիջականորեն չի մասնակցում հակամարտության հիմնական կողմերից մեկը՝ Լեռնային Ղարաբաղը։
Խորհրդարանի նախագահը նշել է, թե այդ մասին պաշտոնական Ստեփանակերտը քանիցս բարձրաձայնել է ամենատարբեր մակարդակներով։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment