Monday, December 20, 2010

Իրանցի բարձրաստիճան հոգևորական. «Ադրբեջանի կառավարության գործողությունն անընդունելի է»

Panorama.am. 20-12-2010- Ադրբեջանի կառավարության գործողությունն անընդունելի է, այն պարագայում, երբ երկրի բնակչության 85 տոկոսը շիաներ են, իշխանություններն արգելում են դպրոցներում հեջաբ կրել:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ, անդրադառնալով Ադրբեջանի հակաիսլամական քաղաքականությանը, նշել է Իրանի Արևելյան Ազերբայաջան նահանգի իմամ, այաթոլլահ Մոհսեն Մոջթահեդ Շաբեսթարին:
Իրանցի բարձրաստիճան հոգևորականն ուրբաթօրյա նախորդ աղոթքի ժամանակ էլ նշել էր. «Ադրբեջանի Հանրապետության ոստիկանները ծեծ ու ջարդի են ենթարկում և կալանավորում այն մարդկանց, որոնք պայքարում են «հեջաբի» պահպանման համար: Ցավալի է, որ դա կատարվում է մի երկրում որի բնակչության 85 տոկոսը մուսուլմաններ են»:
Ադրբեջանում «հեջաբի» արգելման առնչությամբ Իրանի Արդեբիլ նահանգի Միրզա Ալի Աքբար մզկիթի շրջակայքում կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ «Զեյնաբի հետևորդներ» կազմակերպության նախագահ Մասումե Մոհսենզադեն էլ հայտարարել է.
«Մենք արտաքին գործերի նախարարությունից պահանջում ենք, որ վերջինս խիստ նախազգուշացնի Ադրբեջանի կառավարությանը և Իրանի բարեպաշտ ժողովրդի բողոքը փոխանցի ադրբեջանցի պատասխանատու պաշտոնյաներին: Միևնույն ժամանակ, պահանջում ենք, որ Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը (ԻԿԿ) ևս միջոցներ ձեռնարկի, ոպեսզի իսլամական արժեքները պահպանվեն ԻԿԿ անդամ բոլոր երկրներում:
Նշենք, որ վերջին օրերին Ադրբեջանի տարբեր հատվածներում հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են կազմակերպել ընդդեմ իշխանությունների հակաիսլամական քաղաքականության: Ադրբեջանի Նարդարան շրջանում կազմակերպված բողոքի ցույցի ընթացքում ցուցարարներն այրել են Ադրբեջանի կրթության նախարարի նկարը:

No comments: