Thursday, January 20, 2011

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՋԱՐԴԵՐԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

21 տարի առաջ Բաքվում կազմակերպված ջարդերի ժանանակ մեկ շաբաթում զոհ գնաց մի քանի հարյուր հայ: Ապացուցված է 300 հայի սպանությունը, սակայն «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանի փոխանցմամբՙ զոհերի թիվն ավելի շատ է:
Հայկական կողմը Բաքվի, Սումգայիթի եւ Մարաղայի ջարդերը փաստող բազմաթիվ վկայություններ, փաստաթղթեր, տեսանյութեր ունի: Ոչ միայն հայկական, այլեւ ադրբեջանական ու միջազգային բազմաթիվ փաստաթղթեր ու պարբերականներ փաստում են. Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել իր երկրում ապրող ազգային փոքրամասնության դեմ: Պահպանված է ադրբեջանցի լրագրող Իրինա Մոսեսովայի գրքերը, որտեղ նա նկարագրում է Բաքվի ջարդերը: 90-ականներին «Նյու Յորք թայմս» թերթում 150 իրավապաշտպանների, հասարակական եւ քաղաքական գործիչների անունից տպագրվեց բաց նամակ, որտեղ նրանք դատապարտում էին Ադրբեջանում հայերի ջարդը: 1990-ին կրկին «Նյու Յորք թայմսում» տպագրվեց հոդված, որտեղ հեղինակը գրում է. «Ադրբեջանը Լիտվա չէ, այստեղ խոսում են անկախության մասին, բայց ի տարբերություն Ադրբեջանի, Ադրբեջանի պայքարը ներառեց արյունալի ջարդեր հարեւան հայերի նկատմամբ»:
Փորձագետները նշում են, որ ադրբեջանական հակահայ քարոզչության դեմ անհրաժեշտ է պայքարել բոլոր մեթոդներով, պետական մակարդակով ակտիվացնել քարոզչությունը: Հայկական կողմն ունի բոլոր ապացույցները, մեր կողմն է ճշմարտությունը: Պետք է օգտագործել նաեւ Սփյուռքի ներուժը: Այսօր, ցավոք, գրագետ ու լիարժեք չի օգտագործվում այն:
«Զարմանալի է, որ Հայաստանի Ազգային ժողովը մինչ օրս չի ճանաչում ադրբեջանցիների կազմակերպած ջարդերը որպես ցեղասպանություն. Դրանցում առկա են բոլոր այն հատկանիշները, որոնք սահմանված են ՄԱԿ փաստաթղթերում: Հայաստանը պետք է դիմի միջազգային իրավական ատյաններին ու պատասխանատվության կանչի Ադրբեջանին: Հայաստանը կարող է դատի տալ միջազգային հանրությանը ներկայացնելով Մարաղայի ջարդերը, որոնց իսկությունը վիճարկող հայտարարություններ ադրբեջանցիներն անգամ չեն անում, որովհետեւ ամեն ինչ ոչ միայն ակնհայտ է, այլեւ փաստացի ամրագրված: Բացի դրանից, Մարաղան տեղի է ունեցել 1992-ին: Այդ ժամանակ չկար Խորհրդային Միությունը, եւ ջարդերի կազմակերպիչն ու իրականացնողն Ադրբեջանն էր», «Արմատում» ասաց Մ. Գրիգորյանը:
Նա նշում է, որ հայկական կողմի քարոզչական ակտիվության պարագայում հարեւան քոչվոր ցեղի ներկայացուցիչները, այլեւս չկարողանալով սուտ հորինել, սկսում են աբսուրդի հասնող հայտարարություններ տարածել, եւ ադրբեջանական կեղծիքն ավելի ակնառու է դառնում:
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ ներկայացնում է ադրբեջանական վերջին կեղծիքներից մեկը, որոնց համաձայն իբր հայկական սփյուռքն է Գորբաչովին բերել իշխանությանՙ ադրբեջանցիների կողմից հայկական ջարդեր կազմակերպելու համար` ադրբեջանցիներին թուլացնելու եւ Ղարաբաղը հետ խլելու նպատակով: Նմանատիպ աբսուրդի հասնող պատմություններ կան նախագահ Ալիեւի, նախարարների ու ԱԱԾ պաշտոնական կայքերում:
«Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակում երեք ֆիլմ է նկարահանվել Ադրբեջանում հայերի ջարդերի մասին: Այժմ խումբն աշխատում է «Խոջալու» եւ «Կոլցո օպերացիա» ֆիլմերի վրա, որոնք շուտով կհանձնվեն հանդիսատեսի դատին:
Հ. Հ.

No comments: