Tuesday, January 18, 2011

Ադրբեջանական նավթային ընկերությունը բացահայտել է, թե ինչու է ցանկանում գնել Հայաստան մտնող գազատարը

News.am. 18-1-2011- Ինչպես հայտնի է՝ ադրբեջանական SOCAR ընկերությունը (Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն է) բազմիցս ցանկություն է հայտնել գնելու «Հյուսիս-հարավ» գազամուղի վրացական հատվածը, որով ռուսական գազը հասնում է Հայաստան:
Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը մի առիթով հայտարարել է, որ եթե նույնիսկ ադրբեջանական ընկերությունը գնի գազատարը, ապա Հայաստանը դրանից չի տուժի, քանի որ գազի մատակարարման անվտանգությունը երաշխավորվում է միջպետական համաձայնագրերով:
Սակայն երեկ՝ հունվարի 17-ին ադրբեջանակն trend.az գործակալությունը հրապարակել է SOCAR-ի մեկնաբանություններն այն մասին, թե ինչու է իրենց պետք «Հյուսիս-հարավ» գազատարը։ Այդ մեկնաբանություններից ակնհայտ է դառնում, որ գազատարը ձեռքբերելուց հետո այն օգտագործվելու է այլ նպատակներով, որն անհնար է դարձնում դեպի Հայաստան գազի անխափան մատակարարումը։
Այսպես՝ ըստ SOCAR-ի, գազատարն իրենց պետք է Azerbaijan-Georgia-Romanian Interconnector (AGRI) ծրագիրն իրականացնելու համար։ Սա մի ծրագիր է, որով ադրբեջանական գազը պետք է հասցվի Վրաստանի սեւծովյան ափ, այնուհետեւ հեղուկացվի եւ տանկերներով տեղափոխվի ռումինական Կոնսթանթ նավահանգիստ։
Առաջին հայացքից՝ այս բացատրությունն աբսուրդային է, քանի որ գազը Ադրբեջանից Սեւ ծով հասցնելու համար գազատարը պետք է ձգվի ոչ թե հյուսիսից հարավ, այլ արեւելքից արեւմուտք։ Իր ներկա աշխարհագրական տեղաբաշխմամբ, Հյուսիս-Հարավ գազատարը AGRI ծրագրի համար պիտանի չէ, քանի որ գազը Ռումինիա պետք է առաքվի ոչ թե Ռուսաստանի, այլ Վրաստանի ափերից։ Այն կարող է պիտանի լինել միայն այն դեպքում, եթե ապամոնտաժվի եւ կրկին մոնտաժվի այլ ուղղությամբ։
Այսպիսով՝ գազատարը Ադրբեջանին վաճառելուց հետո Վրաստանը չի կարող երաշխավորել դեպի Հայաստան անհրաժեշտ ծավալով գազի մատակարարումը, քանի որ գործող պահուստային գազատարը դրա համար բավարար չէ։ Նման վաճառքը կհանգեցնի ոչ միայն հայ-վրացական եւ ռուս-վրացական հարաբերությունների սրմանը, այլեւ անընդունելի կդառնա միջազգային հանրության համար։
Սա է թերեւս պատճառը, որ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն այսօր՝ հունվարի 18-ին Բաքու կատարելիք այցի նախօրեին հարկ համարեց իր մամուլի խոսնակի միջոցով հայտարարել, որ այցի ընթացքում չի քննարկվելու SOCAR ընկերության կողմից «Հյուսիս-Հարավ» գազատարի գնման հնարավորության հարցը: Սակայն Գ. Վաշաձեն ակնարկել է նաեւ, որ հարցն ընդհանրապես օրակարգից հանված չէ, ինչը նշանակում է, որ այս հարցը դեռ երկար ջուր կքաշի։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, անցած տարվա հունիսին գազատարը հանվել էր այն ձեռնարկությունների ցանկից, որոնք ենթակա չեն մասնավորեցման:

Սամվել Ավագյան

No comments: