«Լրագիր» 20-12-2010- “Ավելորդ չեմ համարում զգուշացնել, որ ինձ համար հասկանալի չէ թիկնապահների այն շքահանդեսը, որ կարելի է տեսնել մեր երկրում. իմ դիրքորոշումը հստակ է` թիկնապահներ կարող են լինել միայն օրենքով սահամանված դեպքերում, օրենքով սահմանված չափի և ձևի մեջ: Այս ուղղությամբ, համոզված եմ, օրենսդիրը անելիք ունի”: Ընդամենը մի քանի ժամ էր անցել Սերժ Սարգսյանի ելույթի այդ խոսքից, որ հնչել էր ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ հանդիսավոր միջոցառման ժամանակ, երբ նրա կուսակից գործարարներից մեկի` Հարություն Փամբուկյանի թիկնապահը Սարանալջի փողոցում դարձավ ողբերգական ավտովթարի եւ տաքսու ուղեւորի մահվան պատճառ:Ըստ երեւույթին, կամ Հարություն Փամբուկյանը ուշադիր չէր լսել Սերժ Սարգսյանի ելույթը, կամ էլ պարզապես չէր հասցրել զգուշացնել իր բոլոր թիկնապահներին, որ թիկնապահները պետք է լինեն միայն “օրենքով սահմանված չափի ու ձեւի մեջ”: Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, երբ այդ գործարարի, ով նաեւ պատգամավոր է, թիկնապահներն աչքի են ընկնում մեքենան առանց “չափի ու ձեւի” վարելու հարցում: Մի քանի ամիս առաջ էլ Հարություն Փամբուկյանի մեկ այլ թիկնապահ մեքենան այնքան արագ էր վարել, որ բախվել էր փողոցի սյանն ու մահացել: Այս անգամ սակայն թիկնապահը ողջ է, իսկ մահացել է անմեղ մի մարդ, ով տաքսիով տեղ էր գնում:
Բայց թիկնապահներն ընդամենը արտացոլում են իրենց տերերին, այն օբյեկտներին, ում իբր պահպանում են: Եթե մի փոքր փոխենք ՀՀԿ գաղափարական հայր Գարեգին Նժդեհի հայտնի խոսքը, թե ուժն է ծնում իրավունք, թերեւս կարող ենք ասել, որ տերն է ծնում թիկնապահ: Հետեւաբար, խնդիրը ոչ թե թիկնապահների, այլ նրանց տերերի “չափն ու ձեւն է”: Եթե նրանք լինեն “օրենքով նախատեսված չափի ու ձեւի մեջ”, ինչպես ասում է Սերժ Սարգսյանը, ապա կասկած անգամ չի կարող լինել, որ նույն չափ ու ձեւի մեջ լինելու են նաեւ թիկնապահները:
Ուրեմն, նախ պետք է տերերին կարգի բերել, իսկ թիկնապահները կգան ինքնըստինքյան:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment