Tuesday, January 18, 2011

21-ՐԴ ԴԱՐԻ ԹՈՒՐՔԻԱՆ ԸՍՏ WIKILEAKS-Ի

«ԱԶԳ», 18-01-2011- «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի դեկտեմբերի 11-ի համարից ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածը նախապես լույս է տեսել «Վաշինգտոն փոստ» թերթի դեկտեմբերի 5-ի համարում: Հեղինակն է Ջեկսոն Դիեհլը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ուրախ ժպտում էրՙ կրկնելով. «Այո, Իսրայելի կոմանդոսների եւ Թուրքիայի մահմեդական ակտիվիստների բախումը մայիսինՙ Գազայի հատվածի մոտակայքում, կարելի է համեմատել Նյու Յորքի եւ Վաշինգտոնի վրա «Ալ Ղաիդայի» կատարած հարձակումների հետ»:
«Դա թուրքական 9/11-ն էր, կրկնում եմ», բացականչեց նա անցյալ շաբաթ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում: «Ես նկատի չունեմ (զոհվածների) քանակը,- ավելացրեց նա, երբ հուշեցին, որ սեպտեմբերի 11-ին 2900 հոգի էր մահացել, մինչդեռ թուրքական միջադեպում ընդամենը 9 հոգի,- պարզապես փորձում եմ արտահայտել Թուրքիայում տիրող հոգեբանական ցնցումը: Մեր քաղաքացիները սպանվեցին օտար բանակի կողմից», վերջացրեց նա իր խոսքը:
Իրականում հարցն այդքան հասարակ չէր: Նախ, որ (սպանված) թուրքերը անմեղ քաղաքացիներ չէին, այլ մարտնչողներ, որոնք հենց բախում էին ուզում հրահրել, եւ երկրորդՙ նրանց սպանեցին ոչ թե մահապարտ ահաբեկիչները, այլ արհեստավարժ զինվորները, որոնց օգտագործած առաջին զենքը մականներն էին: Այնպես որ մի փոքր վիրավորական է լսել Դավութօղլուի գլխավոր միտքն այն մասին, որ տարաձայնության իրական պատճառ չկա իր կառավարության եւ Օբամայի վարչակազմի միջեւ: «Ավելի քան քսան ամիսներ մենք հիանալի հարաբերություններ ենք ունեցել, եւ որպես ռազմավարական դաշնակիցներ մենք պարտավոր ենք պահպանել այդ հարաբերությունները», ասաց նա:
Թուրքիան ՆԱՏՕ_ի անդամ երկիր է եւ իր տարածքում հյուրընկալում է ԱՄՆ-ի ռազմական բազաները, որոնք կենսական նշանակություն ունեն Աֆղանստանում եւ Իրաքում կատարվող գործողությունների համար: Թուրքիան նաեւ ամերիկյան զենքերի գլխավոր գնորդն է:
Բայց արդյոք նա շարունակո՞ւմ է մնալ որպես դաշնակից: Ինչպես WikiLeaks-ի որոշ գաղտնազերծումներն են բացահայտում, այս հարցը մտահոգել է երկու իրարահաջորդ ամերիկյան վարչակարգերին: «Արդարություն եւ բարգավաճում» չափավոր իսլամիստական կուսակցության ութ տարիների իշխանության օրոք Թուրքիան դարձել է 21-րդ դարին բնորոշ «ճարպիկ հարաբերությունների» տիպար օրինակը, եւ Միացյալ Նահանգները պետք է կարողանա գլուխ հանել նրանից:
Թուրքիան մի ժամանակ ավտորիտար պետություն էր, որն ամուր կառչեց Արեւմուտքից: Այժմ ժողովրդավարական երկիր է դարձել ծաղկուն տնտեսությամբ եւ աշխարհաքաղաքական խոշոր ձգտումներով: Հանրային աջակցությունը վարչապետ Էրդողանին վստահություն է ներշնչում դեմ գնալու Իրանի հանդեպ Մ. Նահանգների վարած քաղաքականությանը, Սուդանում եւ Սիրիայում պատրաստելու հակաամերիկյան դիրքորոշումներով մահմեդական բռնապետներ եւ Իսրայելին դարձնելու համարյա թշնամի մի պետություն: Եվ այս ամենը Քաբուլում թուրքական զորքերի տեղադրելուն եւ քրդերի դեմ պայքարում Մ. Նահանգների աջակցությունը ակնկալելուն զուգահեռ:
Մերձավոր Արեւելքում դեռեւս կան իշխանության ղեկավարներ, ինչպես Եգիպտոսի Հոսնի Մուբարաքը, որոնք պաշտպանելով Ամերիկայի ռազմավարական շահերը, հրաժարվում են վերափոխել նեխած բռնատիրությունը: Իսկ Էրդողանը, լավ գնահատելով իրավիճակը, դրանում տեսնում է տարածաշրջանում իշխանություն ձեռք բերելու հիանալի հնարավորություն:
«Թուրքիան, հիմնվելով իր ուժեղության եւ տնտեսության հաջողության նկատմամբ մերձավորարեւելյան բնակչության տածած ենթադրյալ հիացմունքի վրա, եւ ցանկանալով թիկունք կանգնել ժողովուրդների» շահերին, փորձում է սիրաշահել արաբական ոչ ժողովրդավարական վարչակարգերի «փողոցի բնակիչներին», ասված է WikiLeaks-յան հրապարակումներից մեկումՙ ուղարկված Անկարայում Մ. Նահանգների դեսպանատան կողմից: Այստեղից էլ հռետորական չափազանց բուռն արտահայտությունները Իսրայելի հասցեին: Դրանք արտասանված էին խիստ հաշվարկված նպատակներով:
Դավութօղլուն որոշ առումներով WikiLeaks-ի հրապարակումների հակահերոսն է: Նրան բնորոշում են որպես «արտակարգ վտանգավոր» մի անձնավորության, ով «իրեն կորցրել է նեոօսմանյան իսլամիստական երեւակայությունների հորձանուտում»:
Գաղտնազերծված այս հրապարակումներից մի քանի ժամ անց Վաշինգտոն ժամանելովՙ նա ընդունեց պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ներողության եւ ափսոսանքի արտահայտությունները WikiLeaks-ի հրապարակումների առնչությամբ, փորձեց նսեմացնել կատարված վնասը, եւ համաձայնեց դեսպանատան մեկնաբանության մի մասին ասելով. «Եթե Բրիտանիան կարող է համագործակցություն ստեղծել իր նախկին գաղութների հետ, ապա ինչո՞ւ Թուրքիան չի կարող իր ղեկավար դիրքերը ամրապնդել Բալկանների, Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի նախկին օսմանյան տարածքներում»:
Հետաքրքրական է հետեւել այս արագորեն փոփոխվող «գործընկերոջ»ՙ Թուրքիայի մյուս ղեկավարի զգացմունքային թռիչքներին: Նախկին դեսպան Էրիկ Էդելմանը Էրդողանին նկարագրում է որպես «ավտորիտար, միայնակ» անձնավորության: Իսկ Էդելմանի հաջորդըՙ Ջեյմս Ջեֆրին, եզրակացնում է, որ Էրդողանը «պարզապես ատում է Իսրայելին», եւ տարածաշրջանում հեղինակություն ձեռք բերելու նրա ձգտումները ցարդ «նշանակալի հաջողություն չեն արձանագրել»: Արդարացի լինելու համար պետք է նշել նաեւ, որ այդ հաղորդագրություններում հիացական խոսքեր կան Էրդողանի քաղաքական ընդունակությունների եւ հատկապես Լիբանանում, Պակիստանում եւ Սիրիայում Թուրքիայի խաղացած դերակատարության վերաբերյալ:
Իրականում «փողոցի» հասարակ ղեկավարը դառնալու հարցում Էրդողանը ավելի մեծ հնարավորություններ ունի, քան, ասենք, «Հզբոլլահի» Հասան Նասրալլահը: Վերջին հաշվով Թուրքիան եվրոպական առեւտրի եւ ներդրումների վրա է հենվում, ձգտում է Իրաքը դարձնել ժողովրդավարական, իսկ Իրանըՙ ոչ միջուկային մի երկիր: Նաեւ ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն հաջողության հասնի Աֆղանստանում: Դեռեւս ճանաչում է Իսրայելը որպես պետություն եւ իր էությամբ իսկական մահմեդական ժողովրդավարական մի երկիր է, ինչը նշանակում է, որ «դժվար» կամ «ծանր» դեպք լինելու զուգահեռ նա ավելի քան երբեւէ դեռեւս մնում է, որոշ առումներով, ԱՄՆ-ի դաշնակիցը:
«Ի վերջո, մենք ստիպված ենք լինելու ապրել այս Թուրքիայի հետ, որի բնակչությունը ձգտում է իրագործել, առաջ է մղում մեր տեսած շատ բաները: Սա մեզ կոչ է անում նրան (Թուրքիային) մոտենալիս ամեն մի դեպք կամ իրադրություն հաշվի առնել առանձին, անկախ մյուսներից եւ ընդունել, որ հաճախ Թուրքիան գնալու է իր ճանապարհով: Քաղաքական ղեկավարների ներկա կազմը հատուկ սեր ունի քայքայիչ դրամայի եւ ճարտասանության, հռետորության հանդեպ, բայց մենք հորիզոնում նրանցից ավելի լավին չենք տեսնում: Թուրքիան կշարունակի մնալ համաշխարհային մասշտաբի արեւմտյան ինստիտուտների, ձեռնհասության եւ կողմնորոշման, ինչպես նաեւ մերձավորարեւելյան մշակույթի եւ կրոնի բարդ մի խառնուրդ», գրում է Ջեֆրին իր հաղորդագրություններից մեկում:
Ահա թե ինչու զարմանալի չէ Դավութօղլուի քմծիծաղը: ԱՄՆ-ում լավ են հասկանում նոր Թուրքիային:
Թարգմ. Հ. Ծ.

No comments: