Tuesday, January 18, 2011

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՀԱՆՋԸ

«Լրագիր» 18-1-2011-Հայաստանում առաջիկա համապետական ընտրական շրջանի գլխավոր ինտրիգներից մեկը, գոնե մինչ այժմ, համարվում է Ռոբերտ Քոչարյանի ներգրավվածության հարցը: Կմասնակցի՞ արդյոք նա խորհրդարանի եւ նախագահի ընտրություններին, որին ինչպե՞ս կմասնակցի, ումո՞վ կմասնակցի:
Իսկ ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանը մասնակցի: Կա թերեւս երեք քիչ թե շատ հիմնական տարբերակ, թե ինչու նա կփորձի մասնակցել: Մեկը իշխանատենչությունն է. մարդը պարզապես չի ցանկանում գործնական իշխանությունից հեռու լինել եւ փորձում է վերադառնալ հնարավորինս արագ:
Մյուսը կարող է լինել երկրի հանդեպ պատասխանատվության զգացումը. մարդը տեսնում է, որ Սերժ Սարգսյանը չի կարողանում արդյունավետ կառավարել, խնդիրներ են առաջանում ներքին ու արտաքին ոլորտներում, վտանգներ են կախվում պետական շահի գլխին, հիմնական ընդդիմությանն էլ համարում է նույնպես վտանգավոր, դրա համար էլ փորձում է վերադառնալ եւ շտկել իրավիճակը:

Երրորդը կարող է լինել այն, որ Ռոբերտ Քոչարյանը պարզապես մտահոգվում է իր հետագա ճակատագրի համար. մարդը տեսնում է, որ աշխարհում տեղի են ունենում բավական դինամիկ պրոցեսներ, տեղի են ունենում սենսացիոն բացահայտումներ, ընթանում է նոր աշխարհակարգի ակտիվ որոնումներ, բացի այդ տեսնում է, որ Սերժ Սարգսյանն էլ այդ ամենի մեջ փորձում է իր իշխանության հարատեւության երաշխիքներ որոնել, ու չի բացառվում, որ այդ ամենի մեջ հանկարծ առաջանա զոհ տալու անհրաժեշտություն, եւ ամենահարմար եւ թանկարժեք զոհը լինի հենց ինքը:

Գուցե լինեն նաեւ այլ պատճառներ, որոնք Ռոբերտ Քոչարյանին ստիպեն մտածել վերադարձի մասին: Բայց թերեւս այդ երեք պատճառներն այն հիմնականներն են, որոնք վերադարձի ջանքի առումով ունեն զգալի նշանակություն:

Իսկ որոնք են Քոչարյանի վերադարձի տարբերակները: Պարզ է, որ դա պետք է տեղի ունենա որեւէ քաղաքական ուժի աջակցությամբ: Այդ առումով հիմնական “հարթակներ” են դիտվում Դաշնակցությունն ու Բարգավաճ Հայաստանը: Մեկը հայտարարված ընդդիմություն է, մյուսը հայտարարում է, որ իշխանական կոալիցիայից չի պատրաստվում դուրս գալ: Դաշնակցությունը Քոչարյանի համար կարող է լինել այսպես ասած արտաիշխանական ճանապարհի տարբերակ, երբ նա կփորձի իշխանություն վերադառնալ դրսից, իսկ ԲՀԿ-ն կարող է լինել ներքին տարբերակ, երբ Ռոբերտ Քոչարյանը կփորձի իշխանություն վերադառնալ ներիշխանական վերադասավորումների ճանապարհով, երբ ԲՀԿ ռեսուրսին կարող է միանալ նաեւ ՀՀԿ այն ռեսուրսը, որը Սերժ Սարգսյանին է ընտրել միայն Քոչարյանի բացակայության պատճառով կամ Քոչարյանի ասելով:

Վերադարձի այլ տարբերակ Քոչարյանը թերեւս չունի: Դժվար է պատկերացնել, որ առաջիկա առնվազն 5 տարում նա կկարողանա քիչ թե շատ հանրային էական պահանջարկ վայելել: Դժվար է նաեւ պատկերացնել, որ նա պահանջարկ կվայելի արտաքին աշխարհում: Համենայն դեպս, թե ԱՄՆ, թե Ռուսաստանը բացահայտ աջակցում են Սերժ Սարգսյանին: Դժվար է պատկերացնել, որ Ռոբերտ Քոչարյանը արտաքին կենտրոններին կարողանա առաջարկել կախվածության ավելի մեծ աստիճան: Ընդ որում, այստեղ Ռոբերտ Քոչարյանն ինքն իր վիճակը բարդացրեց, Սերժ Սարգսյանի համար “կազմակերպելով” Մարտի 1: Գուցե Քոչարյանն այդ ժամանակ մտածում էր, թե Սերժ Սարգսյանն իրեն է պարտական լինելու, որ չկորցրեց իշխանությունն ու դարձավ նախագահ: Բայց ստացվեց այնպես, որ Սերժ Սարգսյանը նախընտրեց պարտական լինել Վաշինգտոնին ու Մոսկվային, քան ծովակալ Իսակովի պողոտային, որտեղ կարծես կառավարությունը տուն հատկացրեց Ռոբերտ Քոչարյանին:

Դատելով Հայաստանի քաղաքական, ներիշխանական ավանդույթներից, Ռոբերտ Քոչարյանի հասարակական աջակցություն չունենալը թերեւս այդքան էլ ճակատագրական նշանակություն չունի նրա վերադարձի առումով: Բայց արտաքին աջակցությունը գրեթե կենսական պարագա է: Չունենալով դա, Ռոբերտ Քոչարյանը թերեւս չունի իշխանության վերադառնալու հույս: Իսկ հասարակական եւ արտաքին աջակցությունից զուրկ Ռոբերտ Քոչարյանը միայն ու միայն կարող է խանգարել Դաշնակցությանը կամ Բարգավաճ Հայաստանին:

Ավելին, նա թերեւս արդեն իսկ խանգարում է նրանց, քանի որ այդ կուսակցություններն ընկալվում են ոչ իբրեւ ինքնավար քաղաքական սուբյեկտներ, այլ որպես Ռոբերտ Քոչարյանի ծրագրային սպասարկողներ: Մինչդեռ դա անկասկած կշռազրկում է նրանց Սերժ Սարգսյանի առաջ: Սարգսյանի համար ներկայում պոտենցիալ կամ առկա վտանգ է այն ուժը, որի թիկունքում հասարակության որեւէ զգալի շերտ է, ոչ թե Ռոբերտ Քոչարյանը: Հետեւաբար նա կխոսի այն ուժի հետ, ով ունի այդ շերտի աջակցությունը: Իսկ մնացյալ ուժերին նա ընդամենը պահանջներ կներկայացնի, ինչպես հայտարարեց ՀՀԿ 20-ամյակի միջոցառմանը ունեցած ելույթում:

Իսկ այն ուժերը, որոնք կանգնած կլինեն ընդամենը Սերժ Սարգսյանի պահանջների եւ Ռոբերտ Քոչարյանի ծրագրերի միջեւ, այլընտրանք չունեն: Նրանք վաղ թե ուշ կատարելու են Սերժ Սարգսյանի պահանջները, որովհետեւ դրանց ընդդիմանալու համար ոչ թե Ռոբերտ Քոչարյանի ծրագրերը սպասարկելու “արտոնագիր” է պետք “ցույց տալ” իշխանությանը, այլ հասարակության պահանջները կատարելու գործնական կարողություն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: