Wednesday, January 19, 2011

ՉՈՐՍ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՍՊԱՆՎԵՑ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԸ

«ԱԶԳ», 19-01-2011- Թեպետ ամեն տարի հունվարի 19-ին` Հրանտ Դինքի սպանության օրը, «Ակօսի» խմբագրատան առջեւ կազմակերպվում է բողոքի ցույց, դատական նիստն ուղեկցվում է երթերով, սակայն թուրքական իշխանությունը չի կարողանում իր մեջ քաջություն գտնել արդարադատություն կայացնելու համար:
Դինքի սպանությունից անցել է 4 տարի, սակայն ոճրագործները պատժված չեն, դատավարությունն էլ առաջնակարգ շոու է հիշեցնում ու անվերջ ձգձգվում:
Հրանտ Դինքը սպանվեց 2007-ին, ցերեկը, ժամը 2-ին, «Ակօսի» խմբագրատան առաջ: Սպանությունից 32 ժամ անց ձերբակալվեց 17-ամյա Օգյուն Սամաստը: Ավելի ուշ նա խոստովանեց, որ Դինքի հոդվածներից վրդովված Տրապիզոնից Ստամբուլ էր եկել լրագրողին սպանելու հստակ մտադրությամբ: Սակայն դատավարության ժամանակ Սամաստը հրաժարվեց խոստովանել իր մեղքը:
Ձերբակալությունից հետո թուրքական ու միջազգային մամուլում հայտնվեց խայտառակ լուսանկար, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները հերոսացնում մարդասպանին ու լուսանկարվում Սամաստի հետ` թուրքական դրոշի ֆոնին:
«Համակարգիչս լի է սպառնալիքներով եւ վիրավորանքներով: Չգիտեմ, թե որքանով են իրական այդ սպառնալիքները, սակայն անհնարին է ապրել` կրելով հոգեբանական այս տանջանքները»:
Սա փոքրիկ մեջբերում է Դինքի վերջին հոդվածից: Թուրքական կառավարությունը լրագրողի պաշտպանության համար որեւէ քայլ չձեռնարկեց: Սպանության գործով փաստաբան Ֆետիե Չեթինն էլ համոզված է. սպանությունը կազմակերպել ու հրահրել էր թուրքական կառավարությունը ազգայնական հողի վրա:
Դինքի սպանությունը դատապարտեց ողջ քաղաքակիրթ աշխարհը: Թեպետ Էրդողանը մի քանի անգամ անդրադարձավ սպանությանն ու այն անվանեց «ամոթալի արարք», սակայն դա իրադրությունը չփրկեց. «Դինքի սպանությունը դժվարացնում է Թուրքիայի անդամակցության հնարավորությունը Եվրամիությանը», 2007-ին հայտարարեց ԵՄ գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան:
2007-ի հունիսին Դինքին հետմահու շնորհվեց նախագահի մրցանակը` պատմական արդարության վերականգնման, ժողովուրդների փոխըմբռնման, խոսքի ազատության եւ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ունեցած նշանակալի ներդրման համար:
Արդեն երրորդ տարին է «Հրանդ Դինք» հիմնադրամը «Հրանտ Դինքի անվան» մրցանակ է հանձնում խտրականությունից, ցեղասպանությունից, բռնությունից զերծ, ազատ ու անկախ աշխարհի ձգտող, եւ այդ առաքելության համար անհատական զոհողություններ ցուցաբերող, կարծրատիպեր խորտակող, այդ պայքարի մեջ հասարակությանը խրախուսող անձանց:
Այսօր, Դինքի սպանության տարելիցին, ժամը 2-ին Ազգային գրադարանում տեղի կունենա միջոցառում «Սեւրի պայմանագիրն ու Հրանտ Դինքը» խորագրով: Կցուցադրվի «1.500.000+1. Հայրենիք-Սփյուռք մշակութային կամուրջ» ՀԿ նախագահ Արման Ավետիսյանի նկարահանած ֆիլմը Դինքի մասին: Կներկայացվեն նաեւ Դինքին նվիրված բազմաթիվ հոդվածներ, լուսանկարներ, փաստաթղթեր, գրքեր: Նույն ժամին Մեծ Բրիտանիայում «Թուրքիա՛, դեմ հանդիման կանգնի՛ր քո պատմությանը, հարգի՛ր փոքրամասնության իրավունքները» մակագրությամբ ցուցապաստառներով երթի մասնակիցները կշարժվեն դեպի Թուրքիայի դեսպանատուն, իսկ Լորդերի պալատում «Իրականում ի՞նչ է կատարվել Թուրքիայում» զեկույցով ելույթ կունենա թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: