Saturday, December 25, 2010

ԻՆՔՆՈՐՈՇՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

«Լրագիր» 25-12-2010- Եթե մենք ժողովրդավարություն ենք ցանկանում կառուցել (մենք մեր այդ ցանկությունն առաջին անգամ ամրագրել ենք մեր հանրային պայմանագրում՝ անկախության հռչակագրում), ապա պետք է գտնենք այն մեխանիզմները, որոնց միջոցով կկարողանանք չեզոքացնել Ժողովրդավարության կայացմանը խոչընդոտող հիմնական գործոնները։ Կարծում ենք, որ այդ մեխանիզմներից երևի թե ամենակարևորը քաղաքացիների ինքնակազմակերպումն է և միասնական քաղաքացիական պայքարը, որը պետք է մղվի ՀՀ սահմանaդրությամբ ամրագրված քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար։
Պետք է նկատել, որ մի երկրում, որում չկա դեմոկրատիա, քաղաքացիական պայքարն անխուսափելիորեն քաղաքական բնույթ է ձեռք բերում։ Պատճառն այն է, որ քաղաքացին իր իրավունքներով հանդերձ կապված է «պետություն», իսկ ավելի ստույգ` «դեմոկրատական պետություն» հասկացության հետ։ Չկա դեմոկրատական պետություն՝ չկա ազատ քաղաքացի։ Ոչ դեմոկրատական երկրում մարդն իհարկե կարող է հոգու խորքում իրեն ազատ զգալ, բայց խնդիրն այն է, որ այդպիսի երկրում չկա այն համակարգը, որը կճանաչի և կպաշտպանի քաղաքացուն և նրա իրավունքները։ Ուրեմն այդտեղ չկա «քաղաքացիականը»։ Այս պարագայում, առաջին հերթին, պետք է նվաճել «քաղաքացու» կարգավիճակը, իսկ դա հնարավոր չէ իրականացնել առանց «քաղաքացի» չընդունող պետության բնույթը փոխելու, առանց քաղաքական որոշումներ կայացնող հակադեմոկրատական խմբից իշխանությունը քաղաքացուն վերադարձնելու։

Կարծում ենք, որ վերոնյալ խնդիրը լուծելու համար նախ, այս առումով առաջնային խնդիրը, որ պետք է լուծել՝ դա քաղաքացիների հանրության ձևավորումն է։ Դեմոկրատական պետությունը չի կարող ստեղծվել առանց դեմոկրատիայի անհրաժեշտությունը զգացող հանրության ձևավորման։ Իսկ այդ հանրությունը չի կարող ձևավորվել առանց ինքնորոշման իրականացման։ Պարզաբանենք այս միտքը։

Դեմոկրատական պետություն ստեղծելու համար նախ անհրաժեշտ է նման պետություն ստեղծելու ցանկություն և պահանջ ունեցող մարդկանց առկայություն։ Նման մարդիկ պետք է մի խումբ ձևավորեն։ Բացարձակապես կարևոր չէ, թե այդ խումբն ինչ չափերի կլինի և ինչ էթնիկական, սեռային, դասակարգային, և այլն, կազմ կունենա։ Մեր երկրում այդ խմբի անդամ դառնալու միակ պայմանը պետք է լինի դեմոկրատական պետություն ստեղծելու ցանկություն ունենալը և ՀՀ-ում բնակիչ կամ/ և ՀՀ քաղաքացի լինելը։ Այդ խումբը պետք է ստեղծվի իր անդամների միջև կնքված որոշակի պայմանավորվածությունների հիման վրա, որոնց բովանդակությունը պետք է լինեն այն սկզբունքները, կանոնները, որոնք հիմք են ծառայելու իրենց երազած պետության ստեղծման համար։ Այդ խմբում պետք է բոլորը հավասար իրավունքներ ունենան։ Խմբի անդամներն իրենց գործունեությունում պետք է սահմանափակված լինեն խմբի ներքին կանոնակարգով, ինչը նրանց ներքին պայմանավորվածությունների արդյունքն է լինելու։ Սեփական կանոնակարգը, ծրագրերը և ընդհանուր առմամբ գործունեությունը վերոնշյալ խումբը պետք է բխեցնի Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրից և ՀՀ սահմանադրության 1-ին և 2-րդ անփոփոխ հոդվածներից, որոնք արտահայտում են պետության էությունը։

Եթե Հայաստանում հռչակված լիներ ոչ դեմոկրատական ռեժիմ, ուրեմն մեր վերոնշյալ խումբը անօրինական կհամարվեր։ Այն իր գործունեությունը կարող էր հիմնավորել միայն խմբի անդամների՝ ազատ և ինքնուրույն ապրելու ցանկությամբ։ Իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում de jure հռչակվել է դեմոկրատական ռեժիմ, և այս պարագայում դեմոկրատիայի համար պայքարող խումբը կունենա բոլոր իրավական և օրինական հիմքերը իր խմբի նպատակները հիմնավորելու և պետության ինստիտուտներից պաշտպանություն պահանջելու համար։

Այդ խումբը, փաստացիորեն, հանդիսանալու է այն դեմոկրատական հանրությունը, այն «ազգը», որը ցանկանում է ինքնորոշվել de facto։ Պետք է նշել, որ de jure այն արդեն վաղուց ինքնորոշվել է ՀՀ ողջ ժողովրդի կազմի մեջ։ Եվ այդ հանգամանքը հնարավորություն է տալիս այս խմբին ինքնորոշվելիս ստիպված չլինել ինչ որ մի տեղ կոմպակտ ապրելու համար առաձնանալ, ստեղծել իր սեփական զինված ուժերը, տնտեսական և կառավարման համակարգը և այլն։ Հայաստանում, դեմոկրատական հանրությանն ինքնորոշվելու համար անհրաժեշտ է իրականացնել այնպիսի գործողություններ, որոնց նպատակն է ստիպել պետական ինստիտուտներին գործել սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների և գործառույթների շրջանակներում։ Հաջողելու դեպքում, այդ հանրությունը կհասնի գործող ռեժիմի բովանդակային փոփոխությանը։

ԷԴԳԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

No comments: