Monday, January 17, 2011

Լիբանանի հայությունը չի անցնի կարմիր գիծը. Խորհրդարանի հայ անդամ

HayNews.am. 17-1-2011- Լիբանանի խորհրդարանի անդամ, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարչության փոխատենապետ Սեպուհ Գալփակյանը, անդրադառնալով Լիբանանի կառավարության հրաժարականին և այդ հայահոծ երկրում տիրող վերջին իրադարձություններին, Ուրուգվայի հայկական «Արաքս» ռադիոյին փոխանցել է հետևյալը.
«30 անդամ ունեցող կառավարության կաբինետի 11 նախարարներ հրաժարական են ներկայացրել: Մեկ երրորդի հրաժարականի պարագայում կառավարությունը դառնում է հրաժարյալ` ըստ լիբանանյան սահմանադրության: Հետևաբար, այսօր մենք չունենք կառավարություն, այլ վարչապետ, որ ժամանակավորապես աշխատանքներ է իրականացնում` մինչև նոր կառավարության ձևավորում: Ի սկզբանե, ընդդիմության նպատակները հստակ էին. մեկ խնդիր կար, որ իրենց կանհանգստանի. ընդամենը ժամերի հարց է ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից` նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության հարցով նախնական վճռի հրապարակումը: Սա եղած խնդիրներից ամենասուրն է, որ քննարկվում էր ամիսներ ի վեր: Մենք անգամ չգիտենք` վճռի բովանդակությունն ինչպիսին է, սակայն դիմացի խմբավորումն արդեն ինքն իրեն մեղադրյալի տեղ է դրել, և ցանկանում է խուսափել մի վճռից, որ անգամ մեր` խորհրդարանի անդամների համար անորոշ է, թե ինչպիսւ պարունակություն ունի: Հետևաբար, գլխավորը հենց միջազգային դատարանի խնդիրն է, որ 5 տարի ի վեր քննարկում է նահատակ վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության հարցը: Խորհրդարանական բոլոր խմբակցություններն առաջիկայում հանդիպումներ պետք է ունենան, որովհետև երկրի նախագահ Միշել Սուլեյմանը խորհրդակցությունների հրահանգ է տվել` նոր վարչապետի անունը որոշելու համար»:
Լիբանանի հնչակյան պատգամավորը, սակայն, նկատել է, որ իրենց համար շատ հստակ է. թե «գործող վարչապետ Սաադ Հարիրին վայելում է ժողովրդի մեծամասնության վստահությունը, ինչի վկայությունն է նաև 2009-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Մենք առաջարկում ենք հենց նրա անունը: Սաադ Հարիրին կարող էր 2009-ին միայնակ կառավարություն կազմել, քանի որ բացարձակ մեծամասնություն էր, սակայն ցանկացավ բոլոր ուժերին ներառել: Ընդդիմությունը, սակայն, ամեն ինչ արեց` խափանելու կառավարության աշխատանքներ` այս ծանր պայմաններում երկիրը թողնելով առանց կառավարության: Սաադ Հարիրիի իրավունքն է կրկին դառնալ վարչապետ: Այստեղ երկընտրանք չկա, կամ նա պետք է լինի, կամ իր անվանած անձը»:
Լիբանանի հայկական համայնքը նույնպես քաղաքական հարցերում տարբեր մոտեցումներ ունի: Եթե ՍԴՀԿ-ն պաշտպանում են վարչապետ Հարիրիին, ապա Դաշնակցությունն ընդդիմություն է, և «Հըզբոլլահի» հետ է համագործակցում: Այն հարցին, թե ներհամայնքային դժվարություններ չե՞ն առաջանա, Սեպուհ Գալփակյանը նկատեց.
«Ես չեմ կարծում, որ կհասնենք այնտեղ, որ ներքին խնդիրներ կառաջանան: Մենք ՌԱԿ-ի և ՀՅԴ-ի հետ ունենք պարբերական հանդիպումներ: Որոշում ունենք, որ բախումների պարագայում մեր սահմանը պետք է իմանանք, և խնդիրները չպետք է բերենք համայնքից ներս: Հետևաբար, մենք շատ զգույշ ենք: Ժամանակին Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին նման նախադեպ եղավ: Գտնվում էին տարբեր «խրամատների» մեջ, սակայն դրական չեզոքություն պահպանեցինք և խուսափեցինք բախումներից: Բոլորն էլ գիտեն, որ մեզ համար դա կարմիր գիծ է, և պետք չէ, որ այնտեղ հասնենք: Կարող եմ ասել, որ չնայած սուր և լարված վիճակ է, Լիբանանի բոլոր քաղաքական ուժերը խոստանում և կոչ են անում բռնությունների չդիմել, որովհետև բռնությունը կամ քաղաքացիական պատերազմը ժամանակին ցույց տվեց, որ որևէ հարցի լուծում չէ, այլ ընդհակառակը, բռնություն գործադրողն ինքն է առաջինը տուժելու, քանի որ ողջ միջազգային հանրությունը ուշի ուշով հետևում է մեր կացությանը: Կարծում եմ, որ ամեն ինչ կմնա քաղաքական հարթության մեջ: Երկրի նախագահը հրահանգել է բանակին լինել զգոն և ամեն ինչ անել, որպեսզի օրենքի խախտում տեղի չունենա»:
Նա նաև հավելել է, որ «Հույս ունեմ, որ հայությունն էլ անվնաս կանցի այս հանգրվանը, չնայած հստակ է, որ իբրև լիբանանյան քաղաքական ուժեր, մենք ունենք առանձին մոտեցումներ»:

No comments: