Sunday, December 26, 2010

Մ. Սարգսյան. Ուղղակի դիվանագիտական այդ պրոցեսը պահում են` փայլուն հասկանալով, որ ոչ մի բանի չեն կարող հասնել

Panorama.am. 25-12-2010- Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովից հետո Մինսկի խումբը ծուղակի մեջ ընկավ: Միջնորդները հույսեր էին կապում, թե հնարավոր է Աստանայում առաջխաղացում լինի, բայց իրականում հակառակը եղավ: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ամփոփելով անցնող տարին արտաքին քաղաքականության առումով, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը: Նրա գնահատմամբ, այժմ ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խումբը հայտնվել է ճգնաժամային իրավիճակում:

«Ոչ ոք այս ձևաչափում չի հստակեցնում, թե ինչպե՞ս է տեսնում ԼՂ խնդրի լուծումը: Խոսում են, որ բանակցությունները պետք է բերեն արդյունքի, շատ կարևոր է հստակ հարց տալ, սպասելիքը ո՞րն է, և համաձայնության գալու ձևը ո՞րն է: Այդ երկու հարցի պատասխանը ոչ Հայաստանն է տալիս, ոչ Ադրբեջանը, չկա այդ երկու պատասխանը: Տպավորություն է, որ ոչ ոք չի հավատում այդ բանակցություններին, ուղղակի դիվանագիտական այդ պրոցեսը պահում են` փայլուն հասկանալով, որ ոչ մի բանի չեն կարող հասնել»,-նշեց Մ. Սարգսյանը: Նրա խոսքով, այս իրավիճակում դժվար է ասել, որ նման ձևաչափում լուծում կլինի, և հավատն է բացակայում բանակցությունների նկատմամբ:
Քաղաքագետը համարում է, որ հայկական կողմի պահանջները գնալով կոնկրետանում են: «Ձևերն անընդունելի են իհարկե, ես կարծում եմ, որ դա պետք է վերածվեր ոչ թե շանտաժի մեթոդոլոգիայի, այլ Արցախի անկախությունը պառլամենտի ճանաչումով Հայաստանը պետք է ներկայանար միջազգային արենա»,-ասաց Մ. Սարգսյանը` ընդգծելով, որ Աստանայում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում հնչած այն դրույթին, թե Հայաստանը կճանաչի ԼՂ անկախությունը, որևէ մեկը այդ ամբիոնից դեմ չարտահատվեց:

«Էական բան է դա»,-ասաց Մ. Սարգսյանը, ավելացնելով, որ հին նկրտումներն իրենց չեն արդարացնում, ու հայաստանյան քաղաքական էլիտան էլ պետք է հստակեցնի այս խնդիրն ու ավելի հստակ ձևակերպումներով հանդես գա:

«Եթե Հայաստանն ավելի հստակ քաղաքականություն վարի, քայլեր անի, բնական է, նոր իրավիճակ կարող է ստեղծվել, իսկ եթե կախվի գերտերություններից ու նրանց շահերից, ապա ով գիտի հազար ու մի բան կա աշխարհում»,-ասաց Մ. Սարգսյանը` կարծիք հայտնելով, թե երկրորդ դեպքում Հայաստանը կլինի «ոտքի տակ ընկած»:

Հստակ քայլերի գնալու ու հստակ որոշումներ կայացնելու վճռականություն Մ. Սարգսյանը իշխանությունների մոտ չի տեսնում, դրա համար որպես ապացույց նա մատնանշեց այն, որ խորհրդարանական մեծամասնությունն այդպես էլ չկարողացավ հանգուցալուծման գալ ԼՂ անկախության ճանաչման օրինագծի քվեարկության վերաբերյալ և «ուղղակի փախավ»:
Մ. Սարգսյանը դրա փոխարեն Հայաստանի ու ԼՂՀ հասարակության շրջանում է ակտիվություն տեսնում, համարում է, որ դա նոր երևույթ է, քանի որ մինչ այժմ հասարակությունն իրեն հեռու է պահում քաղաքական գործընթացներից: «Եթե դա զարգացում ապրի, ապա կստիպի իշխանություններին ավելի հստակեցնել իր դիրքորոշումը»,-ասաց քաղաքագետը:

No comments: