Thursday, January 20, 2011

Սերժ Սարգսյանը հանդիպել է հույների հոգևոր առաջնորդի հետ

Tert.am. 19-1-2011- Պետական այցով Հունաստանում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս, Հունաստանի ինքնիշխան ուղղափառ եկեղեցու առաջնորդ Հիերոնիմոս II-ի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի անկախության հռչակումից ի վեր հաջողությամբ զարգացող հայ-հունական հարաբերություններին, երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամությանը, որի ամենակենսունակ հիմքերից մեկը, Նախագահի խոսքով, երկու եկեղեցիների փոխհարաբերություններն են:
«Աշխարհը զարգանում է, ժամանակները փոխվում են, բայց դրանից չի փոխվում եկեղեցու նշանակությունը, հավատքի նշանակությունը և եթե փոխվում է, ապա էլ´ ավելի է կարևորվում: Դարերի ընթացքում չունենալով պետականություն` հայ ժողովուրդն ապավինել է իր հավատքին, իր եկեղեցուն, և Հայ առաքելական եկեղեցին իր վրա է վերցրել պետականության, պետության շատ գործառույթներ, պահպանել` մեր լեզուն, մշակույթը, ինքնությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը` ընդգծելով մեր ժողովրդի կյանքում նաև այսօր եկեղեցու մեծ դերակատարությունը:
Նա Արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ին է փոխանցել Հայաստան այցելելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II¬ի հրավերը` նշելով, որ այդ այցը մեծապես կնպաստի հայ և հույն եկեղեցիների միջև եղբայրության ամրապնդմանը։
Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս, Հունաստանի ինքնիշխան ուղղափառ եկեղեցու առաջնորդ Հիերոնիմոս II-ը նշել է, թե հատուկ հուզմունքով է ընդունում Նախագահ Սերժ Սարգսյանին, որովհետև հյուրընկալել է բարեկամ երկրի նախագահի: Նա խոսել է հայ և հույն ժողովուրդներին պատմականորեն բաժին հասած նույնանման դժվարությունների ու տառապանքների մասին:
«Բոլորս էլ կարդացել ենք և քաջատեղյակ ենք հայ ժողովրդի ողբերգության մասին: Վստահ եմ, որ դուք էլ նույն ձևով հետևել եք մեր ժողովրդի պատմությանը և մեր հայրենակիցների տառապանքներին հարևան երկրում: Սակայն սա է պատմությունը: Ահավասիկ հայ ժողովուրդը, որ այսքան տանջանքներից հետո կարողացավ վերապրել: Հենց ձեր ժողովուրդը հաղթահարեց այդ դժվարությունները և եկեղեցին պետության դեր կատարեց: Ճիշտ նույնը պատահեց նաև այս երկրում: Սակայն այս բոլորն անցյալին են պատկանում: Պարոն Նախագահ, հիմա նոր ժամանակներում ենք ապրում, նոր դժվարություններով: Ես հավատացած եմ, որ մեր համագործակցությունը, մանավանդ մեր կապն ուղղափառ հավատքի հետ կկարողանա մեզ օգնել, որպեսզի հաղթահարենք այսօրվա դժվարությունները»,- Նախագահի հետ հանդիպմանն ասել է Հունաստանի Արքեսպիկոպոսը` Սերժ Սարգսյանին մաղթելով հաջող ու արդյունավետ բանակցություններ իր երկրի քաղաքական ղեկավարության հետ:
Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն Աթենքում այցելել է անհայտ զինվորի հուշարձան և իր հարգանքի տուրքը մատուցել` ծաղկեպսակ դնելով հուշարձանին:
Պետական այցի շրջանակներում նա այնուհետև հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Ֆեցալնիկոսի, վարչապետ Ջորջ Ա. Պապանդրեուի հետ:
Սերժ Սարգսյանը Աթենքում հանդիպել է նաև Հունաստանի ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Անտոնիս Սամարասի և ավանդական հայկական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Երեկոյան նախատեսվում է Հայաստանի նախագահի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից ընդունելություն, որին հրավիրված են Հունաստանի բարձր ղեկավարությունը և հունահայ համայնքի ներկայացուցիչներ:

No comments: