Wednesday, January 19, 2011

Ադրբեջանում 1000 տղամարդուն բաժին է ընկնում 1041 կին

News.am. 19-1-2011- Ադրբեջանի բնակչությունը 2011 թվականի սկզբին հասել է 9 մլն 11 հազարի, «Ինտերֆաքս-Ադրբեջանի» փոխանցմամբ հայտնում է այդ երկրի պետական վիճակագրական կոմիտեն։
«Անցած տարի երկրի բնակչությունն ավելացել է 113,5 հազար մարդով, այսինքն՝ 1,3 տոկոսով։ Ներկայումս յուրաքանչյուր ք/կմ վրա ապրում է 105 մարդ»,- հայտարարել են պետական կոմիտեում։
Համաձայն երկրի վիճակագրական գերատեսչության տվյալների՝ Ադրբեջանի բնակչության 53,1 տոկոսն ապրում է քաղաքներում, 46,9 տոկոսը՝ գյուղական համայնքներում։ Բնակչության 49,5 տոկոսը կազմում են տղամարդիկ, 50,5 տոկոսը՝ կանայք։ «Ներկայումս Ադրբեջանում 1000 տղամարդուն բաժին է ընկնում 1041 կին»,-նշված է գերատեսչության հայտարարության մեջ:
Պետական վիճակագրական կոմիտեն նշում է, որ Ադրբեջանի բնակչության 23 տոկոսն անչափահաս է, 71 տոկոսը՝ 15-64 տարեկան, 6 տոկոսը՝ 65 տարեկանից բարձր մարդիկ։ 14-29 տարեկան երիտասարդները կազմում են բնակչության 31,4 տոկոսը։ Համաձայն հաշվարկների՝ կյանքի միջին տեւողությունն այդ երկրում 73,5 տարի է։
2010 թվականին Ադրբեջանում ծնվել է 165,6 երեխա։ Գրանցվել է 79,3 հազար ամուսնություն եւ 8,9 հազար ամուսնալուծություն։ Տղամարդկանց ամուսնանալու միջին տարիքը 27, կանանցը՝ 23 տարեկան է։

No comments: