Wednesday, January 26, 2011

«Human Rights Watch». Ադրբեջանում մարդու իրավունքները լրջորեն ոտնահարվում են

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը մարդու իրավունքների վերաբերյալ հերթական զեկույցն է հրապարակել, որի Ադրբեջանին վերաբերվող հատվածում մասնավորապես նշվում է, որ 2010 թվականի ընթացքում այդ երկրում մարդու իրավունքների վիճակը մնում է անմխիթար: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Զեկույցում նշվում է, որ իշխանությունները շարունակում են օգտագործել զրպարտանքի մասին օրենքը՝ դրանով ճնշումներ գործածելով ազատ միտք արտահայտող լրագրողների նկատմամբ: Իրենց պրոֆեսիոնալ գործունեության պատճառով մի շարք լրագրողներ գտնվում են անազատության մեջ:
Նրանում ասվում է, որ Ադրբեջանում նոյեմբերի 7-ին տեղի ունեցած ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին: Պահպանվել են նաև մի շարք այլ խնդիրներ, ինչպիսիք են կրոնական ազատությունները, հավաքների կազմակերպման ազատությունը:
Մի շարք ճանաչված լրագրողների, պարբերականների գլխավոր խմբագրերի նկատմամբ զրպարտության մեղադրանքով քրեական գործեր են հարուցվել, մի շարք լրագրողներ քրեական և վարչական պատասխանատվության են ենթարկվել:
Փաստաթղթում նշվում է, թե չնայած այն հանգամանքին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևի ազատ արձակման վերաբերյալ որոշում ընդունեց, սակայն մինչ այժմ լրագրողը ճաղերի ետևում է մնում:
Զեկույցում նաև նշվում է, որ մայիսին Բաքվի օդանավակայանի անվտանգության աշխատակիցները նորվեգացի լրագրող Էրլինգ Բյորգենին պարտադրել են իր տեսախցիկն ու տեսաերիզները հանձնել ուղեբեռների բաժին, սակայն Օսլոյում արդեն պարզվել է, որ այդ տեսախցիկներն ու մեծ թվով փաստաթղթերը բացակայում են ուղեբեռից: Նորվեգացի լրագրողը նկարահանումներ էր կատարել, որեսզի Էյնուլլա Ֆաթուլլաևի մասին վավերագրական ֆիլմ նկարեր:
Իշխանությունները սահմանափակում են հավաքների ազատությունը: Բաքվի կենտրոնում որևէ հանրահավաք, որևէ բողոքի ակցիա չի թույլատրվում կազմակերպվում:

Փաստաթղթում նշվում է, որ իշխանությունները խոչընդոտներ են ստեղծում նաև ոչ կառավարական կազմակերպությունների համար: Մասնավորապես արդարադատության նախարարությունը մեծ թվով ոչ կառավարական կազմակերպությունների չի գրանցում:
Իսկ 2010 թվականի սեպտեմբերին, Լրագրողների անվտանգության ու ազատության ինստիտուտի Նախիջևանի մասնաճյուղի ներկայացուցիչներ Էլման Աբբասովն ու Հակիմելդոստու Մեհտիևը տեղեկացրել են, որ ուժային կառույցների ներկայացուցիչների կողմից զանգեր են ստանում, որի ընթացքում վերջիններս «խորհուրդ» են տալիս հրաժարվել իրենց հետագա գործունեությունից, ինչն «իրենց անվտանգությունից է հղում»:
Զեկույցում գրված է, որ Ադրբեջանում դեռևս քաղբանտարկյալներ կան. փաստաթուղթը պատրաստելու պահին մինչև 45 մարդու անուն էր հայտնի, որի մեջ մտնում են պետական չինովնիկներ, գործարարներ և ընդդիմադիր գործիչներ, ովքեր պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով անազատության մեջ են գտնվում:

No comments: