Monday, January 17, 2011

ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ Է

Մեր զրուցակիցն է պատմական գիտությունների թեկնածու Հայկակ Արշամյանը
-Հայկակ, Freedom House-ի կողմից 2010-ի հրապարակված տարեկան զեկույցում պարզ դարձավ, որ նախկին Սովետական Միության տարածաշրջանը, բացառությամբ Բալթյան երկրների, շարժվում է ավտորիտար կառավարման կանոններով: Մեր պարագայում սա չափազանցությո՞ւն է, թե՞ փաստի արձանագրում:
-Հայկական լեռնաշխարհում ձևավորված բոլոր պետությունները` սկսած Արարատյան թագավորությունից, եղել են ավատատիրական համակարգեր: 1991-ին հիմնված Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, չկարողացավ ձերբազատվել ավատատիրական ձևաչափից, ինչն ավելի խորացավ վերջին տասնամյակում: Ավատատիրական համակարգին բնորոշ տեղական իշխանիկներն ու արքայիկները հիմա էլ կան: Պարզապես այն ժամանակ իշխանները և ֆեոդալները հզորանալով` սկսում էին դուրս գալ թագավորական իշխանության դեմ և փորձում ձեռք բերել առավել ինքնուրույնություն, իսկ հիմա տարբերությունն այն է, որ անվերապահորեն համակերպվում են կենտրոնական իշխանության հետ, իրենց դիրքն էլ օգտագործում են հարստություն դիզելու, իրենց իշխանությունն ամրապնդելու համար: Այսինքն` մեզ մոտ պահպանողական ավատատիրական պետության ֆորմատ է, ու համոզված եմ, որ Freedom House-ի տարեկան զեկույցը որեւէ մեկին չի զարմացնի:

-Մեզանում այսօր ազգային, ազատական պետության մասին են խոսում, նշում դրանց միջեւ գոյություն ունեցող հաղորդակցության պակասը, ասում, որ ոչ ազատականը եւ ոչ էլ ազգայինն ամբողջության մեջ չեն ինքնադրսեւորվում:
-Դասական ազատականությունը անձնական ազատության և հավասար իրավունքների գաղափարն է, և առաջադրում է սահմանադրության, ազատական ժողովրդավարության, ազատ և արդար ընտրությունների, մարդու իրավունքների, ազատ առևտրի, պետությունից եկեղեցու անջատման սկզբունքները: Դասական ազատականությունն իր արմատներով գնում է դեպի 17-18 դարեր: 20-րդ դարում այն տրանսֆորմացվեց սոցիալական ազատականության, որն իր մեջ ներառում է նաև սոցիալական արդարությունը և ընդունում է, որ պետությունը պետք է որոշակի գործառույթներ ունենա տնտեսական և սոցիալական հիմնահարցերի լուծման գործում` միևնույն ժամանակ մեծ դերակատարում վերապահելով քաղաքացիական իրավունքների ընդլայնմանը: Այսինքն` սոցիալական ազատականության դեպքում հասարակության բարեկեցությունը պետք է զուգորդվի անհատի ազատությամբ: Այդ իսկ պատճառով էլ սոցիալական ազատականությունը պետք է առաջնորդվի մարդու իրավունքներով, ազատ և արդար ընտրություններով, սոցիալական արդարությամբ, հանդուրժողականությամբ, սոցիալական շուկայական տնտեսությամբ, ազատ առևտրով, շրջակա միջավայրի պահպանությամբ և այլն: Այս արժեհամակարգերի վրա էլ հենց հիմնված են ժամանակակից քաղաքակիրթ երկրները: Փորձենք վերը թվարկված արժեքները տեղադրել մեր հասարակության մեջ ու կհամոզվենք, որ մենք դեռ գտնվում ենք հին ավատատիրական համակարգում, ու դեռ հսկայական ճանապարհ ունենք անցնելու:

Ազգայինը սոցիալական ազատականությանը հակադրելու ոչ մի հիմք չեմ տեսնում, քանզի թվարկածս արժեքային համակարգերը հենց միտված են տվյալ ազգի, ժողովրդի բարեկեցիկ ու հարմոնիկ գոյատևմանը: Եթե մեր հասարակության համար ազգայինն այն կառույցներն ու անհատներն են, որոնք վերջերս շրջում են Հայաստանի մարզերով, հիստերիկ շարժումներով ու դեմքի լուրջ արտահայտությամբ խոսում ազգային արժեքներից, ապա ինձ այդպիսի կեղծ արժեհամակարգ պետք չի: 21-րդ դարում անիմաստ է շահարկել ազգային դպրոց, ազգային համալսարան, ազգային կրթություն, ազգային տնտեսություն հասկացությունները, եթե երկրում բացակայում են օրենքի գերակայությունն ու օրենքի իշխանությունը, սոցիալական արդարությունը, ազատ շուկան: Բոլոր առումներով մոնոպոլացված հասարակությունը (տնտեսություն, քաղաքականություն, հեռուստաեթեր և այլն), եթե իրոք մտածում է զարգացման մասին, պետք է փորձի ձերբազատվել հենց այդ մոնոպոլիաներից: Այսինքն` ազգային զարգացումը պայմանավորված է տնտեսական և քաղաքական ազատականացմամբ:

-Ըստ Ձեզ, ե՞րբ են այս տեսակ համակարգերը փլվում, ե՞րբ է տեղի ունենում Ձեր նշած ազատականացումը:
-Ցավոք սրտի, մեր հասարակությունը Խորհրդային Միությունից եկող շատ խորը արմատներ ունի, երբ հասարակության միավորը` մարդը, վերածվեց Homo սովետիկուսի, ում մեջ ըմբոստությունն ամբողջովին «ջարդված» է, ով ենթարկվող, հետեւող, ընդհանուր գորշ միջավայրում համակերպվող, պահպանողականության մեջ ամբողջովին թաղված և իր ապագան չտեսնող մարդն է, ով ուղղակի ի վիճակի չէ նոր, ժամանակակից աշխարհն ընդունել այնպես, ինչպիսին այն կա: Ջորջ Օրուելն իր «1984»-ում շատ լավ բնորոշել էր այդ հասարությունը: Այս գործն ակտուալ է այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհում կան մեծ և մանր ավտորիտար ու տոտալիտար երկրներ:

-Փաստորեն ստացվում է` մեզանում կե՞ղծ հակասություններ են ազգայինի և ազատականի միջև:
-Չասենք կեղծ են, պարզապես դրանք կարծրատիպեր են, որոնք մենք չենք կարողանում որեւէ կերպ հաղթահարել: Հասարակությունն ինքն էլ հակասական վիճակում է, մեր ազգայնականությունը հակադրվում է ժամանակակից աշխարհին, իսկ ժամանակակից աշխարհը վաղուց արդեն հասկացել է, որ իր առանցքի կենտրոնում մարդն է, մարդու իրավունքները, իսկ իշխանությունն էլ պարտավոր է ծառայել տվյալ հասարակությանը:

-Իսկ ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է իշխանությունը որոշի գնալ բարեփոխումների ճանապարհով: Մենք տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանն ու վարչապետը հաճախ են խոսում երկրում բարեփոխումներ անցկացնելու մասին:
-Ես նրանց քայլերում հետևողականություն չեմ տեսնում: Երբ հավաքում են օլիգարխներին և ասում, որ չի կարելի, պետք է հարկերը մուծել, հարկային դաշտ գնալ, բայց անցնում է որոշ ժամանակ և հասկանում ենք, որ այդ հորդորն ուղղված էր բոլորին, բացի նրանցից, ովքեր իրականում տիրապետում են մոնոպոլիաներին, այսինքն` հարկային «տեռորն» ուժեղացնելու համար ուղղակի շոուի մասնակից են դարձնում օլիգարխներին և մոնոպոլիստներին: Մոնոպոլիաների և օլիգարխների դեմ պայքարելու համար պետք է դուրս գալ այդ դաշտից, ինքնամաքրվել, հետո նոր մտածել դրանց սանձելու մասին: Երբ օլիգարխներն են իշխանության հիմքերն ու պատվարը, մոնոպոլիաների դեմ պայքարը քաղաքական շոուի է վերածվում, կամ էլ սեփականության ու բիզնեսի նոր վերաբաժանումներ են տեղի ունենում:

Համատարած պաշտոնափոխությամբ կամ տեղերի փոփոխությամբ երկրում իրական բարեփոխումներ տեղի չեն ունենա: Հայաստանի պարագայում քաղբանտակյալների ազատ արձակումն արդարադատության նախարարության ֆունկցիան չէ, դա ընդամենը կարող է լինել քաղաքական կամքի դրսեւորում, այն է՝ քաղաքական որոշման կայացման խնդիր է: Ինչքան էլ բարի համբավ ունենա նորանշանակ արդարադատության նախարարը, նա չի կարող ազդել գործընթացների վրա: Քաղաքական տեղափոխություններն ու վերաձևումներն ընդամենը շոուի մասն են: Ցավոք, 2008-ից հետո ձևավորված խաղի կանոնները դեռ մնացել են նույնը:

-Շոուներն ի՞նչ են տալիս իշխանություններին:
-Թեեւ երբեք Հայաստանը կայսրություն չես անվանի, որովհետեւ մենք վերջին 200 տարում ընդամենը Ռուսաստանի կայսրության ծայրագավառ ենք, բայց Հին Հռոմից եկող մի շատ հայտնի խոսք կա`ժողովրդին հաց և տեսարաններ. սա հիմա տեսնում ենք մեր հասարակության մեջ, երբ, օրինակ, երկիրը ճգնաժամի մեջ է, բայց նոր տարին մեծ շուքով ենք նշում, հայտնի երգիչներ են գալիս Հայաստան, շոուներ են կազմակերպվում, նավ ենք ուղարկում ծովային ճամփորդության, ամենաերկար ճոպանուղին ենք կառուցել, տասնյակ տոնածառեր քաղաքի տարբեր մասերում... այս ամենն իսկապես փորձ է ժողովրդին շեղելու կարեւոր խնդիրներից:

-Ապագան այդքան անհո՞ւյս է:
-Ոչ, նոր սերունդը բավական խոտումնալից է: Այսօրվա երիտասարդության մեջ փոքր թիվ չեն կազմում նրանք, որոնք տիրապետում են ժամանակակից աշխարհի հզոր զենքին՝ նոր կամ այլընտրանքային մեդիա ռեսուրսներին: Ժամանակակից աշխարհը գնալով միաձուլվում է մեդիա աշխարհին, եւ հասարակության մեջ վճռորոշ դեր կունենան այն մարդիկ, ովքեր տիրապետում են նոր մեդիային, ինչը հիմնականում փոխկապակցված է համացանցի հետ: Այսօրվա երեխաները նոր մարդիկ են՝ նեոանտրոպներ, որոնք բացարձակ որեւէ կապ չունեն նշածս Homo սովետիկուսի հետ: Նրանք կապված են լինելու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին, որոնց նկատմամբ վերահսկողությունը շատ դժվար է լինելու իրականացնել: Վերջին երկու տարում մենք արդեն տեսնում ենք, թե մեզանում որքան է առաջ գնացել նոր մեդիայի օգտագործումը և թե աստիճանաբար ինչպես ենք վերածվում օնլայն հասարակության:

-Դուք դասախոսում եք, Ձեր ուսանողների մեջ նկատե՞լ եք այդ նեոմարդը:
-Ես ավելի փոքր տարիքի մասին եմ խոսում: Ցավոք սրտի, վերջին 20 տարվա մեջ մեր դպրոցը, մանկապարտեզը, համալսարանները հիմնահատակ քանդվեցին և փոխարենը ոչինչ չստեղծվեց: Պատմության ընթացքում, երբ քաղաքական այրերը գիտակցում են, որ հասարակության զարգացման գրավականը սերնդի կրթությունն է, ազգի մտավոր զարգացումը և գիտելիքը, այդ ժամանակահատվածում էր մեր հասարակությունը մեծ թռիչքներ ապրում: Օրինակ` Վռամշապուհի ժամանակ, երբ հայոց արքան Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի հետ միասին երկիրը հանեց ամբողջ 4-րդ դարը ուղեկցող մտավոր խավարից: Կիլիկյան Հայաստանում նույնը տեղի ունեցավ Լևոն Մեծագործի օրոք, երբ զարկ տրվեց երկրի կրթությանը, բացվեցին աշխարհիկ դպրոցներ և նույնիսկ աշխարհիկ համալսարան, ահա այդ ժամանակ էլ հայ հասարակությունը մեծ թռիչքներ ապրեց:

Երբ դպրոց հասկացությունը դուրս է մղվում երկրի առաջնահերթություններից և այն դառնում է հաճախելու մի վայր, որտեղ երեխաները գրեթե ոչինչ չեն ստանում, բացի ժամանակ վատնելուց, այդպիսի հասարակությունն ապագա չի կարող ունենալ: Եվ մեր երկրի քաղաքական ուժերը պետք է գիտակցեն, որ եթե ուզում են ստեղծել ժամանակակից հասարակություն, ուժեղ պետություն, պետք է դպրոցը վերափոխել: Իհարկե, չպետք է սպասել, որ հասարակության զարգացման որեւէ փուլում ինչ-որ բան կփոխվի առանց միջամտության, փոփոխությունները պետք են առաջին հերթին մարդկանց գիտակցության մեջ, անձնական և հասարակական շահերի ինչ-որ համադրություն, բալանս է պետք, որտեղ մարդը գիտակցի, որ իր անձնական շահից այն կողմ կա նաև հասարակական շահը:

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
«Լրագիր» 17-1-2011

No comments: