Tuesday, January 18, 2011

Կիպրոսի խորհրդարանի նախագահ. Իմ այցելությունը Հայաստան` ուխտագնացություն էր

Panorama.am. 17-1-2011- «Մեծ հուզմունքով եմ հիշում 2008 թվականին Հայաստան կատարած իմ այցը: Ինձ համար այդ այցելությունը ուխտագնացություն էր»,- այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցելության կապակցությամբ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի հատուկ նիստում հայտարարեց այդ երկրի խորհրդարանի նախագահ, հայազգի Մարիոս Գարոյանը:
Իր պարզբանմամբ, Հայաստան այցելած օրերն իր համար ուխտագնացություն էին, քանի որ պատիվ է ունեցել այցելելու Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան ու հարգելու թուրքական բռնությունների զոհերի հիշատակը:
«Իմ նախնիների պատգամն է` պայքարել Ցեղասպանության ճանաչման համար»,- ընդգծեց Մարիոս Գարոյանն ու հիշեցրեց, որ Կիպրոսը ոչ միայն առաջիններից մեկն է հատուկ բանաձևով ճանաչել 21-րդ դարի առաջին ցեղասպանությունը, այլև պարբերաբար դիմում է միջազգային հանրությանն ու նաև Թուրքիային` հորդորելով ճանաչել այն:

Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին` Կիպրոսի խորհրդարանի նախագահը քննադատության ենթարկեց Թուրքիայի պահվածքն ու նրան մեղադրեց ստանձնած պարտավորություններից խուսափելու մեջ:

«Թուրքիան չի հարգում Անկարայի հռչակագիրը»,- ընդգծեց Մարիոս Գարոյանը` նշելով, որ դրանով Թուրքիան Եվրոպայի ու միջազգային հանրության առջև պարտավորություններ է ստանձնել, որոնք սակայն մինչ օրս չի կատարել.

«Մեկ այլ օրինակ` թուրքիան չի հարգում նաև Հայաստանի հետ ստորագրած արձանագրությունները վավերացնելու պարտավորությունը»:

Նրա խոսքով, պաշտոնական Անկարան մի կողմից «հարևանների հետ զրոյական պրոբլեմ» է քարոզում, սակայն մյուս կողմից` նեոօսմանական ծրագրեր է դյութում` նպատակ ունենալով ստարածաշրջանում առաջնորդի դեր ստանձնել: Նա կոչ արեց մեկտեղել Հայաստանի ու Կիպրոսի ջանքերը` հակազդելու համար Թուրքիայի անհիմն նկրտումներին ու կեղծքիներին:

No comments: