Wednesday, January 19, 2011

Թուրքիայի աքիլլեսյան գարշապարը

Հարցազրույց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ
Օրեր առաջ Անկարայում տեղի է ունեցել թուրք դեսպանների 3-րդ համաժողովը, որին մասնակցած 150 դիվանագետների քննարկած հիմնական թեմաներից է եղել Հայոց ցեղասպանության հարցը, հայ-թուրքական գործընթացը և ԱՍԱԼԱ-ն։ «Կապիտալի» հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասում է, որ այդ հավաքի մասին տեղեկատվություն տարածելով՝ Թուրքիայի իշխանություններն ուղերձ են հղում Հայաստանին և Ադրբեջանին։
-Պարոն Մելքոնյան, ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված համաժողովում այդ հարցերի ընդգրկումը։
-Առհասարակ Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարը վաղուց ի վեր ունի շատ կայուն դիրք, և թուրքական դիվանագիտությունը տարիների ընթացքում շարունակ փորձում է համակարգված մոտեցում մշակել այդ ուղղությամբ։ Բնականաբար, նմանատիպ հանդիպումները տեղի են ունենում պարբերաբար, սակայն այդ հանդիպումներից ոչ բոլորի մասին է տարածվում հայտարարություն, տպագրվում են նկարներ։ Ելնելով վերոնշյալ հանգամանքից՝ կարող ենք ասել, որ հիշյալ հանդիպմանը նման լայն արձագանք տալը հետապնդում է քարոզչական նպատակ։ Կարծում եմ՝ այս հանդիպման մասին տեղեկատվություն տարածելով՝ Թուրքիայի իշխանությունները որոշակի ուղերձ հղեցին և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին՝ ցույց տալով, որ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ իր քաղաքական առաջնահերթություններին և շարունակում է պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դեմ։

-Հանդիպմանը քննարկվել է նաև հայ-թուրքական գործընթացը և ԱՍԱԼԱ-ի հարցը։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Թուրքիայում նորից սկսեցին խոսել ԱՍԱԼԱ-ի մասին։
-ԱՍԱԼԱ-ի անունը Թուրքիայի արտաքին քաղաքականության քննարկումներում վաղուց է, ինչ չէր շրջանառվում։ Այս վերջին հանդիպման ժամանակ այդ հարցին անդրադառնալը, իմ կարծիքով, պատահական չէր։ Կարծում եմ՝ այս քայլով Թուրքիայի արտաքին քաղաքականությունը փորձում է ֆոն ապահովել հետագա աշխատանքների համար։ Այսինքն՝ ինչ-որ պահերի նրանք կսկսեն շահարկել ԱՍԱԼԱ-ն՝ ասելով, թե հայկական կողմը չի բացառում բռնությունը, չի բացառում զինված գործողությունները և այլն։ Սակայն թուրքական կողմը մոռանում է, որ ԱՍԱԼԱ-ն հայ ժողովրդի արդար դատի ծնունդն է։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա դարձյալ կարծում եմ, որ այդ ամենում առկա է քարոզչական տարրը. մոտեցող խորհրդարանական ընտրությունները Թուրքիայի իշխող կուսակցությանը ստիպում են իրենց դիրքորոշումներում ուժեղացնել ազգայնական տոնայնությունները։

-Կարծում եք՝ հայ-թուրքական բարեկամությանը նվիրված արձանը քանդելու Թուրքիայի վարչապետի հրահանգը նույնպե՞ս հակահայկական քարոզչական ոլորտից է, թե՞ այս անգամ խնդիրն այլ է։
-Ես հակված եմ հարցը դիտարկել երկու կողմից. նախ՝ այդ այսպես կոչված բարեկամության արձանն արդեն մի քանի տարի է, ինչ կանգնեցված է, իսկ նրա մասին հիմնականում ոչ ոք չգիտեր։ Այն առանձնապես հայտնի չէր ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Թուրքիայում, և Էրդողանի այդ հայտարարությունն այդ անհայտ արձանին բերեց բավական մեծ ճանաչում, մարդիկ սկսեցին խոսել նրա մասին։ Կարծում եմ՝ այս ամենն Էրդողանի էքսցենտրիկության հետևանքն է։ Նորություն չէ, որ Էրդողանն աշխարհին հայտնի է իր անհավասարակշիռ և անզուսպ պահվածքով, որը նրա քաղաքական կերպարի անբաժանելի մասն է, և որի շնորհիվ նա որոշակի քաղաքական բարձր վարկանիշ է ունենում թուրք հասարակության տարբեր շրջանակներում։ Էրդողանն իր անզուսպ հայտարարություններն օգտագործում է ոչ միայն արտաքին քաղաքականության, այլև ներքին քաղաքականության մեջ, նախընտրական պայքարում, իր քաղաքական հակառակորդներին ուղղված քննադատություններում։ Սկանդալային հայտարարությունները, որ հնչում են Էրդողանի շուրթերից, որևէ մեկին այլևս չեն զարմացնում։ Ասածս ամբողջական դարձնելու համար ուզում եմ հիշեցնել Դավոսի օրինակը, երբ նա սկանդալով լքեց Դավոսը։ Այսպիսով, կարծում եմ, այդ բարեկամության արձանի ապամոնտաժմանը վերաբերող հրահանգը նրա սկանդալային բնավորության հերթական դրսևորումն է։ Չեմ բացառում, որ այդ քայլի մեջ կա որոշակի քարոզչություն, որով, ըստ իս, Թուրքիայի իշխող կուսակցությունը՝ ի դեմս Էրդողանի, Կարսում, որտեղ ապրում են մեծ թվով ադրբեջանցիներ, ևս մեկ անգամ վերահաստատում է Հայաստանի հետ սահմանի բացման և հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ ունեցած իր նախապայմանները, որոնցից մեկն էլ ղարաբաղյան հակամարտության հարցն է։ Դա էր պատճառը, որ այդ արձանի քանդման կոչն ազգայնական տրամադրություն ունեցող հասարակության շրջանակներում բավական դրական արձագանք ստացավ։ Իհարկե, օրերս Էրդողանն անդրադարձավ այդ խնդրին և ասաց, որ արձանի ապամոնտաժման հրահանգը նա տվել է, քանի որ այն անհաջող ճարտարապետական կոթող է։ Կարծում եմ՝ սա արդեն հետքայլ էր: Շեշտելով հարցի ճարտարապետական կողմը՝ Էրդողանը փորձեց ասել, որ իր այդ քայլն ուղղված չէ հայ-թուրքական բարեկամությանը։

-Էրդողանի հայտարարությունը լայն արձագանք էր գտել միջազգային մամուլում։ The Wall Street Journal-ը գրել է. «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կարսում կառուցված` հայերի ու թուրքերի բարեկամությունը խորհրդանշող արձանը քանդելու վերաբերյալ կարգադրությունը վկայում է այն խոր սառեցվածության մասին, որ այժմ առկա է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն և սահմանը բացելուն ուղղված ջանքերում»։ Ձեր դիտարկումը։
-Ես չէի ցանկանա արձանի քանդման հրահանգին այդքան մեծ նշանակություն տալ և տեղավորել եղածից ավելի լայն համատեքստում։ Անշուշտ, սա հայ-թուրքական հարաբերությունները բնութագրող դրսևորումներից մեկն է, սակայն ես կրկին այն համոզման եմ, որ արձանի քանդման մասին Էրդողանի հայտարարությունն ավելի շատ նրա նախընտրական հնարքներից մեկն է։ Ուզում եմ մի փոքրիկ դիտարկում ևս անել. այդ արձանը կառուցվել է Կարսի նախկին քաղաքապետի օրոք, որը հայտնի է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված իր մի քանի դրական քայլերով։ Կարսի քաղաքապետի ընտրություններում նա պարտվեց մեկ այլ թեկնածուի, որն իշխող կուսակցության համակիր է և, բնականաբար, պաշտպանում է իշխող կուսակցության՝ հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ ունեցած անզիջում դիրքորոշումը։ Սա, կարծում եմ, նաև Թուրքիայի ներքաղաքական պայքարի, ներկա և նախկին քաղաքապետների պայքարի համատեքստում էր, և այդ քայլով իշխող կուսակցությունն իր աջակցությունը հայտնեց գործող քաղաքապետին։

-Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում Թուրքիայում ապրիլի 24-ին ընդառաջ։
-Ես այն համոզման եմ, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը դարձել է իր իսկ հռչակած սկզբունքի՝ Հայոց ցեղասպանության դեմ պայքարի գերին։ Իսկ պայքարել Ցեղասպանության դեմ նշանակում է պայքարել ճշմարտության դեմ։ Այսինքն՝ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ճշմարտության դեմ պայքարի գերին է։ Այդ առումով ամեն ապրիլի 24 Թուրքիայի արտաքին քաղաքականության համար ստեղծում է նոր հոգսեր, նա լարում է իր ամբողջ ուժը, որպեսզի կարողանա կասեցնել ևս մեկ ապրիլի 24։ Պետք է նշել, որ ամեն ապրիլի 24 հաղթահարելն այդքան էլ հեշտ չի տեղի ունենում. Թուրքիան կատարում է տարատեսակ զիջումներ, որոնց մի մասը տեսանելի է, իսկ մի մասն այդպես էլ տեսանելի չի դառնում։ Ամեն տարի Թուրքիան ԱՄՆ-ին և այլ պետությունների կատարում է տարատեսակ զիջումներ, որպեսզի նրանք ընթացք չտան Ցեղասպանությունը ճանաչող տարբեր բանաձևերի։ Սա զգալիորեն թուլացնում է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը։ Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Ցեղասպանության ճանաչման հարցը դարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականության աքիլլեսյան գարշապարը։ Պետք է նշեմ, որ սա արդեն սկսել է լուրջ խնդիրներ առաջացնել Թուրքիայի ներքաղաքական կյանքում, և իշխող կուսակցության քննադատողների մեջ արդեն գնալով գերիշխում է այն կարծիքը, որ Թուրքիայի պայքարը Հայոց ցեղասպանության դեմ նման է հողմաղացների դեմ պայքարի, որը ժամանակի ընթացքում դառնում է ավելի անարդյունավետ։
Արփի Մախսուդյան
Կապիտալ.15-1-2011

No comments: