Tuesday, January 18, 2011

Դինք ընտանիքը պահանջում է պատասխանատվության ենթարկել 28 պաշտոնյայի

HayNews.am. 18-1-2011- Պոլսահայ հասարակական գործիչ, «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքը վերջինիս սպանության 4-րդ տարելիցից առաջ դիմել է Պոլսի դատախազություն՝ քաղաքապետարանի և անվտանգության ծառայության 28 աշխատակցի նկատմամբ հետաքննություն սկսելու պահանջով, հայտնում է քրդական ANF-ը:
Պոլսի դատախազություն ուղարկված 12 էջանոց հայցում Դինք ընտանիքի փաստաբանները պահանջում են անհապաղ հետաքննություն սկսել Պոլսի քաղաքապետարանի և Տրապիզոնի Անվտանգության ծառայության և ժանդարմերիայի մի շարք աշխատակիցների նկատմամբ: Հայցում հղում է կատարվում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը, որով Թուրքիան մեղադրվում էր հայ լրագրողի սպանությունը չկանխելու մեջ:
Հիշեցնենք, որ Պոլսում հրատարակվող երկլեզու «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է Շիշլի թաղամասում գտնվող թերթի խմբագրատան առջև, 2007 թ.-ի հունվարի 19-ին: Թեև խոսուն ապացույցներին, Դինքի մարդասպանը՝ Օգյուն Սամասթը և նրա հանցակիցներ Յասին Հայալն ու Էրհան Թունջելը դեռ չեն ստացել իրենց արժանի պատիժը: Թուրքական դատարանը դանդաղկոտություն և անվճռականություն է ցուցաբերում, ինչի համար քննադատության է արժանացել ոչ միայն միջազգային հանրության, այլ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից:
Նշենք նաև, որ 55-ամյա հայ լրագրողի սպանությունից առաջ թուրքական իշխանությունները հասցրել էին նրան մեղավոր ճանաչել Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով:

No comments: