Tuesday, January 18, 2011

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՆՈՐ ԴԱՇԻՆՔ

Tert.am. 18-1-2011- Բարգավաճ Հայաստան կուսակցությունն անսպասելիորեն դարձավ Հայաստանում նախընտրական իրադարձությունների առանցքը: Ոչ կառավարող Հանրապետական կուսակցությունը, ոչ ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսը, ոչ Դաշնակցությունը, այլ հենց Բարգավաճ հայաստանը, որն իր գոյության ընթացքում առայժմ չի հռչակել գաղափարական նպատակ: Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բոլոր հարցերին պատասխանում է` հարուստ մարդիկ պետք է զբաղվեն բարեգործությամբ եւ մտածեն ժողովրդի մասին:
Թեեւ, Հայաստանում բլոկներն ու դաշինքները ստեղծվում են ամենեւին էլ ոչ գաղափարական, այլ անձնական սկզբունքով: Հայ ազգային կոնգրեսում, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքվել է մի քանի տասնյակ կուսակցություն եւ կազմակերպություն, որոնք տարբեր կողմնորոշումներ ունեն: Իշխող կոալիցիան նույնպես ստեղծվել է Սերժ Սարգսյանին աջակցելու սկզբունքով: Եւ եթե կոալիցիայի մեջ գտնվող Բարգավաճ Հայաստանը որոշի աջակցել այլ թեկնածուի, ապա մեխանիկորեն դառնում է նոր դաշինքի ձեւավորման կենտրոն:

Խոսվում է այն մասին, որ ԲՀԿ-ին որոշակի իրավիճակում կարող է միանալ Սամվել Բաբայանն իր կողմնակիցներով: Որոշակի իրավիճակը թերեւս ԲՀԿ կողմից Ռոբերտ Քոչարյանին սատարելն է: Նոր դաշինքին կարող է միանալ ՀՅ Դաշնակցությունը, նույնիսկ եթե որոշում կայացնի սեփական թեկնածուով մասնակցել ընտրություններին:

Սակայն իշխանության համար ամենասարսափելին կարող է դառնալ Հանրապետական կուսակցության պառակտումը, որի քոչարյանական թեւը կարող է դուրս գալ կուսակցությունից եւ ստեղծել առանձին կուսակցություն: Ի դեպ, դա կարող է լինել հենց երեւանցիների կուսակցությունը, որի մասին խոսվում է կուլուարներում, եւ որը մտադիր են ստեղծել նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ մի խումբ օլիգարխներ: Խոսվում է նաեւ այն մասին, թե հնարավոր է այդ կուսակցությանը միանա նաեւ Տիգրան Կարապետյանն ԱԼՄ-ի բազմաքանակ լսարանով:

Այս դաշինքը կարող է կոշտ մրցակից լինել ինչպես ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիայի, այնպես էլ Հայ Ազգային կոնգրեսի ու Ժառանգության համար: Առավել եւս, եթե դրան որոշեն միանալ Սամվել Ալեքսանյանի տիպի մոնոպոլիստները: Հնարավոր է, հենց դրա հետ է կապված վերջինիս պատկանող սուպերմարկետների ցանցի շուրջ ստեղծված իրավիճակը:

Նոր դաշինքի ձեւավորումը կարող է սկսել արդեն փետրվարին, ԲՀԿ համագումարից հետո: Եթե, իհարկե, Գագիկ Ծառուկյանը վերջնական ընտրություն կատարի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ:

Եթե նոր դաշինքի մեջ մտնեն օլիգարխները, ֆինանսների պակաս այն թերեւս չի ունենա` դժվար թե Սերժ Սարգսյանը ձեռնարկի բոլոր մոնոպոլիստների սնանկացման գործընթաց: Կմնա արտաքին աջակցության գործոնը, որը նույնպես կախված կլինի նրանից, թե այս երեք դաշինքներից որը ավելի վճռական կլինի իր հավակնություններում:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: