Tuesday, January 18, 2011

Թուրքիան սահմանը փակելու համար արձանագրություն ստորագրե՞լ է

Հայաստան-Թուրքիա շփումները և հայ-թուրքական հարաբերությունները որքան էլ տխուր հիշողություններ արթնացնեն, պաշտոնական Երևանը և հայ ժողովուրդը դրանց պետք է վերաբերվի սառը, սթափ դատողությամբ: Այսօր, երբ Երևան-Անկարա գործընթացը խորը փակուղում է, դասեր քաղելու, հետևություններ և որոշ առաջարկներ անելու ճիշտ ժամանակն է: 2008-2009 թթ., երբ Հայաստան-Թուրքիա երկխոսությունն իր գագաթնակետին էր ու շատերը համոզված էին, թե Անկարան ուր որ է վերջ է տալու շրջափակմանը, Արցախի հարցում որդեգրելու է համեմատաբար չեզոք դիրքորոշում և Երևանի հետ հաստատելու է դիվանագիտական հարաբերություններ, որևէ սթափ խոսք անլսելի էր կամ կորչում էր անբացատրելի և անհասկանալի հայաստանյան ոգևորության մեջ: Ամենախիստ քննադատություններին Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ երբեմն հեգնանքով պատասխանում էին, ասելով, որ այդ քննադատողները դիվանագիտությունից գլուխ չեն հանում կամ էլ չեն ուզում, որ հայ-թուրքական հարաբերություններ հաստատվեն, սահմանները բացվեն:
Եղածը եղած է և անիմաստ է հետին թվով մեղավորներ փնտրել: Կարևորն այն է, որ Հայաստան-Թուրքիա նոր գործընթացում չկրկնվեն անցյալի սխալները, թեև հայ պաշտոնատարները շարունակում են պնդել, որ «ֆուտբոլային դիվանագիտությունից» Հայաստանը կորուստներ չի կրել և եթե բան կորցրել է, ապա կորցրել է Թուրքիան:
2011 թվականի հունիսին Թուրքիայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, ինչը նշանակում է, որ առաջիկա վեց ամիսներին Երևան-Անկարա նոր զարգացումները գրեթե անհավանական են: Ապա 2012 թվականի խորհրդարանական ընտրապայքարի մեջ կմտնի Հայաստանը: 2013 թ. փետրվարին կայանալիք Հայաստանի նախագահական ընտրությունների տեսանկյունից՝ խորհրդարանական ընտրությունները կունենան չափազանց կարևոր նշանակություն, հետևաբար՝ հայկական իշխանությունները ևս հավանաբար կխուսափեն հայ-թուրքական վտանգավոր, անորոշ ավարտով նոր ձեռնարկներից:
Եթե Հայաստանում ընտրություններից առաջ արվող (իրականում գրեթե չարվող) հակաթուրք հայտարարությունները քաղաքական միավորներ չեն բերում կուսակցություններին, ապա Թուրքիայում մի կողմից Ադրբեջանին աջակցող, մյուս կողմից՝ հակահայկական կոչերը դեռևս բավական լուրջ ձայներ են ապահովում թուրքական քաղաքական ուժերին:
2010 թ. սեպտեմբերին Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ Ախթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու վրա Սուրբ պատարագից առաջ խաչ չտեղադրելը նաև դրանով էր պայմանավորված: Առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ էին կապվում Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելիի ու մի քանի հարյուր մահմեդականների խմբակային նամազը Անիի Մայր տաճարում անցնող հոկտեմբերին, ինչպես նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վերջերս Կարսում արված հայտարարությունը, թե նախկին քաղաքապետի օրոք կառուցված և «հայ-թուրքական բարեկամությանը» նվիրված հսկա արձանը «հրեշավոր է և քանդման ենթակա»։
Թուրքիայի խորհրդարանում այսօր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ունի որակյալ մեծամասնություն և ցանկության դեպքում կարող է վավերացնել երկու արձանագրությունները: Բայց չի վավերացնում՝ համարելով, որ Հայաստանի կողմից արված զիջումները բավարար չեն և հայկական ուժերը պետք է լքեն «ադրբեջանական գրավյալ տարածքները»:
Հայաստանի խորհրդարանում որակյալ մեծամասնություն ունի Հանրապետական կուսակցությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանի անունից բազմիցս հայտարարել է, որ Երևանը պատրաստ է 2008-ից սկսված Հայաստան-Թուրքիա գործընթացը շարունակել և ավարտին հասցնել, այսինքն՝ Ցյուրիխում 2009 թ. հոկտեմբերին ստորագրված երկու արձանագրությունները վավերացնել, եթե առաջինը դրանք վավերացնի Թուրքիայի խորհրդարանը:
Եթե առաջիկա ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չստանա որակյալ մեծամասնություն, ապա երկու արձանագրությունները հավանաբար չեն վավերացվի: Քարոզչական և պոպուլիզմի տեսնակյունից այդ արձանագրությունները լավ գործիք են թուրքերի համար: Թուրքական ընդդիմությունը իշխանություններին քննադատելու նպատակով մատնանշում է նաև այդ արձանագրությունները՝ իբր հայերի չափ շատ են զիջումներ արվում: Հայաստանում նրանք, ովքեր դեմ էին արձանագրություններին, հույսը դնում էին նաև թուրքական խորհրդարանի վրա: Եվ այդպես էլ եղավ. եթե թուրքական խորհրդարանը վավերացներ, Հայաստանի Ազգային ժողովը անգամ նույն օրը կարող էր վավերացնել այդ արձանագրությունները:
Այսօր նրանք, ովքեր ուզում են, որ ստորագրված երկու արձանագրությունները չվավերացված ուղարկվեն պատմության արխիվ, ապա հույսները պետք է դնեն Հայաստանի նոր խորհրդարանի վրա, որը կձևավորվի 2012թ. ամռանը:
Հայ-թուրքական նոր գործընթաց, նոր մեկնարկ հավանաբար կարելի է ակնկալել միայն 2013-ին: Եթե Հայաստանը և Թուրքիան որպես սահմանակից պետություններ իրավամբ ձգտում են հաստատել դիվանագիտական հարաբերություններ, իսկ Անկարան մտադիր է վերջ տալ Հայաստանի շրջափակմանը, ապա անհրաժեշտ է բանակցությունները սկսել սպիտակ թղթից՝ նոր էջից: Անշուշտ, դա հեշտ չի լինի, քանի որ Հայաստանի այսօրվա իշխանությունները համոզված են, որ լավ արձանագրություններ են բանակցել, դրանցում չկան նախապայմաններ: Բացի այդ, եթե անգամ հայկական կողմը փորձի նոր էջից սկսել բանակցությունները, ապա նաև թուրքերի համաձայնությունն է անհրաժեշտ: Անկարան կհամաձայնվի՞ դրան: Հիշելով արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ երջանկությունից պայթող դեմքի արտահայտությունը Ցյուրիխում, դժվար թե։
Հայաստանի իշխանությունները (գործող կամ ապագա) Թուրքիայի հետ հարաբերություններում պետք է ունենան մի քանի «կարմիր գծեր»: Նախ, հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նոր արձանագրությունը չպետք է լինի երկար: Այս իմաստով՝ ցյուրիխյան արձանագրությունները արձանագրություններ չէին, այլ՝ պայմանագրեր կամ համաձայնագրեր: Հենց այդ պատճառով է, որ վավերացման պետք է դրվեին Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններում: Հայաստանը մոտ 150 պետության հետ ստորագրել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրություններ, որոնք կազմված են ընդամենը երեք-չորս նախադասություններից և որոնցից ոչ մեկը չի տարվել Հայաստանի խորհրդարան՝ վավերացման:
Երկրորդ, Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը բացելու համար որևէ արձանագրություն պետք չէ, քանի որ սահմանը բաց պահելը լավություն չէ, այլ միջազգային պարտավորություն: Այսինքն, նախքան որևէ արձանագրության ստորագրումը, նախ Թուրքիան պետք է վերջ տա շրջափակմանը: Երբ 1993-ին Անկարան փակում էր սահմանը, որևէ արձանագրություն չստորագրեց, ուրեմն՝ բացելու համար էլ չպիտի ստորագրել:
Հայ-թուրքական արձանագրություն անհրաժեշտ է միայն և բացառապես դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: Իսկ Հայաստանի և Թուրքիայի միջև առկա մյուս խնդիրները պետք է քննարկվեն դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո միայն: Եվ վերջինը. հանուն Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Երևանը պետք է վերջ տա Թուրքիային լավ հարևանություն և բարեկամություն խոստանալու գործելաոճին:
ԹԱԹՈւԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ

No comments: