Thursday, January 27, 2011

Հայ իրավապաշտպանները ողջունում են Human Rights Watch–ի զեկույցը

Diplomat.am.26-1-2011- Հայաստանյան իրավապաշտպանները ողջունում են Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում ամրագրված գնահատականները եւ հատկապես Հայաստանի միջազգային գործընկերների հասցեին տեղ գտած քննադատությունը։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ նման դիտարկում առաջին անգամ է տեղ գտնում Human Rights Watch–ի զեկույցներում։
«Նախորդ տարիներին, նկարագրելով մարդու իրավունքների վիճակը, ինքը իրավիճակի փոփոխման առումով հիմնական մեսիջը ուղարկում էր իշխանություններին։ Այս զեկույցում մեսիջ է ուղարկված ոչ միայն իշխանություններին, այլեւ միջազգային կառուցներին, որոնց անդամակցում է Հայաստանը, եւ այդ կառույցներում նաեւ որոշակի պարտավորություններ է վերցվել մարդու իրավունքների, ժողովրդավարության առումով», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Սաքունցը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը զեկույցը որակել է «վերջին տարիների ամենալավ զեկույցներից մեկը»՝ Հայաստանի միջազգային գործընկերների վերաբերյալ շեշտադրումը համարելով շատ կարեւոր։

«Շատ հաճախ է հարկավոր այդ մասին խոսել, որովհետեւ միջազգային կառույցները, եվրոպական կառույցները նաեւ պարտավոր են դա անել, նրանք դրա համար աշխատավարձ են ստանում, եւ նրանց աշխատանքային պարտականություններից մեկն է Հայաստանի վրա եւ Հայաստանի կարգի երկրների վրա համապատասխան ճնշումներ գործադրել եւ պահանջներ ներկայացնել, որպեսզի այդ իշխանությունները մարդու իրավունքները հարգեն», – մասնավորապես, ասել է Հարությունյանը։

No comments: