Tuesday, January 18, 2011

Անկարան աջակցել է ԿՀՎ–ի իրականացրած խոշտանգումներին. Wikileaks

Tert.am. 18-1-2011- Արևմտյան մամուլը շարունակում է հրապարակել Wikileaks կայքի կողմից տարածված Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը պատկանող գաղտնի փաստաթղթերը։
Գերմանական Die Welt պարբերականի հրապարակած փաստաթղթում նշվում է, որ Թուրքիայի իշխանությունները 2002-2006 թվականներին համագործակցել են ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչության (CIA/ԿՀՎ) հետ՝ վերջինիս օդային տարածք տրամադրելով ենաթադրյալ ահաբեկիչներին ամերիկայն գաղտնի բանտեր տեղափոխելու և խոշտանգելու համար։
Ըստ գերմանական թերթի՝ Անկարան ԿՀՎ–ի գործողությունների համար տրամադրել է Ինջիրլիքի ավիաբազան, որն օգտագործվում է Միացյալ Նահանգների կողմից։ Իրականացված գործողության ընթացքում ԿՀՎ–ի ինքնաթիռները 24 անգամ օգտվել են Ինջիրլիքի ռազմակայանից։
«Թուրքիայի ռազմաօդային ուժերը 2002թ. ի վեր թույլատրում էին մեզ Fundamental Justice գործողության շրջանակում օգտագործել Ինջիրլիքի ռազմաբազան։ Սակայն 2006թ. փետրվարին այդ թույլտվությունը վերացվեց»,– նշել է այն ժամանակ Անկարայում Միացյալ Նահանգների դեսպան Ռոս Ուիլսոնը 2006թ. հունիսի 8-ին ԱՄՆ–ի ներկայիս ռազմաօդային ուժերի հրամանատար Նորտոն Շվարցին ուղարկած հեռագրում։
Նշենք, որ նման տեղեկություններ նախկինում ևս շրջանառվել են։ Սակայն պաշտոնական Անկարան կտրականապես հերքում էր դրանք։

No comments: