Thursday, January 27, 2011

«Ստեփանակերտի օդանավակայանը» 2 ամսից պատրաստ կլինի

News.am. 26-1-2011- Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանը պատրաստ կլինի մինչեւ մայիս, արդեն ընթանում են սարքավորումների տեղադրման աշխատանքները:
ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանի խոսքով, 100 տոկոսով լուծված է թռիչքների անվտանգության խնդիրը:
«Բայց պրոբլեմներ կան, ասենք, ոնց որ պատահեց «Դոմոդեդովոյում»` տեռորիստական ակտեր կարող են լինել եւ այլն, եւ այլն: Այդ ուղղությունը մեր հսկողության տակ է, հատուկ ծառայություններն աշխատում են: Մենք, իհարկե, աշխատում ենք ունենալ ժամանակակից սարքեր, որ անվտանգությունն ապահովեն, մյուս կողմից` այդ ծառայության համար պատրաստում ենք մասնագետներ: Հուսով ենք, որ նորմալ կաշխատենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է նա` հավելելով. «Եթե, ասենք, «Զվարթնոց» օդանավակայանում պետք է լինի անվտանգություն, մեզ մոտ կրկնապատիկ անվտանգություն պիտի ապահովենք, որովհետեւ գտնվում ենք վտանգավոր գոտում»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հնարավոր սպառնալիքներին, ուղղված Ստեփանակերտի օդանավակայանի գործունեության դեմ, Ատբաշյանը նշել է. «Ես հուսով եմ, որ Ադրբեջանը, լինելով ԻԿԱՕ-ի անդամ, եւ ստորագրելով որոշ միջազգային կոնվենցիաներ, կմնա իր խոսքի տերը եւ մեզ չի խոչընդոտի թռիչքների անվտանգության առումով»:
Ադբաշյանի խոսքով, չվերթները սպասարկելու են SRJ-200 մակնիշի 50 տեղանոց երեք օդանավեր, որոնցից ամեն մեկն արժե 15-16 միլիոն ամերիկյան դոլար:
«Այդ օդանավերը շատ լավ տեխնիկական տվյալներ ունեն: Մենք արդեն փորձ ունենք, Հայաստանում այդ ինքնաթիռները շահագործվում են եւ շատ լավ իրենց դրսեւորեցին», - ասել է նա, հավելելով, որ Ստեփանակերտ - Երեւան - Ստեփանակերտ թռիչքը, կարժենա մոտավորապես 50-60 դոլար:

No comments: