Tuesday, January 18, 2011

Լատվիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող ԼՂ բանակցային գործընթացին

Tert.am. 18-1-2011- Լատվիան ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին և որևիցե նպատակ չունի խանգարելու այդ գործընթացին: Այս մասին ասել է Լատվիայի ԱԳՆ երկկողմ հարաբերությունների վարչության տնօրեն Յանիս Զլամեցը՝ պատասխանելով հայաստանյան լրատվամիջոցների ՝Լատվիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ հռչակագրում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ տեղ գտած մի շարք աղավաղված ձևակերպումների մասին հարցին։
Լատվիացի բարձրաստիճան դիվանագետը նաև հավելել է, որ իր երկրի դիրքորոշումն ամբողջովին համընկնում է ԵՄ դիրքորոշմանը, որը տարբեր առիթներով արտահայտվել է ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպույի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ընդհանուր արտաքին և պաշտպանական միասնական քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթին Էշթոնի կողմից առ այն, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի կանոնադրության և միաջազգային իրավունքի ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքների հիման վրա:
Եզրափակելով լատվիացի բարձրաստիճան դիվանագետն ասել է, որ Լատվիան միացել է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հելսինկյան և աթենքյան հայտարարություններին, ինչպես նաև Աստանայի հռչակագրին, որտեղ ամեն ինչ հստակ ամրագրված է:

No comments: