Wednesday, January 19, 2011

Թուբա Չանդար. Հրանտ Դինքի սպանության բացահայտումն օգուտ կտա Թուրքիայի բոլոր քաղաքացիներին

News.am. 19-1-2011- Եթե լիովին հանգուցալուծվի 2007-ին տեղի ունեցած Հրանտ Դինքի սպանության գործը, ապա կնշանակի, որ Թուրքիան անցել է դատական, անվտանգության եւ ժանդարմերիայի համակարգերի լուրջ բարեփոխումների միջով: Այդ մասին հայտարարել է գրող Թուբա Չանդարը: Նա գրել է Հրանտ Դինքի 700-էջանոց կենսագրական գիրքը: Այն լույս էր տեսել Դինքի ծննդյան օրը, անցած տարվա ապրիլին, գրում է թուրքական Today`s Zaman-ը:
«Բացահայտման դեպքում, մենք կտեսնենք, որ մեծ քայլ է արվել թափանցիկ ու ժողովրդավարական նոր Թուրքիայի ճանապարհին: Թուրքիայի բոլոր քաղաքացիներն այդ բարեփոխումներից օգուտ կստանան: Եվ Հրանտի հոգին կուրախանա», - նույն պարբերականին տված հարցազրույցում ասել է Չանդարը:
«Հրանտի պայքարը չի ավարտվել: «Էրգենեկոն» եւ «Մեծ մուրճ» գործերի հետ կապված կեղտից մաքրվելու համար Թուրքիայում դեռ կա Հրանտի էներգիայի կարիքը: Ահա թե ինչու ենք մենք բոլորս փորձում ողջ պահել Հրանտին»,- ավելացրել է Չանդարը:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում, «Ակոս» թերթի խմբագրության մոտ ծայրահեղական ազգայնական պատանու ձեռքով: Հանցագործն ու հանցակիցները կանգնեցին դատարանի առաջ, սակայն սպանության կազմակերպիչների մասով գործը տեղից չի շարժվում:

No comments: