Wednesday, January 26, 2011

Համաշխարհային բանկը 16,5 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի Հայաստանին

Tert.am. 25-1-2011- Համաշխարհային բանկը 16,5 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի Հայաստանի գյուղատնտեսության զարգացման ծրագրին:
Այսօր այս մասին հայտարարվեց «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի» քննարկման ժամանակ, որին ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Ավետիսյանը, մարզպետներ, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին, Հանրային խորհրդի ղեկավար կազմը:
«Համաշխարհային ճգնաժամը ցույց տվեց, որ պետք է ունենալ այլընտրանքային եկամուտի աղբյուրներ, որ օգնենք մարդկանց հաղթահարելու աղքատության շեմը: Մենք պատրաստվում ենք Հայաստանում այս ծրագրից բացի իրականացնել նաև ծրագրեր էլեկտրաէներգիայի, ճանապարհների վերակառուցման ոլորտներում»,- նշեց Ժան-Միշել Հափին:
Ծրագիրն ուսումնասիրվել և քննարկվել է շուրջ մեկ տարի Հանրային խորհրդի կողմից և արդեն արժանացել է ՀՀ վարչապետի հավանությանը:
«Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը ներկայացրեց ծրագիրը: Առաջարկվող ծրագրի տևողությունը 5 տարի է`2011-2015: Ընդհանուր արժեքը նախատեսվում էր 20 մլն ԱՄՆ դոլար, որից 15 միլիոնը պետք է տրամադրեր Համաշխարհային բանկը: Սակայն վերջին օրերին ՀԲ-ն հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել 16,5 միլիոն ԱՄՆ դոլար և ամբողջը արտոնյալ պայմաններով: Այսպիսով ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 21,5 միլիոն ԱՄՆ դոլար:
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը» կազմված է 4 բաղադրիչներից` համայնքների արոտավայրերի կառավարման համակարգ, գյուղատնտեսությանը աջակցող ծառայությունների հզորացում, մրցակցային դրամաշնորհերի ծրագիր և ծրագրի իրականացում, մոնիտորինգ, գնահատում:
Վերոնշյալ ծրագիրը ընդգրկելու է 50 համայնք 6 մարզերում`Արագածոտն, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք և Շիրակ:
«Ի սկզբանե գյուղը եղել է մեր ուշադրության կենրոնում: Այն ապահովում է համախառն ներքին արդյունքի 25 և արտաքին առևտրի 19 տոկոսը: Գյուղն է ազգային ինքնության կրողը և գյուղում են մեր ազգային մշակույթի հիմքերը»,- նշեց քննարկմանը ներկա Վազգեն Մանուկյանը:
Մարզպետները հանդես եկան ծրագիրը բարելավելու իրենց առաջարկներով: «Արդյունք ապահովելու համար պետք է գյուղատնտեսական խնդիրները բաժանենք, չկենտրոնացնենք Երևանում»,- առաջարկեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

No comments: